HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՅԴ Երիտասարդական միության պահանջն անփոփոխ է՝ նախարար Արայիկ Հարությունյանը պետք է հրաժարական տա

Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության Հայաստանի երիտասարդական միությունը նամակներ է ուղարկել «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցություններին, որպեսզի նրանք ըստ Սահմանադրության սկսեն կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի պաշտոնանկության գործընթացը։

Հիշեցնենք, որ արդեն 10 օր է՝ ԵՊՀ մի խումբ ուսանողներ դասադուլ, իսկ ՀՅԴ երիտասարդական թեւը նստացույց է անում ԿԳՄՍ նախարարության շենքի առջեւ` պահանջելով նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը՝ կապված «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագծում առաջարկվող փոփոխությունների հետ:

Այսօր՝ նոյեմբերի 15-ին ՀՅԴ Երիտասարդական Միությունը հրավիրել էր մամուլի ասուլիս, որտեղ ՀԵՄ-ի անդամները ամփոփեցին նախորդ 10 օրերի իրադարձությունները՝ կապված կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջի հետ։

Նախքան ասուլիսը նախարարության շենքի մոտ նստացույց անող ՀԵՄ անդամների մոտ ժամանեցին ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արման Աբովյանն  ու Գևորգ Պետրոսյանը։  Արման Աբովյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ չեն կարող չարձագանքել Հայաստանի երիտասարդության որևէ դիմումի։

«Մենք դիմումը կվերցնենք, ոչ մի դիմում առանց արձագանքի չի մնում։ Մենք այսօր իմացանք, որ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ պատրաստակամ է քննարկման։ Կարող եմ վերահաստատել մի դիրքորոշում, որ հանդիպումը պետք է լինի բաց, պետք է լինի հրապարակային։ Նախարարը պետք է հանդիպի դասախոսական կազմի, ուսանողների հետ, հարց ու պատասխանի միջոցով պետք է լինի զրույց կամ դիսկուսիա»։

Գևորգ Պետրոսյանը կարևորեց ոչ թե պահանջը, այլ դրա հիմնավորվածությունը, պատգամավորը նշեց, որ խմբակցության դիրքորոշումը պարզ կլինի խմբակցության ներսում քննարկումներից հետո։

Այսօր՝ նոյեմբերի 15-ին ԿԳՄՍ-նախարարությունը հայտարարեց, որ նախարար Հարությունյանը պատրաստ է հանդիպել ու լսել ուսանողության կարծիքը «Բարձրագույն կթության եւ գիտության» մասին օրենքի նախագծի վերաբերյալ, իսկ հստակ օրակարգը կհրապարակվի ավելի ուշ։

ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության կենտրոնական վարչության անդամ Քրիստինե Վարդանյանը մեզ հետ զրուցում նշեց, որ հաշվի առնելով կրթության ոլորտի մի շարք խնդիրներ՝ դասագրքերի հարցը, այս ոլորտի գրեթե չֆինանսավորվելը և, իհարկե, հայոց լեզվի, գրականության ոչ պարտադիր դառնալը ստիպել է նրանց պահանջել ԿԳՄՍ նախարարի հրաժարականը, իսկ նախարարության այսօրվա հայտարարությունից տեղյակ են։

«Մենք պատրաստակամ ենք հանդիպել ու քննարկել իրավիճակը, իսկ հետագա քայլերի մասին կխոսենք ավելի ուշ։ Մենք ուրախ ենք, որ սա միայն ՀՅԴ-ի նախաձեռնությունը չէ։ Ողջունում ենք ուսանողությանը, ովքեր միացել են ակցիային։ Կարևորում ենք այն փաստը, որ այս ամենը չի ղեկավարվում մի կենտրոնից»։

Ակցիայի մասնակիցներից Գեղարդ Մութաֆյանը, ով արդեն 8-րդ օրն է մասնակցում է նստացույցին, չի վստահում նախարարին եւ չի հավատում, թե վերջինս կգա բանակցելու։

«Մենք ամեն պահի պատրաստ ենք քննարկել այս հարցը, անկախ ամեն ինչից՝ մեր պահանջն անփոփոխ է մնալու։ Արայիկ Հարությունյանն այս ոլորտում անելիք չունի»,- ասաց Գեղարդ Մութաֆյանը։

Ալբերտ Սերոբյան, Էլեն Սարգսյան

ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 3-րդ կուրս

Մեկնաբանություններ (1)

Vahan Bournazian
Under the former regime Tashnaktstyun was in coalition with the authorities and had the Ministry of Education. It never addressed corruption in education. The new government is an opportunity to discuss policy. What overall policy platform does Tashnaktstyun have for education? It has never had any when it was heading the Ministry.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter