HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

«Կարմիր խաչի» ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գտնվող ՀՀ 2 քաղաքացիներին

«Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակի աշխատակիցներն այցելել են Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացի Արա Ղազարյանին: Այս մասին «Հետքի» հետ զրույցում ասաց ԿՄԽԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին: Սա արդեն երկրորդ այցելությունն է, առաջին այցելությունը եղել է օգոստոսին:

Հիշեցնենք, որ դեռևս օգոստոսի 12-ին թե՛ ՊՆ-ն, թե՛ ՊԲ-ն հայտարարել էին, որ զինված ուժերի զինծառայող Արայիկ Հայկի Ղազարյանը Ֆիզուլիի ուղղությամբ անցել է հայ-ադրբեջանական սահմանը և հայտնվել հակառակորդի տարածքում:

Մինչ այժմ չկա պաշտոնական դիրքորոշում, թե ինչ հանգամանքներում է զինծառայողը հայտնվել հակառակորդի տարածքում: Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը օգոստոսի 13-ին լրագրողների հետ զրույցում կարծիք էր հայտնել, որ զինծառայողն աշխարհագրորեն մոլորվել է տեղանքում: Նախարարը նաև հայտնել էր, որ կատարվածի վերաբերյալ հետաքննություն է ընթանում:

Ինչ վերաբերում է Արայիկ Ղազարյանի առողջական վիճակին, պահման պայմաններին և այլն, Զառա Ամատունին մանրամասներ չհաղորդեց՝ ասելով, համագործակցությունը կոնֆիդենցիալ է:

ԿՄԽԿ Բաքվի գրասենյակի ներկայացուցիչները սեպտեմբեր ամսվա ընթացքում այցելել են նաև Ադրբեջանում գտնվող ՀՀ մեկ այլ քաղաքացու՝ Բերդավանի բնակիչ Կարեն Ղազարյանին:

Մեր դիտարկմանը, որ ըստ ադրբեջանական մամուլի տեղեկությունների՝ Բաքուն պատրաստ է փոխանակել գերիներին, ԿՄԽԿ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչն ասաց, որ «Կարմիր խաչը» նման մանդատ չունի, սակայն եթե նման որոշում կայացվի, իրենք պատրաստ են իրենց մանդատի շրջանակում երկխոսություն վարել կողմերի միջև՝ ստանձնելով միջնորդի դեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter