HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատարանը վարույթ է ընդունել ՊԵԿ նախկին նախագահի հայցն ընդդեմ «Հետաքննող լրագրողներ»-ի

Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Ալեքսեյ Սուքոյանի, վարույթ է ընդունել Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Վարդան Հարությունյանի հայցադիմումն ընդդեմ «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի` պատվին եւ արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման եւ զրպարտություն համարվող փաստական տվյալները հրապարակայնորեն հերքելուն պարտավորեցնելու պահանջների մասին։

ՊԵԿ նախկին նախագահը պահանջում է հերքել «Հետքում» այս տարվա օգոստոսի 7-ին հրապարակված «ՀԴՄ-ները կառավարության գաղտնի որոշումով ձեռք են բերվել բարձր արժեքով. հարուցվել է քրեական գործ» հոդվածում զրպարտություն համարվող տվյալները և «Հետաքննող լրագրողներ»-ից հօգուտ իրեն բռնագանձել 1 դրամ՝ որպես փոխհատուցում։

Վիճարկվող հոդվածի հիմքում, հիշեցնենք, ՊԵԿ-ի տարածած հաղորդագրությունն էր, որը վերաբերում էր հսկիչ-դրամարկղային մեքենաների (ՀԴՄ) ձեռքբերման գործընթացին եւ ՊԵԿ-ի կողմից գնահատվել էր որպես «ակնհայտ անշահավետ գործարք Հայաստանի Հանրապետության համար»։

Կոմիտեն նշել էր, որ հսկիչ-դրամարկղային մեքենաների պայմանագրային արժեքը ձևակերպվել է իրականից ավելի բարձր գնով: Բացի այդ` պարզվել էր, որ ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձինք, շահադիտական նպատակներով իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու հետեւանքով, պետության օրինական շահերին էական վնաս են պատճառել։ Սակայն, կոմիտեն չէր պարզաբանել, թե ովքեր են ՊԵԿ վերոնշյալ բարձրաստիճան պաշտոնյաները։

Ի լրումն ՊԵԿ հաղորդագրության` «Հետք»-ը մանրամասներ էր հրապարակել իր կատարած հետաքննությունից, հայտնելով, որ այդ գործարքը վերաբերում է «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ի և չինական «Փաքս Թեքնոլոջի Լիմիթեդ» ընկերության միջև կնքված պայմանագրին, որով մատակարարվել էր 25․000 «Pax S 900» մոդելի ՀԴՄ։ «Փաքս Թեքնոլոջի Լիմիթեդ» ընկերության հայաստանյան ներկայացուցիչը «Սմարթ Սոլյուշնս» ընկերությունն է, որի միակ բաժնետերը «Եղիշանս» ՍՊԸ-ն է: Այս ընկերության բաժնետոմսերը, ըստ ընկերությունների գրանցման պետական ռեգիստրի, պատկանում են Շանթ Եղիազարյանին ու Գոռ Անանյանին։ Շանթ Եղիազարյանն աշխատում է Վարդան Հարությունյանին փոխկապակցվող «Արքայաձոր» ռեստորանային համալիրում, իսկ Գոռ Անանյանը Կարեն Կարապետյանի որդու՝ Տիգրան Կարապետյանի մտերիմն է։

Երկշաբաթյա ժամկետում «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն դատարան կուղարկի հայցադիմումի պատասխանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter