HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Որքան և ինչի հաշվին է աճել տնտեսությունը երրորդ եռամսյակում

Այս տարվա երրորդ եռամսյակում տնտեսական աճը Հայաստանում կազմել է 7.9% է։ Դա ցույց է տալիս համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճը նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ։ ՀՆԱ-ն նշված եռամսյակում կազմել է մոտ 1 տրլն 824 մլրդ դրամ։ Ինչպես վկայում են Վիճակագրական կոմիտեի (ՀՀ ՎԿ) հրապարակած վերջին տվյալները՝ նախորդ երկու եռամսյակների համեմատ երրորդ եռամսյակի աճն ամենաբարձրն է։ Հիշեցնենք, որ առաջին եռամսյակը ամփոփվել է ՀՆԱ-ի 7.5% աճով, իսկ երկրորդ եռամսյակը՝ 6.9%-ով։ Այն գերազանցում է նաև նախորդ տարվա երրորդ եռամսյակի աճը, որը կազմել էր 2.7%:

Եթե տնտեսական աճը դիտարկում ենք ըստ ոլորտների, ապա երրորդ եռամսյակում տնտեսության ճյուղերի մեծ մասում աճ է գրանցվել, բացառություն են գյուղատնտեսությունը, որի ծավալները նախորդ տարվա երրորդ եռամսյակի համեմատ նվազել են 2%-ով, ջրամատակարարումը (-22%), կրթության ոլորտի ծառայությունները (-1.3%), ծառայություններ, մշակույթ, զվարճություններ և հանգիստ ենթաոլորտը (-1.3%), ինչպես նաև` սպասարկման այլ ծառայությունները (-4.6%):

Տոկոսային առումով ամենաբարձր աճը գրանցվել է հանքարդյունաբերության ոլորտում՝ 45.2%: Բարձր է նաև կացության և հանրային սննդի կազմակերպման ոլորտի աճը՝ 29.9%, ֆինանսական ոլորտինը՝ 22.8%:

Ինչպես նշեցինք, երրորդ եռամսյակում ՀՆԱ-ն կազմել է մոտ 1 տրլն 824 մլրդ դրամ։ Այս ցուցանիշի 51.4%-ն ապահովել են առևտուրն ու ծառայությունները։ Տվյալների բացվածքը ցույց է տալիս, որ այստեղ առավել մեծ դեր ունեն ծառայությունները։ Արդյունաբերությանը բաժին է ընկնում 17.6%-ը, գյուղատնտեսությանը՝ 16%-ը, իսկ շինարարությանը՝ 6.6%-ը։

ՀՆԱ-ի կառուցվածքի թեթև տեղաշարժ է նկատվում թե´ նախորդ եռամսյակների, թե´ նախորդ տարվա երրորդ եռամսյակի համեմատ։ Օրինակ՝ նախորդ տարվա երրորդ եռամսյակի համեմատ նկատելի է, որ մեծացել է արդյունաբերության կշիռը՝ 15.7%-ից հասնելով 17.6%-ի, փոխարենը նվազել է գյուղատնտեսության կշիռը՝ 19.1%-ից իջնելով 16%-ի։

Սակայն, սրանք ընդամենը եռամսյակային տվյալներն են, և միայն տարեկան տվյալներն ամփոփելուց հետո կարելի է հասկանալ՝ տնտեսության մեջ կառուցվածքային փոփոխություններ եղե՞լ են, թե՞ ոչ։

Երրորդ եռամսյակում արտադրանքի հարկերը զբաղեցրել են ՀՆԱ-ի 10.1%-ը, -1.7% էլ հաշվարկվել է ՖՄԱՉԾ-ն (ֆինանսական միջնորդության անուղղակիորեն չափվող ծառայությունները)։

Տնտեսական աճի որակի մասին պատկերացում կազմելու ամենախոսուն ցուցանիշը ոլորտների նպաստման չափն է ՀՆԱ-ի աճին։ Այս տարվա երրորդ եռամսյակում ՀՆԱ-ի 7.9% (իսկ ավելի կոնկրետ՝ 7.89%) տնտեսական աճին 4.99 տոկոսային կետով նպաստել են առևտուրն ու ծառայությունները։ Արդյունաբերությունը նպաստել է 2.22 տոկոսային կետով, շինարարությունը՝ ընդամենը 0.35 տոկոսային կետով։ Իսկ գյուղատնտեսությունը շարունակում է բացասաբար ազդել տնտեսական աճի վրա։ Երրորդ եռամսյակում այն 0.42 տոկոսային կետով զսպել է աճը։ Արտադրանքի հարկերը տնտեսական աճին նպաստել են 0.81 տոկոսային կետով։ Իսկ ՖՄԱՉԾ-ի նպաստման չափը -0.06 տոկոսային կետ է։

Այսպիսով՝ տնտեսական աճը շարունակում են ապահովել մեծ մասամբ առևտուրն ու ծառայությունները և համեմատաբար փոքր չափով՝ արդյունաբերությունը։

Հիշեցնենք, որ «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծով ամրագրվել է, որ այս տարին Հայաստանը կամփոփի 6.3% տնտեսական աճով: Իսկ Կենտրոնական բանկն (ՀՀ ԿԲ) այս տարվա համար կանխատեսում է 7.1% տնտեսական աճ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter