HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Եռաբլուր պանթեոնում թանգարանի կառուցման համար ՊՆ-ն պայմանագիր է կնքել նախարարի խորհրդականին առնչվող ընկերության հետ

Եռաբլուր զինվորական պանթեոնում թանգարանի մասնաշենքի վերակառուցման աշխատանքներն իրականացրել է գեներալ-մայոր, պաշտպանության նախարարի խորհրդական Վարդան Ավետիսյանին փոխկապակցված ընկերությունը: Չնայած շինարարական աշխատանքները սկսվել են 2016 թվականին, սակայն պարզ չէ, թե թանգարանը երբ է կառուցվելու և առհասարակ կառուցվելու է, թե ոչ:

Եռաբլուր զինվորական պանթեոնում թանգարան կառուցելու որոշումն ընդունվել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի պաշտոնավարման շրջանում: Ըստ նախատեսված ծրագրի՝ այն պետք է լիներ Պաշտպանության նախարարության կազմում գործող ռազմական թանգարան:

Շինարարությունը սկսելու համար 2016 թվականի օգոստոսի 19-ին Պաշտպանության նախարարությունը պայմանագիր է կնքել «Առվա-Երկիր» ՍՊԸ-ի հետ: Այս ընկերությունը հիմնադրվել է 2003 թվականին, ընկերության 99 տոկոս բաժնեմասերը գրանցված են եղել Վարդան Ավետիսյանի անունով, վերջինս ընկերությունից դուրս է եկել 2011 թվականին:

2011 թվականից մինչ 2018 թվականը ընկերությունում բաժնեմաս է ունեցել Ավետիսյանի եղբոր կինը՝ Օքսանա Ավետիսյանը: 2016-ից սկսած ընկերության տնօրենը Սևակ Ավետիսյանն է՝ գեներալի եղբայրը: Սևակ Ավետիսյանը հաշվառված է Վարդան Ավետիսյանի հայրական տանը՝ Տեղ գյուղում:

Վարդան Ավետիսյանը 2016 թվականից պաշտպանության նախարարի խորհրդականն է, մինչ այդ զբաղեցրել է ՊՆ լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնը:

Պաշտպանության նախարարությունը կաշկանդված է պայմանագիրը տրամադրելու հարցում

Գրավոր հարցմամբ դիմել էինք Պաշտպանության նախարարություն՝ խնդրելով հայտնել, թե որ ընկերությունն է իրականացնում շինարարական աշխատանքները, և ինչո՞ւ են աշխատանքները գրեթե դադարեցված, ըստ նախատեսվածի՝ ե՞րբ պետք է աշխատանքները ավարտվեն, պայմանագիրն ի՞նչ եղանակով է կնքվել, որքա՞ն գումար է տրամադրվել թանգարանի կառուցման ընդհանուր աշխատանքների համար, արդյոք Պաշտպանության նախարարությունը ստուգումներ իրականացնո՞ւմ է շինարարական աշխատանքների ընթացքում, և թերությունների հայտնաբերման դեպքում, ըստ պայմանագրի, ի՞նչ մեխանիզմներ կան դրանք շտկելու համար:

Պաշտպանության նախարարությունը պատասխանն ուղարկեց 35 օր անց, իսկ հարցերի մեծ մասին այդպես էլ չպատասխանեց:

Նախարարությունից հայտնել են, որ թանգարանի մասնաշենքի վերակառուցման աշխատանքներն իրականացրել է «Առվա-Երկիր» ՍՊԸ-ն:

«Իրականացված շինարարական աշխատանքները վերահսկվել են շինարարության որակի տեխնիկական հսկողության ծառայությունների իրականացնող լիցենզավորված կազմակերպության կողմից, հայտնաբերված թերությունները ժամանակին վերացվել են: Շինմոնտաժային աշխատանքներն ավարտվել են 2017-ի նոյեմբերին: Թանգարանի կահավորման և ինտերիերի ձևավորման նախագիծը պատրաստ է, ըստ առաջնահերթության ֆինանսավորման առկայության դեպքում աշխատանքների իրականացումը կընդգրկվի ՊՆ կապիտալ շինարարության և կապիտալ վերանորոգման տարեկան ծրագրում»,- ասված է պատասխանում:

Այս պատասխանից հետո մենք կրկին դիմեցինք նախարարություն՝ ասելով, որ պատասխանը թերի է, նաև խնդրեցինք կնքված պայմանագրի պատճենը:

Նախարարությունը մերժեց տրամադրել պայմանագրի պատճենը՝ հղում կատարելով ուժը կորցրած օրենքի

Նախարարությունից հղում էին կատարել «Գնումների մասին» 206-Ն օրենքին, որը ուժը կորցրել է 25.04.2017-ին: Այս օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ գնման պայմանագրի սահմանափակ ընթացակարգը կիրառվում է, եթե գնման գործընթացը պարունակում է պետական, ծառայողական կամ բանկային գաղտնիք:

Նախարարությունից հայտնել են՝ հաշվի առնելով, որ «Առվա-Երկիր» ՍՊԸ-ի հետ պայմանագիրը կնքվել է սահմանափակ ընթացակարգով, պայմանագրի պատճենի տրամադրումը մերժվում է:

«Առվա-Երկիր» ՍՊԸ-ի մասին

Այս ընկերությունը շինարարական աշխատանքների իրականացման պայմանագրեր է կնքել նաև այլ պետական գեատեսչությունների հետ՝ Ոստիկանության, Քննչական կոմիտեի, Ծաղկաձորի համայնքապետարանի, Մշակութի նախարարության: Օրինակ գեներալ Ավետիսյանի ծննդավայրի՝ Սյունիքի մարզի Տեղ համայնքի Սբ․ Գևորգ եկեղեցու ամրակայման, նորոգման, վերականգնման և տարածքի բարեկարգման աշխատանքները ևս «Առվա-Երկիր»-ն է իրականացրել:

Ինչ վերաբերում է ՊՆ-ի հետ կնքված պայմանագրին, այն բացակայում է Ֆինանսների նախարարության գնումների կայքից: Նախարարությունից պարզաբանեցին՝ կարող են որոշ պայմանագրեր չլինել, քանի որ գնումների կայքում հիմնականում էլեկտրոնային եղանակով կնքված պայմանագրերն են լինում, ուստի պետք է դիմել այն գերատեսչություն, որը կնքել է այդ պայմանագիրը:

Ընկերության ներկայացուցիչների հետ կապ հաստատել չհաջողվեց: Ընկերության կնքած պայմանագրերում առկա հեռախոսահամարներով երբ զանգահարեցինք, կամ պատասխանում էին, որ այլևս կապ չունեն այդ ընկերության հետ, կամ էլ ուղղակի շինարար են և աշխատել են այդ ընկերությունում և նույնիսկ զարմացան, թե ինչու է պայմանագրում իրենց հեռախոսահամարը՝ որպես տնօրենի հեռախոսահամար նշված:

Պաշտպանության նախարարության մեր աղբյուրը, որի անունը չենք կարող հրապարակել, ասաց, որ շինարարական աշխատանքների կատարման համար հատկացվել է շուրջ 170 միլիոն դրամ՝ կցակառույցի, թեքահարթակի, գերբի և ընդհանուր նախնական շինարարական աշխատանքների համար: Ինտերիերի կառուցման հարցում անորոշությունը սկսվել է Սեյրան Օհանյանի պաշտոնանկությունից հետո: Երբ նախարար է նշանակվել Վիգեն Սարգսյանը, կարծես թե թանգարանի կառուցման աշխատանքները դանդաղել են, և հետագա ճակատագրի հարցը չի հստակեցվել, թե ինչ ժամկետներում է այն կառուցվելու, ինչպես է մրցույթ հայտարարվելու ինտերիերի ձևավորման համար և այլն:

Հիշեցնենք նաև, որ այս ընկերությունն է զբաղվում նաև մարտկոցների արտադրությամբ, և տարիներ շարունակ հաղթող է ճանաչվել ՊՆ մրցույթներում:

Այս պահին պարզ չէ, թե թանգարանը երբ է կառուցվելու և ինչ միջոցներով: Քանի որ ՊՆ-ից հայտնել էին, որ ֆինանսավորման առկայության դեպքում աշխատանքների իրականացումը կընդգրկվի ՊՆ կապիտալ շինարարության և կապիտալ վերանորոգման տարեկան ծրագրում:

Նկատենք նաև, որ այս տարվա հունվարի 28-ին՝ բանակի կազմավորման օրը Եռաբլուր զինվորական պանթեոն այցելած վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է թանգարանի կառուցման նախագծին և շինաշխատանքների ընթացքին:

Գլխավոր լուսանկարում՝ Վարդան Ավետիսյանն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter