HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

«Սահմանադրական ճգնաժամ», թե «Հրայր Թովմասյան ընդ քոմփանիին տուն ուղարկելու նախագիծ»

Խորհրդարանում Սահմանադրական դատավորների վաղ կենսաթոշակի անցնելու նախագծի քննարկումները ուղեկվեցին ընդդիմադիրների և քաղաքական մեծամասնության պատգամավորների միմյանց հասցեին հնչած քննադատություններով և մեղադրանքներով:

«Բարգավաճ Հայաաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ելույթը սկսեց անմխիթար վիճակում գտնվող դպրոցների շենքային պայմանները ցույց տվող լուսանկարներով: Պատգամավորը ցույց տվեց Գեղարքունիքի մարզի Շատվան, Դրախտիկ համայնքների դպրոցների, Վանաձորի Ստեփան Շահումյանի անվան դպրոցի լուսանկարները` ասելով, որ Կառավարությունն այս դպրոցները վերանորոգելու համար գումար չունի:

«Եւ հիմա բերել է մի նախագիծ, որը ոտից գլուխ, հյուսիսից հարավ քաղաքական է: Որ ՍԴ-ի խնդիրը քաղաքական է, այդ մասին իր հարցազրույցներից մեկում ասաց առաջին փոխվարչապետ պարոն Ավինյանը: Կարծում եմ՝ որևէ մեկը չի կասկածում, որ գործընթացը քաղաքական է: Հիմա ինչ է ստացվում, հարգելի քաղաքացիներ, դիմում եմ ձեզ, մեր իշխանությանը դուր չի գալիս ՍԴ-ի այս կազմը և հատկապես նախագահը: Ասել, որ մեր ուշքը գնում է Հրայր Թովմասյան պլյուս վեցնյակի համար, դա մեծ շռայլություն կլինի, բայց մենք ուզում ենք, որ գործընթացները լինեն բացառապես իրավական, ու որևէ քաղաքական պրեսինգ չլինի, ինչպես նախկինում է եղել: Հիմա առաջարկվում է, որ մեր և ձեր հարկերից 630 միլիոն վճարենք Հրայր Թովմասյան ընդ քոմփանիին և գումարած վեց դատավորին որպեսզի տուն գնան, նստեն թախտին»,- ասաց Զոհրաբյանը:

Պատգամավորը շարունակեց ելույթը` Հրայր Թովմասյանը հրաժարական ներկայացնելու և թոշակի անցնելու դեպքում ամսական կստանա մեկ միլին 375 հազար դրամ, վեց դատավորներց յուրաքանչյուրը՝ մեկ միլիոն դրամ: «Հարց է առաջանում` ինչու, ոնց եք որոշել, որ ձեզ դուր չի գալիս այդ կանտորան և  ուզում եք այդ կանտորայի դատավորներին փոխել ձեր քիմքին հարիր դատավորներով»,- ասաց Զոհրաբյանը` դիմելով քաղաքական մեծամասնությանը:

Քննադատական ելույթով հանդես եկավ նաև մյուս ընդդիմադիր խմբակցության` «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչ Գևորգ Գորգիսյանը` ակնարկելով, որ փոփոխությունները ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի համար են իրականացվում:

«Արդեն որերորդ անգամ տեսնում ենք երկակի ստանդարտների կիրառում, եթե տարբեր դեպքերում մեզ տհաճ էր, հիմա բեռ է դառնում քաղաքացիների վրա: Եթե խոսում ենք հին համակարգից մնացած մարդկանց մասին, որոնք վստահություն չունեն, հարգելի գործընկերներ, հին համակարգից մնացած դուք նախարարներ ունեք, պատգամավորներ, մենք ունենք ԿԲ նախագահ, տարբեր համակարգերում կան աշխատող մարդիկ հին համակարգից, այդ բոլորը ձեզ ձեռք են տալիս, սակայն կա մի կառույց, որոնց ասում եք` փող տանք, ուղարկենք տուն, լուծելու ճգնաժամը, որը առնվազն մտացածին է»,- ասաց Գորգիսյանը:

Գևորգ Գորգիսյանը, դիմելով քաղաքական մեծամասնությանը, առանց անուն հնչեցնելու ասաց` ՍԴ-ում միակ չաշխատող մարդը «Իմ քայլի» նշանակած ՍԴ անդամն է: Հավանաբար տեղից արձագանքեց Նիկոլայ Բաղդասարյանը, ինչին պատասխանեց Գևորգ Գորգիսյանը:

«Այո, պարոն Բաղդասարյան, նրա աշխատանքը նիստերին գնալն է, մենք իրեն աշխատավարձ ենք տալիս, որպեսզի անի դա, դուք ասում եք՝ առողջացնելու է ՍԴ-ն, թող առողջացնի, որևէ մեկին հետաքրքիր չէ նա իր աշխատասենյակում ինչով է զբաղված, նրա աշխատանքը սահմանադրական արդարադատություն իրականացնելն է, որը պետք է լինի նիստերին մասնակցելով: Հիմա դուք հայտարարում եք, որ նա չի մասնակցում նիստերին բայց աշխատում է»,- ասաց Գորգիսյանը` զուգահեռ անցկացնելով, որ պատգամավորը փակված իր աշխատասենյակում աշխատի, չմասնակցի լիագումար նիստերին, հանձնաժողովի նիստերին:

Գորգիսյանի խոսքով` քաղաքական մեծամասնությունը երկրի թիվ մեկ օրակարգը դարձրել է ՍԴ-ի խնդիրը, ապա հարցեր հնչեցրեց, թե քանի քաղաքացի է առնչվում ՍԴ-ին, քանիսը գիտի վերջինիս գործառույթների մասին, և առհասարակ քանիսին է այն հետաքրքրում:

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն իր ելույթում անդրադարձավ ընդդիմադիրների քննադատություններին:

«Տիկին Զոհրաբյան, իսկ ինչու են  դպրոցներն էդ վիճակում, երեսուն տարվա անկախություն ունենք, էն պատճառով են էդ վիճակում, որ նաև դուք, ՀՀԿ-ի հետ էստեղ նստած, կնոպկա եք սեղմել: Մենք էդ դպրոցները կվերանորոգենք, ինչպես ճանապարհներն ենք վերանորոգում, ինչպես բանակի հարցն ենք լուծում, էսօր մենք խնդիր ունենք, և էդ խնդրի մասին խոսում են բոլորը»,- ասաց նա:

Ալեն Սիմոնյանի համար զարմանալի է այն, որ ըստ Գևորգ Գորգիսյանի սահմանադրական ճգնաժամը կեղծ օրակարգ է:

«Դա էն տրամաբանությունից է, որ Սերժը մեղավոր չի, կողքիններն են մեղավոր: Էդ ոնց է ստացվում, որ դատական իշխանության ամենաբարձր դատարանը ոչ մի կապ չունի կեղծված ընտրություններին գնահատական տալուն, ոնց է ստացվում, որ կապ չունի: Հարկատուները մեզ 71 տոկոս ձայն են տվել, ասել են գնացեք, սաղ փոխեք, հիմա էլ մեզ մեղադրում են` ասում են ավելի արագ փոխեք, վստահեցնում եմ` ավելի արագ ենք փոխելու»,- ասաց նա:

Սիմոնյանը կոչ արեց ընդդիմադիրներից ԱԺ ամբիոնից սիրուն խոսքեր չհնչեցնել, խոսափող չծռել «Յութուբում» հայտնվելու կամ որևէ ձևով աչքի ընկել համար, քանի որ ժողովուրդն ամեն ինչ զգում է, և հնարավոր չէ մարդկանց խաբել:

«ՀՀ-ում կա ճգնաժամ, ու «Իմ քայլը» պարտավոր է այդ հարցը լուծել, ու մենք էդ հարցը լուծելու ենք»,-ասաց նա:

Հարցի առնչությամբ արտահերթ ելույթով հանդես եկավ նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը` ընդգծելով, որ չափազանց խորքային խնդրի շուրջ է  քննարկում ծավալվում:

Միրզոյանի խոսքով` Հայաստանի բնակչությունը երեսուն տարի շարունակ սպասել է, թե երբ է հայտնվելու ուժեղ ձեռք, որը կսրբի-կտանի այն վհուկներին, որոնք տարիներ շարունակ կեղեքել, թալանել են մարդկանց:

«Եւ ահա մի քաղաքական ուժ հայտ է ներկայացնում անել դա յուրովի, անել բաց ձեռքերով հեղափոխություն, բնականաբար, արժանանում է ծաղրի, մինչ այդ կար միտք, որ միայն զենքով է հնարավոր ազատվել, կյանքը ապացուցեց, որ զենքով չի լինում, բաց ձեռքերով հեղափոխութունը փաստ է: Հիմա մենք ասում ենք, որ քայլ առ քայլ պայքարելու ենք կոռուպցիայի դեմ և վերականգնելու ենք օրինականությունը, մենք անելու ենք օրինականության սահմաններում, գրված օրենքներով, վհուկների որս չի լինելու, ամեն ինչ լինելու է օրենքով»,- ասաց Միրզոյանը:

Ինչ վերաբերում է Լուսավոր Հայաստանին ԱԺ խոսնակն ասաց, որ շատ հարցերում են համակարծիք եղել, այն աստիճան, որ մի փուլում դաշինք են կազմել, սակայն կա տարբերություն իրենց միջև:

«Որովհետև մենք շատ բաներ ասում ենք` ստեղ ա ճիշտը, հենց գալիս է անելու պահը, դուք ասում եք` վույ, վու,յ վույ, աման-աման, հիմա ասեմ, էլի կասեն` երրորդ ճանապարհ, այ ձեր ցավը տանեմ, դուք չեք դուրս գալիս ձեր երրորդ ճանապարհի բանից, գալիս հասնում առվին` ասում կթրջվենք, չի կարելի»,-ասաց Միրզոյանը:

Նախագիծն առաջին ընթերցմամբ այսօր ընդունվեց, վաղը կլինեն երկրորդ ընթերցմամբ քննարկումները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter