HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կշարունակի գտնվել կալանքի տակ: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբելյանի, րոպեներ առաջ մերժեց Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ նրա պաշտպանների միջնորդությունը:

Գրավի վերաբերյալ միջնորդությունը պաշտպանները ներկայացրել էին նոյեմբերի 5-ին տեղի ունեցած դատական նիստի ընթացքում` հիմքում դնելով  այն հանգամանքը, որ Սահմանադրական դատարանը գրավի կիրառման վերաբերալ հոկտեմբերի 15-ին որոշում է կայացրել: Մեղադրող կողմն ու տուժողներն առարկել էին միջնորդության դեմ, իսկ ամբաստանյալներն ու վերջիններիս պաշտպաները միացել դրան:

Նշենք, որ ՍԴ-ն հոկտեմբերի 15-ի որոշմամբ արձանագրել է, որ գրավի կիրառումը՝ միայն քրեական վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ մեղադրյալի գտնվելն ապահովելու նպատակով, հակասում է Սահմանադրությամբ ամրագրված անձի ազատության իրավունքին:

Ըստ ՍԴ դիրքորոշման՝ ազատության իրավունքին հակասող է նաև Քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 6-րդ մասը՝ այնքանով, որքանով որ գրավը պետության եկամուտ դարձնելը հնարավոր է համարում միայն քրեական վարույթն իրականացնող մարմնից մեղադրյալի թաքնվելու կամ առանց թույլտվության այլ տեղանք մեկնելու համար:

Պաշտպանական կողմի պնդմամբ՝  Սահմանադրական դատարանի հայտնած իրավական դիրքորոշման լույսի ներքո, ըստ էության, գրավը կարող է զսպել ոչ միայն մեղադրյալի թաքնվելու, այլ նաև գործի քննությանը նրա խոչընդոտելու ռիսկը, և սա հիմք է Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ նոր միջնորդություն ներկայացնելու համար:

Ավելի վաղ՝ սեպտեմբերի 20-ին, Քոչարյանի պաշտպանները գրավի մեկ այլ միջնորդություն էին ներկայացրել, որը դատարանը նույնպես  մերժել էր՝ հիմքում դնելով այն հանգամանքը, որ առկա է գործի քննությանը խոչընդոտելու ռիսկ:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ: Դատարանում քննվող գործով մեղադրյալ են նաև  Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը Նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը:

Սեյրան Օհանյանն ու  Յուրի Խաչատուրովը մեղադրվում են  Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով`  սահմանադրական կարգը տապալելու մեջ:

Արմեն Գևորգյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 38-300.1-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, կաշառք ստանալու և փողերի լվացման մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter