HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

«Վանեցյանն իր հայտարարությամբ սկսում է քաղաքական կարիերան». ԱԺ խմբակցություններն անդրադարձան ԱԱԾ տնօրենի հրաժարականին

Ազգային Ժողովի ճեպազրույցներին բոլոր խմբակցություններն էլ անդրադարձան Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականին։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի կարծիքով՝ Արթուր Վանեցյանն հրաժարականի տեքստով սկսում է իր քաղաքական կարիերան։

«Բնականաբար իշխանության ներքին ինֆորմացիայի չենք տիրապետում, բայց որոշակի քաղաքական ինտուիցիան հուշում է, որ պարոն Վանեցյանի կողմից արված հայտարարությունները հեռուն գնացող հայտարարություններ են։ Այդ հայտարարություններով նա սկիզբ է դնում իր քաղաքական գործունեությանը և փորձելու է քաղաքական ճանապարհով շարունակել իր գործունեությունը, միգուցե դա լինի կուսակցություն բացելով, չգիտեմ, բայց այդ հայտարարության մեջ մենք քաղաքական գործունեություն ենք տեսնում»,- ասաց նա։

Մարուքյանի համար անսպասելի է եղել Վանեցյանի հրաժարականի դիմումը, հատկապես այն պարագայում, երբ վերջինս գործադիրի թերևս ամենաբարձր վարկանիշ ունեցող գործիչներից է եղել։ Մարուքյանն անդրադարձավ նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» իրենց հեղինակած նախագծին, որը երեկ խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց, ինչին և հաջորդեց Վանեցյանի հրաժարականը։ Մարուքյանի խոսքով՝ մամուլում ապատեղեկոտվություն է տարածվել, որ իրենք հեղինակել են մի նախագիծ, ըստ որի ԱԱԾ տնօրեն և ոստիկանապետ կարող է լինել ցանկացած անձ, այն դեպքում, երբ ըստ նախագծի վերջիններիս թեկնածուներին ներկայացվելու են պատգամավորի թեկնածուներին ներկայացվող պահանջները։

Էդմոն Մարուքյանը կրկին պնդեց, որ ԱԱԾ-ն պետք է լինի կառավարության կազմում և ենթակա խորհրդարանին։

Ինչ վերաբերում է այն պնդումներին, որ կա որոշակի կապ իրենց հեղինակած նախագծի և Վանեցյանի հրաժարականի միջև, Էդմոն Մարուքյանն ասաց, որ նախագիծը հեղինակել են դեռևս հունիսին, երբ չէին էլ կարող ենթադրել, որ իրադարձությունները նման կերպ կարող են զարգանալ։

Մյուս ընդդիմադիր՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները չշտապեցին գնահատական տալ Արթուր Վանեցյանի հրաժարականի տեքստին։ Խմբակցության քարտուղար Արման Աբովյանն ասաց՝  տեղեկությունը լիարժեք չէ։

«Ակնարկները որոնք կային, երկու հայտարարության մեջ, դե պարզ է, մենք կարող ենք ենթատեքստեր փնտրել, որոշակի հետևություններ անել, սակայն հաշվի առնելով հարցի քաղաքական ակնկալիքները, կարծում եմ մինչև գոնե մի քիչ հստակություն չլինի, մի քիչ դժվար է գնահատական տալ»,- ասաց նա։

Նույն խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն էլ շեշտեց՝ ամբողջական չեն տիրապետում ինֆորմացիայի, ուստի ակնարկների հիման վրա հետևություններ անելը «լավագույն ճանապարհը չէ»։ Պատգամավորին մեկ այլ բան է զարմացնում, որ մինչ երեկ մեծ հեղինակություն վայելող Արթուր Վանեցյանը, որին գովասանական խոսքեր էին պարբերաբար ձոնվում, մեկ օրում դարձավ հակահերոս։

«Կարծում եմ՝ պարոն Վանեցյանն առիթ կունենա ասել, թե ինչ էր ակնարկում իր հրաժարականի տեքստում և պատկան մարմինները հնարավորություն կունենան սրա հետ կապված մեկնաբանություններ ստանալ. գնդակը բացառապես իշխանության դաշտում է, պետք  լույս սփռեն այս գործընթացի վրա»,- ասաց Տոնոյանը։

Ինչ վերաբերում է քաղաքական մեծամասնության՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին, ապա վերջիններս ասացին՝ մանրամասների չեն տիրապետում։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն այն հարցին, թե ինչպես կմեկնաբանի Արթուր Վանեցյանի հրաժարականի տեքստը, ասաց.

«Վարչապետի խոսնակը բավականին հանգամանալից անդրադարձել է այդ տեքստին, ավելացնելու ոչինչ չունեմ։ Ես չէի ասի հրաժարական, քանի նշանակովի պաշտոններից հրաժարականներ չեն լինում, ըստ էության ազատման հետ գործ ունենք։ Նա հեռացել է, և այդ հարցին անդրադարձել է վարչապետն իր ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով բոլոր հարցերին։ Ինձ համար հստակ է, որ պարոն Վանեցյանն ըստ էության չի համապատասխանել այն պատկերացումներին, որն ունեցել է քաղաքական մեծամասնությունը»։

Նույն խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանն էլ ասաց, որ ամենևին էլ պարտադիր չէ, որ իշխող խմբակցության 88 պատգամավորներն էլ իմանան, թե ինչ խնդիր է եղել գործադիրի ղեկավարի և ԱԱԾ նախկին տնօրենի միջև։ Պատգամավորի խոսքով՝ այն ինֆորմացիան, որը հայտնել է վարչապետը, ամբողջովին բավարարում է իրեն, և եթե այլ մանրամասների տիրապետի, ապա դրանից որպես օրենսդիր իր ՕԳԳ-ն չի բարձրանալու։

Հիշեցնենք, որ երեկ Վանաձորում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ստորագրել է միջնորդագիր ԱԱԾ տնօրենին պաշտոնից ազատելու մասին, որին հետևեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի մասին հայտարարությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter