HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Արման Մկրտումյանի առանձնատան վրա հարձակման և Վարդան Ղուկասյանի դեմ մահափորձի գործերով հայտնաբերված որոշ պարկուճներ կրակվել են նույն ինքնաձիգից

Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի առանձնատան վրա հարձակման և Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դեմ մահափորձի գործերով հայտնաբերված որոշ պարկուճներ կրակվել են նույն ինքնաձիգից: Այս հանգամանքի պարզվելուց հետո Ղուկասյանի դեմ մահափորձի գործի վարույթը վերսկսելու որոշում է կայացվել: Այս մասին հայտնում են իրավապահ համակարգում «Հետքի» աղբյուրները:

Նշենք, որ Արման Մկրտումյանի առանձնատան վրա հարձակման գործով  մեղադրյալի կարգավիճակ ունի երեք անձ` Գագիկ Դանոյանը, Մայիս Մկրտչյանը և Հովհաննես Ռիժենկոն: Նրանք մեղադրվում են սպանության փորձ կատարելու և ապօրինի զենք պահելու մեջ: Գործն այս պահին դեռևս քննվում է առաջին ատյանի դատարանում:

«Հետք»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ ինքնաձիգը, որից արձակված պարկուճները համընկնել են Վարդան Ղուկասյանի մահափորձի գործով պարկուճներից որոշների հետ, Արման Մկրտումյանի առանձնատան հարձակման ժամանակ եղել է գործով ամբաստանյալ Գագիկ Դանոյանի մոտ: Վերջինս ցուցմունք է տվել այն մասին, որ ինքնաձիգն իրեն տվել է ԱԺ նախկին պատգամավոր, «Կարամելի Հարութ» անունով հայտնի Հարություն Ղարագյոզյանն, ում անունը կապվում է Մկրտումյանի տան վրա հարձակման գործի հետ: Ղարագյոզյանը հոկտեմբերի 7-ին ինքնասպան է եղել` մինչ այս սպանելով «Յուվեցի Կարո» անունով հայտնի Կարո Կարապետյանին, որը նույնպես եղել է ԱԺ պատգամավոր:

«Հետքը» վերը նշված տեղեկությունների վերաբերյալ պաշտոնական հաստատում ստանալու նպատակով գրավոր հարցում է ուղարկել Գլխավոր դատախազություն:

Դատախազությունից հաստատել են, որ Արման Մկրտումյանի առանձնատան վրա 2018 թվականի օգոստոսի 28-ին տեղի ունեցած հարձակման վերաբերյալ քրեական գործի նախաքննության ընթացքում հայտնաբերված և մեկ այլ դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում հայտնաբերված որոշ պարկուճներ կրակվել են նույն ինքնաձիգից`առանց նշելու, թե ինչ քրեական գործի մասին է խոսքը:

Հաստատել են նաև, որ Վարդան Ղուկասյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը քննության ընթացքում մեկ անգամ վերսկսվել է 2018 թվականի դեկտեմբերի 7-ի որոշմամբ՝ չնշելով վերսկսման հիմքը: Դատախազությունից միաժամանակ հայտնել են, որ անհրաժեշտ քննչական, դատավարական, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացումից հետո` 2019 թվականի օգոստոսի 8-ին, կրկին որոշում է կայացվել Ղուկասյանի դեմ մահափորձի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը կասեցնելու մասին՝ որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձի հայտնի չլինելու պատճառով:

Մեզ հետ զրույցում Վարդան Ղուկասյանն ասաց, որ գործի վերաբացումից հետո իրեն նորից կանչել են հարցաքննության, տվել նույնաբովանդակ հարցեր, ինչ տարիներ առաջ՝ մահափորձի դեպքից հետո:

Մեր հարցին ի պատասխան Ղուկասյանն ասաց, որ ինքը որևէ առնչություն չի ունեցել Հարություն Ղարագյոզյանի հետ:

«Ընդհանրապես ոչ մի հարաբերություն չեմ ունեցել, բարև չենք տվել, սեղան չենք նստել, ուղղակի հեռվից որոշակի գիտեցել ենք միմյանց: Դուք պետք է հետևություն անեք, թե ո՞նց եղավ, որ գործը բացահայտվեց, և 20 օր կամ 1 ամիս հետո «Կարամելի Հարութը» և «Յուվեցի Կարոն» մահացան: Երբ որ բացվեց ավտոմատի գործը, էդ տղան (նկատի ունի Գագիկ Դանոյանին-հեղ.) ասաց, որ Հարութն է տվել ավտոմատը, 20 օր կամ 1 ամիս հետո մահանում են: Ես ի՞նչ իմանամ, թե ինչ է եղել: Այս հարցերը պետք է քննչական մարմիններին տալ»,- ասաց Վարդան Ղուկասյանը:

Վերջինս նշեց նաև, որ ինքը չի ճանաչել նաև «Յուվեցի Կարո» անունով հայտնի Կարո Կարապետյանին, բայց գիտի, որ 2007 թվականին, այսինքն` իր դեմ մահափորձի ժամանակ, նա եղել է Աշտարակի ոստիկանապետը:

Ղուկասյանը պնդում է,որ իր դեմ մահափորձը քաղաքական դրդապատճառ է ունեցել:

«2007 թվականից հետո, երբ մեզ խփեցին, մեր անունը շարունակ կապել և առ այսօր կապում են  կրիմինալ աշխարհի հետ, որ էս գործը փակվի, ժողովրդի մեջ կարծիք ձևավորվի, որ մենք կրիմինալ աշխարհի հետ ենք, դրա համար են մեզ խփել: Ես միանշանակ պնդում եմ, որ դա այդպես չէ: Դա հատուկ կազմակերպված քաղաքական գործունեություն էր»,- ասաց Ղուկասյանը` կազմակերպիչների անուններ չտալով:

«Ո՞նց կարող եմ ես առանց հստակ փաստերի ասել: Կասկածանքներ, իհարկե ունենք, իհարկե հասկանում ենք, ի վերջո պատահական չենք ապրել, ամեն ինչ էլ մեր ուղեղի մեջ կա: Հանրապետական խորհրդի նիստից դուրս ենք գալիս 9 հոգով, էդքան փամփուշտ է կրակվում, էդքան բան է բացահայտվում, ավտոմատը գտնում են ու մեռած մարդկանցով  վերջանում է: Ի՞նչ ասեմ»: Ես գցվել եմ Աստծուն»,- ասաց Վարդան Ղուկասյանը` նշելով, որ իրեն այս գործն արդեն հետաքրքիր չէ:

«Ես գիտեմ, որ Աստծո առաջ պիտի պատասխան տան: Մի ասեղի քթի չափ չեմ կասկածում, որ այս անողներին մի քանի տարի մնաց այս աշխարհից վերանալուն: Կգնան, էնտեղ պատասխան կտան»,- ասաց Վարդան Ղուկասյանը:

Հիշեցնենք, որ  Վարդան Ղուկասյանի դեմ մահափորձը տեղի է ունեցել 2007 թվականի ապրիլի 2-ին։ Այդ օրը՝ ժամը 22:20-ի սահմաններում, Աշտարակ-Գյումրի մայրուղու՝ Աշտարակ քաղաքին մոտակա հատվածում, անհայտ պետհամարանիշի ավտոմեքենայից կրակոցներ են արձակվել Ղուկասյանի ծառայողական «Մերսեդես» մակնիշի 051 ԼԼ 50 պետհամարանիշի և նրան ուղեկցող «Գազ-3110» մակնիշի 770 ԼԼ 10 պետհամարանիշի ավտոմեքենաների ուղղությամբ:

Կրակահերթի հետևանքով ստացած հրազենային վնասվածքներից «Գազ-3110» մակնիշի 770 ԼԼ 10 պետհամարանիշի ավտոմեքենայի հինգ ուղևորներից երեքը՝ Արտյոմ Սամվելի Ադամյանը, Սիսակ Արամի Վարդանյանը և  Հովհաննես Լևոնի Միրզախանյանը, տեղում մահացել են:

Ավելի ուշ բժշկական կենտրոնում մահացել է նաև «Մերսեդես» մակնիշի 051 ԼԼ 50 պետհամարանիշի ավտոմեքենայի վարորդ Վարազդատ Ղուկասյանը, իսկ Վարդան Ղուկասյանը և քաղաքապետի տեղակալ Գագիկ Մանուկյանը ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է ինքնաձիգի 77 պարկուճ, մահացված անձանց մարմիններում հայտնաբերվել է 14 գնդակ:

Շուրջ մեկ տարի քննվելուց հետո՝ 2008 թվականին հարուցված քրեական գործի վարույթը կասեցվել էր: Այն ժամանակ ևս կասեցման հիմքը եղել է նույնը` հայտնի չի եղել անձը, որը պետք է գործով ներգրավվի որպես մեղադրյալ:

Լուսանկարում ձախից՝ Վարդան Ղուկասյանը,  Արման Մկրտումյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։