HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ելփինից Երևան են վազել՝ 100 երեխաների օգնելու համար

Երեկ՝ առավոտյան 05:03-ին, Վայոց ձորի Ելփին գյուղից Նաիրա Մարգարյանն ու Սուրեն Կաժոյանն սկսել են վազել դեպի Երևան: Մինչև Հանրապետության հրապարակ նրանք նախատեսել էին անցնել 100 կմ: Վազորդները Երևան են հասել 20:35-ին: Բուն վազքը տևել է 13 ժամ 52 րոպե (ընթացքում փոքր ընդմիջումներ են եղել): Նաիրայի ու Սուրենի նպատակն է վազքի ընթացքում կատարած քայլերը վաճառել ու փոփոխություն բերել ինչ-որ մեկի կյանքում:  «Indiegogo» կայքում դեկտեմբերի սկզբից մեկնարկել է դրամահավաքը: Ելփինից մինչև Երևան կատարած 131 հազար քայլը վաճառվում է, յուրաքանչյուրի գինը 200 դրամ է: Արդեն 1994 դոլարի քայլ է գնվել:

Վազորդներն իրենց քայլերը նվիրել են Դաունի համախտանիշ ունեցող 11-ամյա Արմանի համար տուն գնելուն, ինչպես նաև «Մանկական զարգացման հիմնադրամ» և «Գլոբալ զարգացման առաքելություն» ՀԿ-ների շուրջ 100 երեխաների կարիքներին, մասնավորապես՝ արտթերապիային և սպորտթերապիային: Դրամահավաքի ավարտին դեռ 37 օր կա:

Նաիրան այնքան աշխույժ, կենսախինդ է խոսում, որ, կարծես, երեկ 100 կմ ինքը չի վազել: Ասում է, որ մեծ ուրախություն է զգում, քանի որ նախ հաջողվեց համատեղել միտքն ու ֆիզիկական պատրաստվածությունը, և երկրորդ՝ իրականացնել իրենց առջև դրված խնդիրը: Նշում է, թե երբ 80 կմ-ից հետո ոտքերդ չեն ուզում գնալ, հոգուդ ջերմությունն ու լավ նպատակին ուղղված քայլն առաջ են տանում քեզ: Ավելացնում է նաև վազքը սիրելու գործոնը:

Ն. Մարգարյանը «Գլոբալ զարգացման առաքելություն» ՀԿ-ի հիմնադիրն է, որն աշխատանքներ է իրականացնում հատկապես խոցելի խավի կենսապայմանների բարելավման ուղղությամբ, կազմակերպվում են արտթերապիայի դասընթացներ, այցելություններ ընտանիքներ: Նա նաև «Հայսթեփ» նախաձեռնության հիմնադիրն է:

Նաիրան ամերիկյան «Չարիթի Մայլս» կազմակերպության անդամ է («Charity Miles». բառացի նշանակում է բարեգործական մղոններ): Նա իր վազքով օգնել է Տանզանիայում քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանը:

Սուրեն Կաժոյանն էլ աշխատում է «Քեյ Փի Էմ ՋԻ Արմենիա» (KPMG) աուդիտորական կազմակերպությունում, նաև «Tri Club»-ի անդամ է: Երեկվա վազքի մասին Սուրենն ասում է, որ էական չէր, թե ինչքան ցուրտ, դժվար կլիներ: Սկզբից էլ որոշել էին, որ 100 կմ-ն վազելու էին՝ ոչ միայն ապացուցելու, որ կարող են դա անել, այլև քանի որ դա անելու էին երեխաների համար:

«Հիմա մտածելով վազքի մասին՝ երազ է թվում, աննկարագրելի և անմոռանալի է, թե ինչ զգացմունքներ ապրեցինք այդ 15 ժամվա ընթացքում՝ լինի դա առաջին 20 կմ-ն ձյան միջով վազելը թե վերջին 10 կմ-ն՝ Երևանի մեջ: Խորհուրդ չէի տա ուրիշներին 100 կմ վազել, բայց շատ ուրախ եմ, որ ես վազեցի: Նաև ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր լավ աջակցող անձնակազմին, ովքեր օգնեցին այս ամենին»,- ասում է Սուրեն Կաժոյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter