
Ոստիկանապետի պաշտոնակատարը 2018 թվականին 44 մլն դրամ փոխառություն է ստացել
Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը 2018թ. թվականին ձեռք է բերել 50,7 միլիոն դրամ արժողությամբ բնակարան, 3,3 միլիոն դրամ արժողությամբ ավտոտնակ և հողամասին ամրակցված անշարժ գույք՝ 1,4 միլիոն դրամ արժեքով: Այս մասին հայտնի է դառնում Արման Սարգսյանի գույքի և եկամուտների 2018թ. տարեկան հայտարարագրից:
Հարկային տարվա սկզբում Արման Սարգսյանի դրամական միջոցները կազմել են 12 միլիոն դրամ և 15 հազար դոլար: Տարեվերջին ոստիկանապետի պաշտոնակատարի արտարժույթով դրամական միջոցները ավելացել են 2 հազար դոլարով՝ կազմելով 17 հազար դոլար, իսկ ազգային արժույթով դրամական միջոցները՝ պակասել 4 միլիոն դրամով:
Ոստիկանապետի պաշտոնակատարը 2018թ. պատկառելի եկամուտներ է ունեցել: Մասնավորապես ստացել է 44,4 միլիոն դրամի փոխառություն, իսկ աշխատանքի դիմաց ստացած վարձատրությունը կազմել է 5,6 մլն դրամ: 2018 թվականի ընթացքում Արման Սարգսյանը ստացել է նաև 13 հազար ԱՄՆ դոլարի և 100 հազար ռուսական ռուբլու նվիրատվություն:
Արման Սարգսյանի հետ համատեղ բնակվում են նաև նրա կինը և երկու անչափահաս երեխաները: Կնոջ՝ Լիլիթ Սարգսյանի դրամական միջոցները 2018թ. կազմել են 10 միլիոն դրամ և 5 հազար ԱՄՆ դոլար: Հարկային տարվա ընթացքում Լիլիթ Սարգսյանի դրամական միջոցների փոփոխություն տեղի չի ունեցել: Եվս 2,7 մլն դրամ կազմել է Լիլիթ Սարգսյանի աշխատավարձը:
Հիշեցնենք, որ Արման Սարգսյանը ոստիկանապետի պաշտոնակատար էր նշանակվել սեպտեմբերի 19-ին՝ Վալերիյ Օսիպյանի՝ ոստիկանապետի պաշտոնից ազատվելուց մեկ օր անց: Մինչ այդ Արման Սարգսյանը զբաղեցնում էր ոստիկանության պետի առաջին տեղակալի պաշտոնը:
Մեկնաբանել