HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիանա Սայադյան

Հայերի ապագան Հայաստանում է. մեկնարկել է հայ միգրանտների կամավոր վերադարձի ֆրանս-գերմանական ծրագիրը

Խաչատուր Երանյանը եւ Աստղիկ Մեսելջյանը շախմատիստներ են, խաղացել են Հայաստանի շախմատի երիտասարդական հավաքականում: 2016-ին Խաչատուրը՝ որպես շախմատի մարզիչ, հրավեր է ստացել Ֆրանսիայի Լիոն քաղաքի «Մասիս» շախմատային ակումբից, ապա՝ կանչել Աստղիկին: Այստեղ նրանք ամուսնացել են, ծնվել է նրանց դուստրը: Սկզբում անօրինական են գտնվել Ֆրանսիայի տարածքում, ապա դիմել են կացության իրավունք ստանալու: 2018-ի հոկտեմբերին որոշել են վերադառնալ Հայաստան, չնայած հրավեր էին ստացել որպես մարզիչ Փարիզի դպրոցներից մեկում աշխատելու, որը կացության եւ աշխատանքի իրավունք կընձեռեր: Խաչատուրը թվարկում է վերադառնալու որոշման պատճառները` դստեր ծնունդը, որին ցանկացան մեծացնել հայրենիքում, հեղափոխությունը եւ սպասվելիք փոփոխությունները Հայաստանում, որը մեծ ոգեւորություն եւ հավատ է առաջացրել, ու Ներգաղթի եւ ինտեգրման ֆրանսիական գրասենյակի (OFII)` վերադարձի աջակցության առաջարկը, որը մեծ շարժառիթ էր վերջնական որոշում կայացնելու համար:

OFII-ի աջակցությամբ Երեւանում Խաչատուրն ու Աստղիկը «Երանաս» ապրանքանիշով մեքենայացված ասեղնագործության խանութ-սրահ են բացել եւ հավաստում են, որ իրենց բիզնես-ծրագիրը հաջողությամբ զարգանում է: «OFII-ն լիակատար կերպով աջակցում է միգրանտների ոչ միայն վերադարձին, այլեւ Հայաստանում կրկին հաստատմանը: Մեզ հետաքրքիր էր բիզնես ոլորտը, միշտ ցանկացել ենք սեփական բիզնես ունենալ: Մտահղացում ծնվեց ասեղնագործական խանութ-սրահ բացել` «Երանաս», Մալաթիա համայնքում (Սվաճյան 50 հասցեում): Մտադիր ենք մեր բրենդը ճանաչելի դարձնել, հետագայում ընդլայնել»,- ասում է Խաչատուրը: «Մեքենայացված ասեղնագործություն է, դիզայնը Խաչատուրն է անում, նա լավ նկարում է, էստեղ դիզայներություն է սովորել, բայց շարունակում է սկայպով շախմատի մասնավոր պարապմունքները: Ուրախ ենք եւ չենք զղջում վերադարձի համար»,- ասում է Աստղիկը:

Ֆրանսիա վերադառնալու մասին նրանք չեն մտածում, բայց մտադիր են ապագայում «Երանաս»-ի մասնաճյուղ բացել այնտեղ:

OFII-ի աջակցությամբ Հայաստան վերադարձած մի խումբ ներգաղթյալների հետ Աստղիկն ու Խաչատուրն այսօր ներկա էին ապօրինի միգրանտների կամավոր վերադարձին ուղղված նոր` ֆրանս-գերմանական CAROB պիլոտային ծրագրի (մեկնարկել է 2019-ի սեպտեմբերի 1-ին եւ ավարտվելու է 2020-ի օգոստոսի 31-ին) պաշտոնական մեկնարկի արարողությանը: Այն տեղի ունեցավ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը, որտեղ 2014-ից ի վեր տեղակայված է Ներգաղթի եւ ինտեգրման ֆրանսիական գրասենյակի ներկայացուցչությունը:

Ֆրանսիայի տարածքում ապօրինի գտնվող եւ արտաքսման ենթակա ՀՀ քաղաքացիներին կամավոր Հայաստան վերադառնալու դեպքում գրասենյակն աջակցում է ոչ միայն վերադարձի կազմակերպման, այլեւ Հայաստանում վերահաստատվելու, սոցիալական եւ առողջապահական կարիքները հոգալու, տնտեսական կամ աշխատանքային գործունեություն սկսելու հարցում: Անցած 5 տարվա ընթացքում OFII-ի աջակցությունից օգտվել է Հայաստան վերադարձած 1200 ՀՀ քաղաքացի: Միայն 2019-ին աջակցություն է ցուցաբերվել 250 ծրագրի, եւ այդ նպատակով տրամադրվել է ավելի քան 700.000 եվրո:

Ֆրանսիական ծրագիրը հաջողված համարելով` Գերմանիայի կառավարությունը որոշել է իր երկրում ապօրինի գտնվող հայերի կամավոր վերադարձի ծրագիր իրականացնել` ֆրանսիական OFII-ի եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության միգրացիոն ծառայության` BAMF-ի հետ համատեղ: Այն աջակցություն է տրամադրելու 400 ՀՀ քաղաքացիների:

«Այսօր հավաքվել ենք ֆրանս-գերմանական հավակնոտ Կարոբ (CAROB) ծրագրի բացմանը: Արդեն իսկ 100 հայ դիմել է Գերմանիայից Հայաստան կամավոր վերադարձի համար: Այս ծրագիրը համահունչ է ԵՄ բոլոր ջանքերին` ուղղված միգրանտների վերադարձին ու ողջունվում եւ խրախուսվում է Հայաստանի իշխանությունների կողմից, որոնք ցանկանում են իրենց քաղաքացիներին պահել իրենց երկրում եւ նպաստել այն մարդկանց վերադարձին, ովքեր ինչ-ինչ պատճառներով լքել են երկիրը: Մեր ուղերձը հետեւյալն է` հայերի ապագան նախեւառաջ Հայաստանում է, եւ հայ երիտասարդների առաքելությունը Հայաստանի զարգացմանը նպաստելն է: Դա չի բացառում երիտասարդների եւ պրոֆեսիոնալների փոխանակումը, բայց` վերադառնալու եւ Հայաստանի զարգացմանը նպաստելու նպատակով»,- ասաց Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը:

«Հավատացած ենք, որ ՀՀ քաղաքացիների կայուն վերադարձը անհրաժեշտ հիմք է` ԵՄ-ի հետ ավելի ամուր կապերի ստեղծման համար: ՀՀ կառավարությունը առանձնահատուկ միջոցներ է ձեռնարկել` նպաստելու մեր քաղաքացիների վերաինտեգրմանը եւ կանխելու նրանց ապօրինի արտագաղթը` մասնավորապես համապարփակ բարեփոխումներ իրականացնելով առողջապահության համակարգում: Այդ ջանքերը կշարունակվեն: Վերաինտեգրմանը բոլոր շահագրգիռ կողմերը պետք է մասնակցեն` ուղարկող երկրները, ՀՀ կառավարությունը եւ ներգաղթողներն անձամբ: Մենք տեսել ենք հրաշալի օրինակներ արդեն իրականացված ծրագրերի: Համոզված ենք` նույն ոգին կառաջնորդի ձեզ այս երկրորդ` ֆրանս-գերմանական ծրագրի իրականացման ժամանակ»,- ասաց Տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը:

CAROB ծրագրի պատասխանատու Արա Հովհաննիսյանը փաստում է, որ Հայաստանում 2018-ի հեղափոխությունից հետո կամավոր վերադարձողների թվի աճ կա: «Եվրոպական երկրներում, նույնիսկ մինչեւ հեղափոխությունը, Հայաստանը համարվում էր ապահով երկիր: Դա նշանակում էր, որ հիմնականում պաշտպանվում են մարդու իրավունքները: Հեղափոխությունից հետո դա ավելի ամրապնդվեց: Հետեւաբար, եվրոպական երկրներն ավելի խիստ են վերաբերվում ՀՀ քաղաքացիների դիմումներին: Հեղափոխությունից հետո, մասնավորապես Ֆրանսիայում, 30 տոկոսով նվազել է Հայաստանից փախստականների դիմումների թիվը: Աճել է նաեւ մերժումների թիվը: Գերմանիան, օրինակ, ՀՀ քաղաքացիների 100 հայցից 97-ը մերժում է»,- ասում է պրն Հովհաննիսյանը:

Նախկինում փախստականի կարգավիճակի համար Ֆրանսիայում ապաստան հայցողների (տարեկան միջինը 2000 դիմում) դիմումների 15-20 տոկոսն էր բավարարվում: Հայաստանում OFII-ի ներկայացուցչության տնօրեն Ժան-Դոմինիկ Ֆաբրիի կարծիքով` 15-20 տոկոսը բարձր ցուցանիշ էր Հայաստանի նման փոքր բնակչությամբ երկրի համար, որն ապահով է համարվում: Հիմա` հեղափոխությունից հետո, այդ ցուցանիշը նվազել է մինչեւ 6-8 %: Ըստ նրա` հիմնականում բավարարվում են ԼԳԲՏ համայնքի, ազգային կամ էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչների, ընտանիքում բռնության ենթարկվածների եւ Եհովայի վկաների դիմումները, եթե, իհարկե, վերջիններս անհերքելի ապացույցներ են ներկայացնում առ այն, որ ՀՀ-ում իրենց, իրոք, վտանգ է սպառնում:

2019-ի դրությամբ Ֆրանսիայում ապաստան կամ փախստականի կարգավիճակ հայցողների աղյուսակը բացում են Աֆղանստանի, հաջորդիվ` Իրաքի, Սիրիայի, Վրաստանի քաղաքացիները, Հայաստանը 7-րդ տեղում է:

ՀՀ քաղաքացիների արտագաղթի հիմնական պատճառներից մեկը առողջական խնդիրն է (գերակշռում են Հեպատիտ C եւ քաղցկեղ ունեցողները), որը, «Փախստականների կարգավիճակի մասին» Ժնեւի կոնվենցիայի համաձայն, փախստականի կարգավիճակ հայցելու հիմք չէ: Դրանով է պայմանավորված մերժումների մեծ թիվը: Մերժված քաղաքացիները երկու ճանապարհ ունեն` բռնի արտաքսում ոստիկանության ուղեկցությամբ կամ կամավոր վերադարձ: «Ֆրանսիան շատ մարդասիրական երկիր է եւ փորձում է ամեն ինչ անել, որ բոլոր անձինք, որ երկրի քաղաքացի էլ լինեն, հումանիտար, պատշաճ եւ արժանապատիվ վերադառնան իրենց երկիր: Դա ձեռնտու է նաեւ Ֆրանսիային, որովհետեւ բռնի վերադարձի դեպքում պետությունը հավելյալ ծախսեր է կատարում, դա նաեւ հավելյալ սթրես է իր քաղաքացիների համար, միգրացիոն ռիսկը նույնպես բարձրանում է: Այսինքն` երբ մեկին բռնի կերպով արտաքսում են, նա ցանկություն է ունենում նորից վերադառնալ, իսկ ով վերադառնում է կամավոր, մենք փորձում ենք ամեն ինչ անել, որպեսզի նրանք հաջողեն»,- ասում է Արա Հովհաննիսյանը:

Աջակցության ծրագրերում շեշտը դրվում է սոցիալական եւ տնտեսական վերաինտեգրման վրա: «Մեկնողներն այստեղ հիմնականում վաճառում են այն ամենն, ինչ ունեն` բնակարան, կահույք, մեքենա կամ այլ գույք: Մենք ցուցաբերում ենք գույքային եւ առողջապահական աջակցություն` բնակտարածքի վարձակալություն, դեղորայք, անալիզներ` անհրաժեշտության դեպքում: Դժբախտաբար, դա կարող է տեւել միայն 6 ամիս: Հետագայում մենք ՀՀ միգրացիոն ծառայության եւ այլ ինստիտուցիոնալ գործընկերների հետ փորձում ենք նրանց ներգրավել հայաստանյան ծրագրերի մեջ, որպեսզի նրանք որպես Հայաստանի քաղաքացի կարողանան օգտվել: Հայաստանում ներկայում կան Հեպատիտ C-ի, քաղցկեղի անվճար բուժման ծրագրեր, եւ մեր նպատակն է ՀՀ քաղաքացիներին նախ աջակցել, ապա ուղղորդել դեպի հայաստանյան համակարգ: Երկրորդը աշխատանքի խնդիրն է: Այդ հարցը լուծում ենք 2 գործիքի միջոցով` ֆինանսավորում ենք ցանկացած մասնագիտական ուսուցում, որը հնարավորություն կտա արագ որեւէ հմտություն ձեռք բերել եւ վերադառնալ աշխատաշուկա: Եթե դա հնարավոր չէ, միկրոբիզնես ծրագրերի ֆինանսավորում ենք իրականացնում»,- բացատրում է Արա Հովհաննիսյանը:

2018-ին նա աուդիտ է իրականացրել` ուսումնասիրելով Ներգաղթի եւ ինտեգրման ֆրանսիական գրասենյակի ծրագիրը, գնահատելու դրա ազդեցությունը վերադարձած ՀՀ քաղաքացիների վրա: Աուդիտն իրականացվել է երեք ուղղությամբ` սոցիալական կյանք, ընտանեկան կյանք եւ վերաինտեգրման ազդեցությունը շրջապատող մարդկանց վրա՝ համայնքային եւ տնտեսական տեսանկյունից: Ուսումնասիրված 100 դեպքից միայն 3-ն է լիովին ձախողվել, վերադարձած քաղաքացիներից մեկը մահացել է: Արա Հովհաննիսյանի խոսքով` միջինում յուրաքանչյուրը ստեղծել է 1.5 աշխատատեղ, եւ ֆինանսավորված բոլոր ծրագրերը գործում են 2 տարուց ավելի: Կամավոր վերադարձածների հաջողված պատմությունները` հղումով:

Գլխավոր լուսանկարում` Խաչատուր Երանյանը եւ Աստղիկ Մեսելջյանը

Մեկնաբանություններ (1)

Հակոբ
Բարև ձեզ, ես ձեզ հետ ուզում եմ խոսել ինչպես կարող եմ ձեզ հետ կապ հաստատել?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter