
«Հարգում և սիրում եմ Մարինա Թաշչյանին, բայց այդպիսի բան չկա». Մելիքբեկյանը՝ Մխիթարյանին հավաքական չհրավիրելու հայտարարության մասին
«Սրանք վերջին տարիների ընթացքում առաջին մրցակցային ընտրություններն էին, ինչն էլ արդեն իսկ շատ դրական գործընթաց է հայկական ֆուտբոլում»: Այս մասին ՀՖՖ արտահերթ ժողովի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ֆեդերացիայի նորընտիր նախագահ Արմեն Մելիքբեկյանը:
Նա իր առաջնահերթ ծրագրերի թվում նշեց մարզական ֆուտբոլի զարգացմամբ զբաղվող հիմնադրամի, վետերան ֆուտբոլիստների արհմիության, ինչպես նաև պրոֆեսիոնալ լիգայի ստեղծումը:
Անդրադառնալով այն մեղադրանքներին, թե ինքը իր լրագրողական գործունեության տարիներին հակահայկական գործունեություն է ծավալել, Արմեն Մելիքբեկյանը այդ որակումը ծիծաղելի համարեց.
«Եթե ես այդպիսի գործունեություն ծավալեի, չէի աշխատի որպես Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանի տեղակալ, որը նաև Ազգային անվտանգության ծառայության տնօրենն էր: Դրանք դատարկ շահարկումներ են: Հիմա այլևս չեմ ցանկանում պատասխանել այդ մեղադրանքներին: Ես հայկական ֆուտբոլի նվիրյալ եմ, և դրա մասին կարող են փաստել շատերը: Ես ցանկանում եմ, որ մենք զերծ մնանք շահարկումներից, խոսենք միայն ֆուտբոլից, քանի որ այսօր մեզ պետք է միասնականություն: Հայկական ֆուտբոլը վերջապես պետք է նոր մակարդակի դուրս գա, որի նախադրյալներն այս պահին կան»,- ասաց ՀՖՖ նորընտիր նախագահը:
Խոսելով Հենրիխ Մխիթարյանի մոր՝ Մարինա Թաշչյանի այն մտավախությունից, թե ֆեդերացիայի հետ տարաձայնությունների պատճառով Հայաստանի ազգային հավաքականի ավագը կարող է չհրավիրվել հավաքական, Արմեն Մելիքբեկյանը բացառեց այդ սցենարը:
«Հայաստանի հավաքականի կազմը ընտրում է մարզիչը, և ես չեմ պատկերացնում մի մարզչի, որն այսօր Մխիթարյանին չի հրավիրի հավաքական: Կարծում եմ՝ դա էմոցիոնալ հայտարարություն էր: Ես շատ հարգում և սիրում եմ Մարինա Թաշչյանին, բայց այդպիսի բան չկա»,- ասաց ֆեդերացիայի նախագահը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Մեկնաբանել