
Դատախազությունը մերժել է Արմեն Թավադյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը
Դատախազությունը մերժել է 5-րդ ալիքի սեփականատեր Արմեն Թավադյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը: Այս մասին «Հետք»-ի հարցին ի պատասխան՝ ասաց դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
«Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը, ուսումնասիրելով քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված Արմեն Թավադյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անձնական երաշխավորությամբ փոխարինելու վերաբերյալ վերջինիս պաշտպանի և մամուլի մի շարք ներկայացուցիչների կողմից ներկայացված միջնորդությունը, որոշում է կայացրել մերժել այն՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ»,- ասաց Խաչատրյանը:
Վերջինիս խոսքով`դատախազը գտել է, որ ներկա փուլում քրեական գործով իրականացվում է ակտիվ նախաքննություն, և դեռևս պետք է կատարվեն բազմաթիվ քննչական, այլ դատավարական գործողություններ, որոնց պայմաններում որևէ այլ խափանման միջոց, բացի կալանավորումը, ի զորու չեն կանխելու մեղադրյալի հնարավոր ոչ իրավաչափ վարքագիծը, չեզոքացնելու կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ որոշմամբ դատարանի կողմից նշված հիմքերը:
Հիշեցնենք, որ ԶԼՄ մի շարք ներկայացուցիչներ անձնական երաշխավություն են ներկայացրել Թավադյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու վերաբերյալ:
Թավադյանը ձերբակալվել է դեկտեմբերի 24-ին, ապա նրան մեղադրանք է առաջադրվել կազմակերպված խմբի կողմից վկային կամ տուժողին սուտ ցուցմունք տալու նպատակով կաշառելու հոդվածով, և դատարանի որոշմամբ նա կալանավորվել է:
Քրեական գործով, որի շրջանակներում Թավադյանը կալանավորվել է, մեղադրյալ է նաև Ռոբերտ Քոչարյանի աջակից Վարուժան Մկրտչյանը, որն, ըստ ոստիկանության տեսանյութի, «Մարտի 1-ի գործով» տուժողին գումարի և հետագայում պաշտոնի դիմաց ցուցմունքից հրաժարվելու առաջարկ էր արել: Մկրտչյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Մեկնաբանել