HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

«Իմ քայլը» դեմ է, որ ոստիկանապետի ու ԱԱԾ տնօրենի պաշտոնները քաղաքական լինեն

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ այսօր քննարկեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է ոստիկանապետի և ԱԱԾ տնօրենի պաշտոնները համարել քաղաքական, և այդ պաշտոններում նշանակվող անձանց համար սահմանել պատգամավորի թեկնածուին ներկայացվող պահանջները:

Հիշեցնենք, որ այս նախագծին քաղաքական մեծամասնությունը` «Իմ քայլը» խմբակցությունը կողմ էր քվեարկել: Նախագիծն ուղարկվել էր գրավոր առաջարկների փուլ, վերադարձից հետո ստացել Պետական-իրավական հարցերի հանձնաժողովի բացասական եզրակացությունը:

Նախագծի հիմնական զեկուցող, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը զարմացած է, որ փաթեթի բուռն քննարկումներից հետո, երբ քաղաքական մեծամասնությունը նախկինում կողմ էր, երկրորդ ընթերցման ժամանակ գլխադասային հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել:

«Շատ կարևոր է, որ խորհրդարանական կառավարման երկրում խոհրդարանական վերահսկողություն լինի, թափանցիկության և խորհրդարանական վերահսկողության այլընտրանք գոյություն չունի»,- ասաց Մարուքյանը:

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ փաթեթը բավականին երկար քննարկել են, փորձել են գտնել այնպիսի լուծում, որը կլիներ սահմանադրական, սակայն առկա կարգավորումներով հնարավոր չէ գտնել այնպիսի լուծում, որը չխարխլի համակարգը: Վարդանյանի խոսքով` չեն ուզում բարելավման փոխարեն վատթարացնել վիճակը:

Արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանն իր ելույթում նշեց, որ այս հարցի վերաբերյալ կառավարության մոտեցումը չի փոխվել, խնդիրն այն է, որ գործող իրավակարգավորումների պայմաններում հնարավոր չէ լուծում գտնել, առաջարկվող լուծումը միայն հատվածական է: Փոխնախարարը հիշեցրեց, որ այժմ ԱԱԾ-ն համարվում է զինվորական ծառայություն, ոստիկանությունը` պետական, և միայն որոշ դեպքերում է զինվորական ծառայություն, ուստի ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի տեղակալների, այսպես ասած, ազատականացումը և ամրագրումը, որ դրանք վարչական պաշտոններ համարվեն, թույլ չի տալիս որ զինվորականներ զբաղեցնեն այդ պաշտոնը: «Դա խնդիրներ կարող Է առաջացնել թե´ Սահմանադրության մեջ, թե´ աշխատանքում»,- ասաց Ռաֆիկ Գրիգորյանը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանն արձագանքեց. «Բացառիկ դեպքերից է, որ համաձայնում եմ Էդմոն Մարուքյանի հետ, համամիտ եմ, որ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն պետք է նախարարություններ լինեն և հաշվետու լինեն խորհրդարանին»: Պատգամավորը զարմացավ, թե ինչու է խմբակցությունը նախագիծն այնպես ձևակերպել, որ խնդիր կա Սահմանադրության հետ:

Մարուքյանը հակադարձեց` նախագիծն ամբողջությամբ սահմանադրական է, պարզապես առաջինից երկրորդ ընթերցում քաղաքական թիմը փոշմանել է, «շառ է անում Սահմանադրության վրա»: Մարուքյանը հիշեցրեց, որ ԱԱԾ տնօրենի հրաժարականից հետո քաղաքական մեծամասնության պատգամավորներն էին բարձրաձայնում այդ համակարգում անհրաժեշտ փոփոխությունների մասին, սակայմ այժմ համակարգի խարխլման մտավախություն ունեն:

Արտահերթ ելույթով հանդես եկավ նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Դիմելով Էդմոն Մարուքյանին` նա ասաց, որ նախագծի գաղափարին կողմ էին, սակայն լուծումը պետք է լիներ սահմանադրական:

«Չենք ուզում մեր գաղափարակից ընկերոջը նշանակել ԱԱԾ տնօրեն և միանգամից տալ գեներալի կոչում, որ համապատասխանի, քանի որ, ըստ Սահմանադրության, դա բարձրագույն զինվորական պաշտոն է»,- ասաց Միրզոյանը` հավելելով, որ համակարգի թափանցիկությանը կողմ են, սակայն լուծումը պետք է լինի համակարգային, Սահմանադրությանը համապատասխան:

Մարուքյանն արձագանքեց` եթե իրենց հեղինակածը թերի էր, քաղաքական մեծամասնությունը կարող էր այլ նախագիծ բերել, քանի որ «Սահմանադրությունից անդին քաղաքական մեծամասնություն կա»:

Նախագծի քննարկումն ավարտվեց:

Լուսանկարում` «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter