HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ծառուկյանն անսաց կապանցիների կոչին

Այսօր Կապանի համայնքապետարանում նախատեսված էր «Արարատցեմենտ» ՓԲԸ-ի կողմից Կապանում ցեմենտի աղացման արտադրամաս կառուցելու վերաբերյալ հանրային չորրորդ լսումը: Այն, սակայն, տեղի չունեցավ, քանի որ ընկերությունից ներկայացուցիչներ չէին եկել Կապան, չնայած համայնքապետարանում արդեն հավաքվել էին արտադրամասին դեմ արտահայտվող քաղաքացիներ:  

Կապանի համայնքապետի մամուլի քարտուղար Հասմիկ Հարությունյանը «Հետքին» հայտնել է, որ իրենք ՓԲԸ-ից պաշտոնական պատասխան չեն ստացել չներկայանելու պատճառների մասին: 

Իր հերթին շրջակա միջավայրի նախարարությունը պաշտոնական կայքում հայտնել է, որ հանրային չորրորդ քննարկումը չի կայանալու: «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ազգանուշ Դռնոյանը «Հետքի» հետ հեռախոսազրույցում նշել է, որ ընկերությունը տեղեկացրել է, թե չի ցանկանում փորձաքննել փաստաթղթերը եւ դադարեցնում է փորձաքննական գործընթացը:

Ա. Դռնոյանի փոխանցմամբ՝ ձեռնարկողի լիազորությունների մեջ է մտնում ՊՈԱԿ-ին փորձաքննության համար դիմելուց հետո ցանկացած պահի գործընթացը դադարեցնելն ու փաստաթղթերը հետ վերցնելը: 

Հարցին, որ եթե ընկերությունը դարձյալ դիմի փորձաքննության համար, ապա արդյոք նոր ՇՄԱԳ փաստաթուղթ է ներկայացնելու, եւ արդյոք հանրային քննարկումներն սկսվելու են մեկնարկային կետից, Ա. Դռնոյանը պարզաբանեց, որ ձեռնարկողը կարող է ներկայացնել նույն փաստաթուղթը՝ հաշվի առնելով, որ ինչ-որ կետի հասել են, որի համար ընկերությունը նաեւ գումար է վճարել, սակայն դա կախված է նաեւ կրկին դիմելու ժամանակից:

Իսկ ինչ վերաբերում է նորից դիմելու դեպքում հանրային լսումները ամենասկզբից կամ դադարեցման պահից (այս դեպքում՝ 4-րդ լսումից) վերսկսելուն, ՊՈԱԿ-ի ղեկավարը հայտնեց, որ այս դա չի դիտարկվել օրենքում, օրենսդրորեն կարգավորված չէ: Ազգանուշ Դռնոյանը նաեւ նշեց, որ, իր կարծիքով, դա պայմանավորված է նաեւ ձեռնարկողի՝ նորից դիմելու ժամկետով. եթե, օրինակ, 1 շաբաթ հետո է դիմում, ապա իմաստ չի ունենա զրոյից սկսել, քանի որ այդ ժամանակահատվածում ոչինչ չի կարող փոխվել՝ տեխնիկական լուծումներ, բնապահպանական պայմաններ կամ շրջակա միջավայրի բնութագրեր, սակայն եթե դիմի, օրինակ, 5 տարի անց, այդ մասին խոսելն արդեն անիմաստ կլինի, ու հանրային լսումները պետք է նորից սկսել:

Դռնոյանի խոսքով՝ օրենքով սահմանված կետ կամ լուծումներ չկան, թե փորձաքննական գործընթացը շարունակելու համար ձեռնարկողը երբ կարող է նորից դիմել, այսինքն՝ անժամկետ է, եւ ձեռնարկողի իրավունքն է՝ երբ ցանկանա, կարող է կրկին դիմել:

«Արարատցեմենտը» ՊՈԱԿ-ին տեղեկացրել է, որ փորձաքննական գործընթացը դադարեցնելու վերաբերյալ գրավոր հիմնավորում կներկայացնի: Ա. Դռնոյանը մեզ հայտնեց, որ հիմնավորումը հանրայնացնելու օրենսդրական պահանջ չկա, սակայն եթե հանրությունը ցանկանա տեղեկանալ այդ մասին, ապա փաստաթուղթը կտրամադրեն:

Ա. Դռնոյանի հետ մեր զրույցից հետո հայտարարությամբ է հանդես եկել «Արարատցեմենտի» սեփականատեր Գագիկ Ծառուկյանի «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրենների խորհուրդը՝ մասնավորապես նշելով հետեւյալը. «Կոնցեռնի տնօրենների խորհուրդը, հաշվի առնելով «Մուլտի Գրուպ» կոնցեռնի սեփականատեր Գագիկ Ծառուկյանի կողմից մշտապես հնչեցված այն տեսակետը, որ ցանկացած հարցում պետք է ականջալուր լինել ժողովրդի ցանկությանը, որոշում է կայացրել կասեցնել Կապան համայնքում ցեմենտի արտադրամասի կառուցապատման գործընթացները»:   

Հիշեցնենք, որ կապանցի ակտիվիստներն ու բնապահապանները տեւական ժամանակ դեմ էին հանդես գալիս Կապանի մուտքի մոտ՝ օդանավակայանի հարեւանությամբ ցեմենտի աղացման արտադրամաս կառուցելու ծրագրին: Նրանք պարբերաբար բոյկոտել եւ խոչընդոտել են համայնքապետարանում կազմակերպվող հանրային լսումների անցկացումը: Նախորդ շաբաթ էլ Կապանի քաղհասարակության ներկայացուցիչները ստորագրահավաք էին սկսել «Արարատցեմենտի» կողմից արտադրամաս կառուցելու դեմ: Բացի դրանից՝ Կապանում գործող 10 հասարակական կազմակերպություններ բաց նամակ էին ուղղել Գագիկ Ծառուկյանին, որտեղ հայտնել են իրենց մտահոգությունները:

«Մենք կտրականապես դեմ ենք բնակելի տարածքներին մոտ, օդանավակայանի հարեւանությամբ, Կապան քաղաքի մուտքային հատվածում ցեմենտի աղացման արտադրամասի շահագործմանը, սակայն դեմ չենք լինի քննարկել արտադրամասի կառուցումը սակավաբնակ կամ չբնակեցված մեկ այլ վայրում»,- նշել էին նամակի հեղինակները եւ հույս հայտնել, որ հանրության շրջանում առկա մտահոգությունները Ծառուկյանը չի անտեսի, կվերանայի իր մոտեցումները նշված հարցի վերաբերյալ ու նախքան հերթական հասարակական լսումն իր հստակ դիրքորոշումը կհայտնի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter