HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել պոչանքների մշակմանը վերաբերող օրենքը, որը գրվել էր կոնկրետ ընկերության համար

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մերի Գալստյանը օրենքի նախագիծ է ներկայացրել, որով առաջարկում է ուժը կորցրած ճանաչել Սյունիքի մարզի 3 պոչամբարների արտադրական լցակույտերի մշակման ներդրումային ծրագրի մասին օրենքը: Վերջինս ընդունվել է 2015-ի հունիսի 23-ին եւ ուժի մեջ մտել նույն տարվա օգոստոսի 1-ին:

Հատուկ օրենք՝ կոնկրետ ընկերության համար

Այս օրենքի եւ դրան հաջորդած զարգացումների մասին «Հետքը» գրել է:

Օրենքով սահմանվել է, որ դրա ուժի մեջ մտնելու պահից (01.08.2015-ից) Սյունիքի մարզի Ողջիի եւ Փուխրուտի պոչամբարներում առկա լցակույտերի հանդեպ ՀՀ սեփականության իրավունքը փոխանցվում է «Ալյոտիգ» ՍՊԸ-ին: Այս պոչամբարները շահագործվել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) կողմից եւ կոնսերվացվել դեռ խորհրդային տարիներին: Երկուսն էլ գտնվում են Երեւան-Քաջարան ճանապարհի ձախ կողմում, Լեռնաձոր գյուղի հարեւանությամբ: Համարվում են կոնսերվացված, այսինքն՝ պետության հաշվեկշռում գտնվող, փաստացի նաեւ՝ ռեկուլտիվացված (ծածկված են հողաշերտով):

Մյուս կողմից՝ Արծվանիկի պոչամբարում մինչեւ 2011-ի դեկտեմբերի 31-ը կուտակված լցակույտերի հանդեպ օրենքով ճանաչվել է ԶՊՄԿ-ի սեփականության իրավունքը, սակայն պայման է դրվել, որ այդ, ինչպես նաեւ 2012-ի հունվարի 1-ից հետո նույն պոչամբարում կուտակված պոչանքները որպես սեփականություն հանձնվելու են ՀՀ-ին այն օրը, երբ Արծվանիկը կկոնսերվացվի, կամ դրա շահագործումը կդադարեցվի: Օրենքով, սակայն, ՀՀ-ն էլ իր հերթին Արծվանիկի լցակույտերը պիտի անմիջապես հանձներ «Ալյոտիգի» սեփականությանը:

Հենց այս ընկերությունն էր ցանկություն հայտնել վերամշակել նշված պոչամբարների լցակույտերը: Օրենքի ուժի մեջ մտնելուց մեկ տարվա ընթացքում՝ մինչեւ 2016-ի օգոստոսի 1-ը, «Ալյոտիգը» պետք է կառավարության հաստատմանը ներկայացներ մաստեր պլան, սակայնը գործը դրան չի հասել: Օրենքի ընդունումից 6 ամիս անց դատարանը ֆիննախի պահանջով սնանկ է ճանաչել ըներությանը: Այդուհանդերձ, «Ալյոտիգը» կարողացել է առողջանալ ու այժմ էլ գործող ընկերություն է:

Ինչո՞ւ պետք է ուժը կորցրած ճանաչել «Ալյոտիգին» առնչվող օրենքը

Պատգամավոր Մերի Գալստյանի ներկայացրած օրինագծի հիմնավորման մեջ ասվում է, որ «Ալյոտիգ» ընկերությունը չի իրականացրել ծրագրով նախատեսված պարտավորությունները, մասնավորապես՝ ներդրումային ծրագրով նախատեսվում էր մեկ տարվա ընթացքում մշակել եւ կառավարության հաստատմանը ներկայացնել մաստեր պլան, որը պետք է ներառեր տեղեկատվություն ծրագրի իրականացման հիմնական նպատակների, գործողությունների, հիմնական եւ միջանկյալ փուլերի մասին:

Բացի այս կետից, ըստ օրինագծի հիմնավորման, 2016 թ. փոփոխություններ են կատարվել Ընդերքի մասին օրենսգրքում, ներմուծվել է 5.1 գլուխը, որով մանրամասն կարգավորվում են ընդերքօգտագործման թափոնների վերամշակման ընթացակարգերը: «Համաձայն վերոնշյալ փոփոխությունների՝ ընդերքօգտագործման թափոնների վերամշակումը եւս հանդիսանում է ընդերքօգտագործում, եւ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման թույլտվություն ստանալու համար 2016 թվականից ի վեր գործում են նոր եւ հստակ ընթացակարգեր եւ կարգավորումներ, որոնք ներառում են նաեւ վերամշակման ծրագրերի բնապահպանական ազդեցությունների եւ ռիսկերի կառավարմանն առնչվող հարցեր»,- նշված է օրինագծում:

Հիշեցնենք, որ «Ալյոտիգ» ՍՊԸ-ն նպատակ ուներ պոչամբարների լցակույտների մշակման ծրագիրն իրականացնել ռուսաստանցի գործարար Եվգենի Գիների հովանավորությամբ, որի «VS Energy International» (VSEI) հոլդինգը հանդես էր գալիս որպես ծրագրի ներդրող: «Ալյոտիգի» այն ժամանակվա գլխավոր տնօրեն, լեռնային ինժեներ Մանվել Ոսկանյանը, ով թափոնների մշակման ծրագրի հեղինակն է, «Հետքին» հայտնել էր, որ իրենք նախապես չէին մտածում ծրագրի համար օրենք ընդունելու մասին, սակայն ԶՊՄԿ-ի հետ վերջնական համաձայնության գալու մասով ինչ-ինչ խնդիրներ էին ծագել, եւ դրանից հետո ներդրողը պնդել էր, որ անհրաժեշտ է օրենքի ուժ տալ ծրագրին, ինչն էլ, փաստորեն, տեղի էր ունեցել: 

Սակայն, Ոսկանյանի փոխանցմամբ, ծրագրի իրականացումը ձախողվեց 2014-ին Ուկրաինայում սկսված քաղաքական պրոցեսների ու պատերազմի պատճառով, որոնք ուղիղ հարված էին Եվգենի Գիների ուկրաինական բիզնեսին, մյուս կողմից՝ գործարարը մեծ գումարներ էր ներդնում Մոսկվայում կառուցվող նոր մարզադաշտի վրա, ինչի հետեւանքով էլ հայաստանյան պոչամբարների թափոնակույտների մշակման ծրագիրն օրակարգից դուրս եկավ: Չնայած դրան՝ Մանվել Ոսկանյանը «Հետքի» հետ զրույցում նշել էր, որ մտադիր է ծրագիրը կյանքի կոչել (թեկուզ առանց «Ալյոտիգի»), ինչի համար փնտրում է ներդրողների:     

Առաջին լուսանկարում՝ Արծվանիկի պոչամբարը

Տես նաեւ՝

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter