HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Գևորգ Կոստանյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց կալանավորումը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մարինե Մելքոնյանի, քիչ առաջ բավարարեց Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը՝ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Կոստանյանի պաշտպաններից Համբարձում Մելիք-Սարգսյանը:

Հետախուզման մեջ գտնվող Կոստանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունը դատարանում քննվել էր նոյեմբերի 30-ին, տևել մի քանի ժամ, ապա դատարանը հեռացել էր խորհրդակցական սենյակ՝ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու:

Հիշեցնենք, որ Գևորգ Կոստանյանը մեղադրյալ է ներգրավվել Մարտի 1-ի գործով: Վերջինիս վերագրվում է Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով նախատեսված արարք: Խոսքը, մասնավորապես, Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի, 38-308-րդ հոդվածի 2-րդ մասի, 38-314-րդ հոդվածի 1-ին մասի, 38-334-րդ հոդվածի 1-ին մասի և 38-349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մասին է, այսինքն՝ պաշտոնեական կեղծիք կատարելը,  պաշտոնեական դիրքի չարաշահումը, որն առաջացրել է ծանր հետևանքներ, պաշտոնեական կեղծիք կատարելուն դրդելը, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունը պարտակելուն դրդելը, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույց կեղծելուն դրդելը:

ՀՔԾ-ն Կոստանյանին որպես մեղադրյալ  ներգրավելու մասին հայտնել է նոյեմբերի 25-ին՝ միաժամանակ տեղեկացնելով, որ նրան առաջարկվել է 48 ժամվա ընթացքում ներկայանալ՝ մեղադրանք առաջադրելու համար: Գևորգ Կոստանյանը, որն ասում է, թե Մոսկվայում է, հայտնում բնակության և աշխատանքի վայրը, ողջամիտ չի համարել 48 ժամվա ընթացքում ներկայանալու ՀՔԾ-պահանջը: Նա նաև տեղյակ է պահել, որ պայմանագիր է կնքել ՌԴ դատախազության համալսարանի հետ՝ տեղում դասախոսելու նպատակով, և ուսումնական կիսամյակի և քննական շրջանի ավարտից հետո պատրաստվում է վերադառնալ Հայաստան:

Չնայած վերը նշվածին՝ Կոստանյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, և, փաստորեն, նրան կալանավորելու միջնորդություն ներկայացվել դատարան:

Հատուկ քննչական ծառայությունը Կոստանյանի մեղադրանքի վերաբերյալ մանրամասներ չի հայտնել, սակայն սեպտեմբերի 25-ին նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին մեղադրանք առաջադրելու վերաբերյալ որոշման մեջ շոշափվել են Կոստանյանին վերագրվող ենթադրյալ արարքները:

Մասնավորապես, ըստ Ալիկ Սարգսյանի մեղադրանքի վերաբերյալ տարածված հաղորդագրության՝ 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձություններից հետո Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ, համատեղությամբ նաև 2006 թվականի մարտի 14-ից ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, իսկ 2008 թվականի հուլիսի 2-ից՝ ՀՀ նախագահի օգնական Գևորգ Կոստանյանը և ՀՀ նախագահի օգնական, իսկ 2008 թվականի հուլիսի 2-ից՝ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Գևորգ Մհերյանը ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ կատարված առանձնապես ծանր հանցագործության՝ սահմանադրական կարգի տապալման գործիքներն ու միջոցները, ինչպես նաև հանցագործության հետքերը, այն է՝ 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ՀՀ ոստիկանության կողմից իրականացված անօրինական գործողությունները և ՀՀ զինված ուժերի հակասահմանադրական օգտագործման, այդ թվում՝ զինված ուժերի ծառայողների կողմից հրազենի ապօրինի գործադրման իրական հանգամանքները թաքցնելու և մարդու իրավունքների եվրոպական դատարանում ու միջազգային այլ կառույցներում տեղի ունեցածն իրավաչափ քողի ներքո ներկայացնելու խմբային շահերից ելնելով, ինչպես անձամբ, այնպես էլ այլ անձանց հետ հանցակցությամբ, չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները, ՀՀ ոստիկանության մի խումբ բարձրաստիճան պաշտոնատար անձանց, այդ թվում՝  2008 թվականի մայիսի 29-ից ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանի և սույն քրեական գործով նշված ժամանակահատվածում վարույթն իրականացնող մարմնի միջոցով կազմակերպել են նշված՝ առանձնապես ծանր հանցագործությունը նախապես չխոստացված պարտակելը՝ իրենց հանձնարարություններով ու ցուցումներով պաշտոնատար անձանց դրդելով պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն, պաշտոնեական կեղծիքների կատարման և ապացույցները կեղծելուն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter