
4 վազորդ 100 կմ կվազի՝ կարիքավոր երեխաներին օգնելու համար
Նաիրա Մարգարյանը պրոֆեսիոնալ վազորդ է: Անկախ եղանակից՝ նա վազում է, ինչը ոչ միայն առողջարար է, այլեւ օգուտ է բերում անապահով ընտանիքներին, հաշմանդամություն ունեցող երեխաներին:
Նաիրան «Գլոբալ զարգացման առաքելություն» ՀԿ-ի նախագահն է, որի կենտրոն է հաճախում Դաունի համախտանիշ, մանկական ուղեղի կաթված, աուտիզմ, էպիլեպսիա ունեցող ավելի քան 50 երեխա, որոնք մեծամասամբ կարիքավոր ընտանիքներից են: Կենտրոնում նրանք անցնում են արտթերապիայի, սպորտթերապիայի անվճար դասընթացներ, բացի դրանից՝ տարվա ընթացքում այս ընտանիքներին տրամադրում են հագուստ, սնունդ, երբեմն նաեւ կոմունալ վճարներն են կատարում: Երեխաները տարվա ընթացքում 4 անգամ մասնակցում են վազքի մարաթոնների, ծախսերը հոգում է կենտրոնը: Կենտրոնը ֆինանսավորվում է տարբեր կազմակերպությունների կողմից փոքր դրամական աջակցությամբ կամ Նաիրայի ամենօրյա վազքի միջոցով:
«Հետքը» գրել է նախորդ տարի՝ դեկտեմբերի 25-ին, Նաիրայի եւ Սուրեն Կաժոյանի վազքի մասին: Վայոց ձորի Ելփին գյուղից նրանք վազելով հասել էին Երեւանի Հանրապետության հրապարակ՝ անցնելով շուրջ 100 կմ, որպեսզի օգնեն կարիքավոր երեխաներին: Նախքան վազքը Նաիրան ու Սուրենը վաճառքի էին հանել 131 հազար քայլ (մեկ քայլը՝ 200 դրամ կամ 0,45 դոլար), որպեսզի տուն գնեն Դաունի համախտանիշ ունեցող 11-ամյա Արմանի համար, իսկ մնացած միջոցներով հոգան «Մանկական զարգացման հիմնադրամ» ՀԿ-ի եւ Նաիրայի ղեկավարած կազմակերպության մոտ 100 երեխաների կարիքները: Վազքի եւ քայլերի վաճառքի արդյունքում հաջողվել էր հավաքել 2470 դոլար, որից 470-ը հատկացրել էին վազքի ժամանակ իրենց ուղեկցող մեքենաների ծառայության համար, իսկ մնացած գումարով, Նաիրայի փոխանցմամբ, 6 ամիս կարողացել են պահել «Գլոբալ զարգացման առաքելություն» ՀԿ-ի կենտրոնը («Մանկական զարգացման կենտրոնը» հրաժարվել էր իրեն հասանելիք գումարից):
«Մենք խնայողական ռեժիմով ենք շարժվում»,- նշում է Նաիրա Մարգարյանը: Բացի երեխաներին ուղղվող ծախսերից՝ կենտրոնը նաեւ 3-4 աշխատատեղ է ապահովում: Սակայն հիմնական խնդիրներից մեկը տարածքի վարձակալության գումարն է: Այս տարի Նաիրան դիմել էր երկու կազմակերպությունների՝ իրենց կենտրոնին աջակցելու համար, սակայն, ինչպես ասում է, ոչ մեկի համար հեշտ ժամանակներ չեն, հետեւաբար ինքն ստիպված է կրկին նախաձեռնել վազք՝ ի աջակցություն հաշմանդամություն ունեցող կարիքավոր երեխաների:
Հոկտեմբերի 19-ին՝ առավոտյան ժամը 5-ին, վազորդներ Նաիրա Մարգարյանը, Քրիստինա Վարդանյանը, Գեւորգ Թորոսյանն ու Նարեկ Դալլաքյանը Վայոց ձորի Չիվա գյուղից վազելու են ուղիղ 100 կմ մինչեւ Երեւանի Հանրապետության հրապարակ: Նաիրայի խոսքով՝ առայժմ 4 հոգի են, բայց մինչեւ մեկնարկը գուցե գտնվեն մարդիկ, ովքեր կմիանան իրենց: Այս անգամ վազքից ստացած հասույթն ուղղվելու է «Գլոբալ զարգացման առաքելություն» ՀԿ-ի սպորտթերապիայի դասընթացների կազմակերպմանը, որոնց հաշմանդություն ունեցող եւ սոցիալապես անապահով ավելի քան 50 երեխա է հաճախում:
Gogetfunding.com-ում արդեն մեկնարկել է դրամահավաքը: Վազքուղու յուրաքանչյուր մետրը վաճառվում է 30 դրամով կամ 0,06 դոլարով: Նախատեսվում է հավաքել 6700 դոլար, որը հնարավորության դեպքում կծախսվի նաեւ կենտրոնի տարածքի վարձակալության հարցը լուծելու համար, ինչը, ըստ Նաիրայի, ամենամեծ խնդիրն է իրենց համար: Ասում է, որ եթե տարածքը մեծ լիներ, հնարավոր կլիներ նաեւ արտթերապիայի, սպորտթերապիայի վճարովի խմբակներ բացել, որից ստացած գումարով կկարողանային հոգալ մյուսների ծախսերը:
«Մեզ շատ բան պետք չէ իրականում: Եվ այնպես չէ, որ կենտրոնացել եմ գումար հավաքելու վրա, անկախ արդյունքից՝ մենք շարունակելու ենք մեր վազքը, մեր գործունեությունը»,- ասում է Նաիրա Մարգարյանը:
Լուսանկարը՝ Ն. Մարգարյանի ֆեյսբուքյան էջից. Արագածի հարավային գագաթին
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել