HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Շաբաթվա ամենաքննարկվածը․ հայոց լեզու, հայ գրականություն և հայոց պատմություն առարկաների դասավանդումը բուհերում ոչ պարտադիր դարձնելը

Անցած շաբաթվա ընթացքում Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում ամենաքննարկված թեման կարելի է համարել հայոց լեզու, հայ գրականություն և հայոց պատմություն առարկաները բարձրագույն ուսումնական հաստատություններում ոչ պարտադիր դարձնելու նախաձեռնությունը։ Նշենք՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության առաջարկած «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի աշխատանքային նախագծով վերը նշված առարկաները բուհերի ոչ մասնագիտական ֆակուլտետներում արդեն պարտադիր չեն լինի ուսուցանման համար։

Բնականաբար նախարարության այս առաջարկությունը չէր կարող անարձագանք մնալ։ Չնայած որ ԿԳՄՍՆ-ի նախաձեռնության մասին դեռևս հոկտեմբերի կեսերին էր հայտնի, դրա մասին քննարկումներն ակտիվացան անցնող շաբաթվա ընթացքում՝ հասնելով մինչև դասադուլի և նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջի։

Այսպես, նոյեմբերի 6-ին Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետի մի խումբ ուսանողներ դուրս էին եկել դասադուլի։ Ուսանողները պահանջում էին նախարար Արայիկ Հարությունյանին՝ հրաժարվել այդ նախաձեռնությունից՝ պատճառաբանելով, որ հայոց լեզու, հայ գրականություն և հայոց պատմություն առարկաները բուհերում ոչ պարտադիր դարձնելը վնաս կհասցնի ազգային ինքնությանը՝ նախարարության առաջարկությունը որակելով որպես ապազգային։

Ուսանողների հետ բողոքի ակցիային մասնակցում էին նաև ԵՊՀ դասախոսներ։ Օրինակ՝ ԵՊՀ հայ գրականության ամբիոնի դասախոս, դոցենտ Արշալույս Գալստյանի կարծիքով՝ նախարարության առաջարկությունը պետք է բովանդակային քննարկում անցներ՝ հասկանալու համար, թե որքանով է նպատակահարմար այդ առարկաների դասավանադումը բուհերում ոչ պարտադիր դարձնելը։ Դոցենտի խոսքով՝ այս իրավիճակը արտասահմանյան բուհերի հետ համեմատել պետք չէ, քանի որ նրանք ազգային ինքնության խնդիր չեն լուծում։

Դեռևս հոկտեմբեր ամսին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատասխանելով ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին՝ նախարար Արայիկ Հարությունյանն ասել էր, որ 12-ամյա կրթության ընթացքում աշակերտները բավարար գիտելիքներ են ստանում հայոց լեզու, հայ գրականություն և հայոց պատմություն առարկաներից, ուստի բուհերում դրանց դասավանդումը ոչ պարտադիր դարձնելը կնպաստի, որ ուսանողները ավելի շատ կենտրոնանան մասնագիտական առարկաների վրա։

Հարկ է նշել աշխատանքային նախագծի վերաբերյալ հանրության շրջանում առկա գլխավոր տարընթերցման մասին։ Նախագծով ոչ թե առաջարկվում է այդ առարկաները հանել դասացուցակներից, այլ թողնել բուհերի հայեցողությանը, այսինքն՝ յուրաքանչյուր բուհ իրավասու է նշված երեք առարկաները դարձել պարտադիր։

Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ «հայոց լեզու» առարկայի պարտադիր չլինելը կարող է օգտագործվել ինչպես լավ, այնպես էլ վատ նպատակներով, բացի այդ նա նշել է, թե այս հարցի քննարկումների ժամանակ ինչի վրա պետք է կենտրոնանալ։

Հարցի վերաբերյալ ազգագրագետ Հրանուշ Խառատյանի կարծիքով էլ նախարարության խնդիրը պետք է լինի հարկադրել բուհերին մասնագիտությանը զուգահեռ նպաստել անձի համակողմանի զարգացմանը։ Օրինակ, ըստ Հրանուշ Խառատյանի ներկայացրած տարբերակի՝ հումանիտար մասնագիտությամբ ֆակուլտետներում առարկաներից առնվազն երեքը պետք է լինեն բնագիտական կամ տեխնիկական, նույն կերպ բնագիտական/տեխնիկական ֆակուլտետներում առնվազն երեքը՝ հումանիտար:

Կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանն էլ դեմ է ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությանը։ Անդրադառնալով այն պատճառաբանությանը, թե հայոց լեզու, հայ գրականություն և հայոց պատմություն առարկաները ոչ պարտադիր դարձնելը կնպաստի մասնագիտական առարկաների առաջխաղացմանը, Արմեն Աշոտյանն ասել է, որ բուհերում նշված երեք առարկաների դասաժամերը «կրիտիկական քանակի չեն», որպեսզի ազդեն կրթության մասնագիտական բովանդակության մատուցման վրա։

Նոյեմբերի 6-ի դասադուլը վերածվեց նստացույցի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության շենքի դիմաց, օրակարգում՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջն էր։ Նստացույցին մասնակցում էին նաև դաշնակցական երիտասարդները։ Ընդհանրապես Հայ Յեղափոխական Դաշնակցությունը (ՀՅԴ) այս թեմայի շրջանակներում ամենաակտիվ ֆիգուրներից մեկն էր։ Առարկաների դասավանդման թեման այնքան էր շիկացել, որ ի վերջո այն վերածվեց Արայիկ Հարությունյան-Դաշնակցություն առճակատման։ Նստացույցին մասնակցող դաշնակցական երիտասարդները իրենց հետ արկղ էին բերել՝ նշելով՝ այն Արայիկ Հարությունյանի համար է, որպեսզի նա իրերը լցնի արկղի մեջը և հեռանա նախարարությունից։ Կառավարության նիստից հետո նախարար Հարությունյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ դաշնակցական նախարարները տապալել են կրթության ոլորտը և բերված արկղը նա պատրաստվում է լցնել նրանց վերաբերյալ քրեական գործերով և հետ ուղարկել նրանց։ Լրագրողների հետ զրույցում, ի թիվս այլ կոշտ գնահատականների, Արայիկ Հարությունյանն ասաց, որ Դաշնակցությունն անդաստիարակ վարք է դրսևորում։ Բացի այդ, նախարարը նշեց նաև՝ չի պատրաստվում հրաժարական տալ՝ ընդգծելով, որ այդ քայլին կգնա միայն այն ժամանակ, երբ իր լիազորությունները  բավարար չափով չկատարի։

Նոյեմբերի 8-ին նստացույցի մասնակիցներին հանդիպեց նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Կառավարության ղեկավարի հետ զրույցում ցուցարարները ներկայացրին իրենց պահանջները, ինչին ի պատասխան՝ վարչապետն ասաց, որ նրանց պահանջներից և հնչեցրած գնահատականներից ոչ մեկը չի կիսում։

Նոյեմբերի 8-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ՝ ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ Արայիկ Հարությունյանը ազգային արժեհամակարգ չունի։

«Եթե Նիկոլ Փաշինյան անձը, վարչապետը պաշտպանում է նույն տեսակետները, պաշտպանում է ազգային արժեքների ոտնահարման այս վարքագիծը, նույն գնահատականները իրեն ենք հնչեցնում», - նշել է Արծվիկ Մինասյանը:

Նոյեմբերի 8-ը աշխատանքային շաբաթվա վերջին օրն էր։ Նախորդ օրերին նախարարության շենքի դիմաց գիշերած դաշնակցական երիտասարդներն ասացին, որ շաբաթ-կիրակի օրերը կանցկացնեն տանը, քանի որ նախարար Արայիկ Հարությունյանը այդ օրերին չի աշխատում, ուստի իրենց բողոքն անիմաստ կլինի։

Շաբաթվա ամենաքննարկված թեմայի ամփոփումը եզրափակենք «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության գործադիր մարմնի անդամ Գարեգին Միսկարյանի հումորային գրառմամբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter