HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Պահպանողական բյուջեն ու տնտեսական աճի ռիսկերը

Բյուջե 2020-ն արդեն Ազգային ժողովի ձեռքերում է. քննարկվում է տարվա ֆինանսական ամենակարևոր փաստաթղթերից մեկը։ Ինչպես ավելի վաղ գրել ենք, «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծով նախատեսվում է, որ եկող տարի աճելու են թե՛ բյուջեի եկամուտները, թե՛ ծախսերը, թե՛ պակասուրդը՝ դեֆիցիտը։ 2020 թվականի պետբյուջեն եկամուտների գծով կազմում է 1 տրլն 697.6 մլրդ դրամ, իսկ ծախսերի գծով՝ 1 տրլն 880.2 մլրդ դրամ։ Իսկ դեֆիցիտը (պակասուրդը) պլանավորված է 182.6 մլրդ դրամ:

2019 թվականի բյուջեի նախագծով հաստատված ցուցանիշների համեմատ՝ սպասվում է, որ 2020-ին եկամուտներն աճելու են 201 մլրդ դրամով կամ 13.4 %-ով։ Ծախսերը կավելանան՝ 232 մլրդ դրամով կամ 14.1 %-ով։ Այս ամենի արդյունքում ավելանում է նաև բյուջեի դեֆիցիտը՝  31 մլրդ դրամով կամ 20.4 %-ով։

Կառավարությունը կանխատեսում է, որ այս տարին Հայաստանը կամփոփի 6.3% տնտեսական աճով, իսկ 2020 թվականը՝ 4.9%-ով։ Նշված 4.9%-ը, ըստ էության, բոլորովին չի համըnկնում տնտեսական հեղափոխության հայտարարություններին, որոնք ենթադրում են ավելի բարձր աճ։ Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում բյուջեի քննարկման ժամանակ իր ելույթում դա բացատրեց պահպանողական սցենարներ ունենալու գաղափարով։ «Մենք առաջնորդվում ենք առավել պահպանողական սցենարով։ Մենք բյուջեի հիմքում դնում ենք ոչ թե ամենալավատեսական կանխատեսումն, այլ՝ որոշակի պահպանողական կանխատեսում՝ ապահովելու համար մակրոտնտեսական կայունությունը,- նշեց վարչապետը՝ ավելի ուշ հավելելով. «Надейся на лучшее, готовься к худшему»»։ Այլ խոսքով՝ վարչապետը հույս է տալիս, որ տնտեսական աճը ամրագրված 4.9%-ց բարձր է լինելու։ Սակայն, բյուջեն քննարկելիս միայն հույսերով ու դրական սպասումներով պետք չէ բավարարվել, քանի որ կան բազմաթիվ իրական ռիսկեր, որոնք կարող են բացասաբար ազդել տնտեսության վրա և նշվածից էլ ցածր տնտեսական աճ գրանցել։

Ինչպես տնտեսական բոլոր կանխատեսումների, այնպես էլ բյուջեի հիմքում ներկա տնտեսական միտումներն են, սակայն միշտ չէ, որ կանխատեսումները իրականանում են, քանի որ Հայաստանի տնտեսությունը դեռևս մեծ կախվածություն ունի արտաքին աշխարհից։ Արտաքին շուկաներում կատարվող թե դրական, թե բացասական իրադարձությունները շատ արագ ազդում են նաև Հայաստանի տնտեսական աճի վրա։

Բացի այդ, առկա են լուրջ ռիսկեր նաև ներքին միջավայրում։ Ֆինանսների նախարարության կայքում հրապարակված բյուջետային ուղերձում գնահատված են այդ ռիսկերը։

Տրանսֆերտների նվազում, միազգային գների տատանումներ և այլն. արտաքին գործոնների ռիսկը

Տնտեսական աճի արտաքին ռիսկերը Հայաստանի տնտեսության վրա կարող են ազդել ինչպես ուղղակի, այնպես էլ՝ անուղղակի ճանապարհներով։ Ընդ որում ՝դրանք կարող են լինել ինչպես բացասական, այնպես էլ՝ դրական։ Բյուջեի ուղերձում նշված է, որ եթե համաշխարհային տնտեսական աճը միջնաժամկետում պահպանվի 2018 թվականի բարձր մակարդակում և գործընկեր երկրների հետագա զարգացումները լինեն ավելի բարենպաստ, քան կանխատեսումներն են, ապա Հայաստանի տնտեսական աճը կլինի ավելի բարձր. «Այս իրավիճակի դրսևորումն ավելի հավանական կլինի, հատկապես, եթե Ռուսաստանի տնտե­սությունն աճի ավելի արագ, քան ակնկալվում է»։

Արտաքին գործոններից են նաև միջազգային շուկաների գները։ Կառավարությունը գնահատում է, որ եթե միջազգային շուկայում պարենային և ոչ պարենային ապրանքները ցածր մակարդակում լինեն, դա կարող է նպաստել հայկական արդյունաբերության աճին՝ արտադրության ցածր ծախսերի միջոցով:

Նշված և մի շարք այլ գորոնները կարող են դրական ազդել Հայաստանի տնտեսության վրա, սակայն քիչ չեն նաև այն գործոնները, որոնք կարող են զսպել այդ աճը և իրականում գրանցվի ավելի ցածր տնտեսական աճ, քան կանխատեսված 4.9%-ն է։

Այդ ռիսկերից հայաստանցիները մեկ անգամ չէ, որ զգացել են իրենք կենսամակարդակի վրա, օրինակ՝ արտասահմանից ստացվող գումարների նվազման տեսքով։ Գաղտնիք չէ, որ դեպի Հայաստան դրամական փոխանցումների՝ տրանսֆերտների գերակշիռ մասը կատարվում է Ռուսաստանից։ Խոսքն այն գումարների մասին է, որոնք ուղարկում են Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնած մեր հայրենակիցները։ Այդ գումարները տարեկան կտրվածքով բավականին մեծ ծավալ են կազմում, որոշ տարիների հատել են 2 մլրդ դոլարը։ Եվ երբ Ռուսաստանի տնտեսական վիճակը վատթարանում է և այնտեղից Հայաստան ուղարկվող գումարները պակասում են, դա ազդում է մեր ամբողջ տնտեսության վրա։

«Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների և նավթի գների ցածր մակարդակի դեպքում Ռուսաստանի վերականգնման տեմպերի դանդաղումը ռիսկ է առաջացնում ՀՀ ներհոսող տրանսֆերտների, արտահանման ծավալների, հետևաբար նաև Հայաստանի տնտեսական աճի տեմպի դանդաղման ուղղությամբ»,- նշված է բյուջեի ուղերձում:

Հայաստանի տնտեսական աճի վրա նաև մեծ ազդեցություն ունեն մետաղների համաշխարհային գները, քանի որ Հայաստանի արտահանման կազմում հանքահումքը էական դեր ունի։ Երբ միջազգային շուկաներում դրանք էժանանում են, համապատասխանաբար նվազում են նաև Հայաստանի եկամուտները։ Դա հանգեցնում է Հայաստանից այդ ապրանքների արտահանման նվազմանը, արտահանման հաշվին արտարժույթի ներհոսքի կրճատմանը, հետևաբար և ՀՆԱ-ի աճի տեմպերի դանդաղմանը: Խոսքը պղնձի, մոլիբդենի և ոսկու մասին է։

Հայաստանի տնտեսական աճի վրա ազդում են միջազգային առևտրի ներկայիս տարաձայնությունները։ Ինչպես նշված է բյուջեի ուղերձում, եթե այդ տարածայնությունները շարունակվեն և ձեռնարկատերերի ու ներդրողների վստահությունները վատթարանան, ապա համաշխարհային վերելքի ներկայիս տեմպերի հնարավոր դանդաղումը կհանգեցնի մեր երկրից արտահանվող ապրանքների նկատմամբ պահանջարկի շարունակական անկման։

Սրանք այն ռիսկերն են, որոնք կախված չեն Կառավարությունից։ Գոնե՝ այս պահին։ Կառավարությունն այստեղ այլ խնդիր ունի՝ փոխել տնտեսության կառուցվածքը, դարձնել այն ավելի ներառական ու կայուն, որպեսզի հնարավորինս քիչ զգացվեն արտաքին տատանումները մեր տնտեսության վրա։ Օրինակ՝ եթե արտահանման կազմում այդքան մեծ չլինի հանքահումքի կշիռը, մետաղների միջազգային գնանկումն ավելի մեղմ ազդեցություն կունենան մեր տնտեսության վրա։

Այս ամենի հետ մեկտեղ գոյություն ունեն նաև տնտեսական աճի վրա ազդող ներքին ռիսկեր, որոնք արդեն զուտ մեր տնտեսության ներսում են։

Բնակլիմայական անբերանպաստ պայմաններ, ուշացող ներդրումներ և այլն. աճի ներքին ռիսկերը

Տնտեսական աճի վրա ազդող ներքին ռիսկերից մեկը գյուղատնտեսության անկախատեսելիությունն է՝ կապված բնակլիմայական պայմանների հետ։ «Ներքին միջավայրից բխող հիմնական ռիսկը բնա­կլիմայական անբարենպաստ պայմանների շարունակական դրսևորման հետևանքով գյուղատնտեսության ճյուղում հնարավոր ավելի ցածր աճի արձանագրումն է»,- նշված է բյուջեի ուղերձում:

Ներքին ռիսկերի շարքում են նաև սպասվող ներդրումների հնարավոր ուշացումները, տնտեսության կառուցվածքի նախատեսվող փոփոխությունների չիրականացումը և այլն։

Այլ խոսքով՝ սրանք ռիսկեր են, որոնք անորոշություններ են պարունակում և կարող են ցանկացած պահի ազդել Հայաստանի տնտեսության։ Եվ այս տեսանկյունից ավելի կարևոր է տնտեսության կառուցվածքի բարեփոխումը, արտաքին աշխարհից կախվածության թուլացումը, քան տնտեսական աճի թիվը։ 

Մեկնաբանություններ (1)

Վախթանգ Սիրասեղյան
Մեկ, մեկուկես տարի առաջ վարչապետը հայտարարում էր, որ ինքն ունի կախարդական փայտիկ, որի օգնությամբ կլուծի բոլոր խնդիրները: Կարծում եմ տնտեսության աճի ներքին և արտաքին ռիսկերը չեզոքացնելու համար վարչապետը պետք է դիմի իր հրաշագործ միջոցին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter