HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Նախկին պատգամավորը Չեխիայում ձեռնարկատիրությամբ է զբաղվել, բիզնեսն էլ չի հայտարարագրել

Այն, որ հայ պաշտոնյաների մի ստվար հատված եւ նրանց հարազատները ընկերություններ ու գույք ունեն արտասահմանում, նորություն չէ, բայց հարցն այն է, որ նրանց մի մասն այդ բիզնեսն ու գույքը չի հայտարարագրում՝ վստահ լինելով, որ համապատասխան հանձնաժողովը (նախկինում՝ բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողով, ներկայում՝ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով) եւ հանրությունն այդ մասին չեն իմանալու, ու, բնականաբար, հետեւանքներ էլ չեն լինելու: 

Նախկինում անդրադարձել ենք, մասնավորապես, Չեխիայում տարբեր նպատակներով ընկերություններ հիմնած ու նաեւ գույք ձեռք բերած որոշ պաշտոնյաների եւ նրանց հարազատներին: 

Սնանկացած «Աշտարակ-կաթի» տիրոջ չեխական ունեցվածքը

Այսօր կպատմենք ԱԺ նախկին պատգամավոր Աշոտ Ափոյանի մասին, ով ոչ միայն ընկերություն է հիմնել եվրոպական երկրում, այլեւ մեծածավալ գույք ձեռք բերել:

Ա. Ափոյանը պատգամավոր է եղել 2003-2012 թթ.: Անկուսակցական է, սակայն թե՛ 2003-ի, թե՛ 2007-ի ընտրություններում խորհրդարան է մտել ՀՅԴ համամասնական ցուցակով: Ափոյանը հանրությանն առավել հայտնի է որպես կաթնամթերք արտադրող «Աշտարակ-կաթ» ՓԲԸ-ի սեփականատեր:

2016-ի դեկտեմբերի 19-ին այս ընկերությունը սնանկ է ճանաչվել: Տարիների ընթացքում ՓԲԸ-ն մեծ ծավալի պարտքեր էր կուտակել տարբեր անձանց ու կազմակերպությունների, ինչն էլ, ի վերջո, հանգեցրել է սնանկության: 2017-ի մայիսի 2-ից ընկերությունը գտնվում է լուծարման գործընթացում, եւ այժմ դրան պատկանող, ինչպես նաեւ վերջինիս վարկային պարտավորությունների կատարման համար գրավադրված, սակայն այլ անձանց պատկանող գույքը վաճառվում է աճուրդում: Օտարվող անշարժ գույքի մեջ են Արագածոտնի Ագարակ գյուղում գտնվող արտադրական շինություններն ու հողամասը, որոնք պատկանում են ՓԲԸ-ին, ինչպես նաեւ նույն մարզի Ուշի գյուղում գտնվող եւ Ափոյանի կնոջը պատկանող հողատարածքները: Ընդհանուր առմամբ վաճառքի է հանվել ավելի քան 1000 լոտ, որոնց մի մասը մինչ այս պահն արդեն իրացվել է: 

Պարզվում է՝ Աշոտ Ափոյանը 2006-ի հունիսի 19-ին «ZÁTKA» (թարգմանաբար՝ խցան) անունով ՍՊԸ է հիմնել Չեխիայի մայրաքաղաք Պրահայում (Letňany, Kostomlatská 684/414 - բնակելի շենք է): Ափոյանը 2006-2010 թթ. եղել է չեխական ընկերության միակ փայատերն ու տնօրենը: Բայց հարցն այն է, որ ԱԺ պատգամավորը, ՀՀ Սահմանադրության համաձայն, իրավունք չուներ զբաղվել ձեռնարկատիրությամբ, այսինքն՝ կարող էր լինել սեփականատեր, բայց ոչ կառավարիչ կամ ղեկավար՝ տնօրեն: Այդ ժամանակ գործող Սահմանադրությունը (2005 թ. փոփոխություններով) հստակ նշում էր. «Պատգամավորը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առեւտրային կազմակերպություններում, կատարել այլ վճարովի աշխատանք՝ բացի գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքից»:  

«ZÁTKA»-ի գործունեության ոլորտն ի սկզբանե եղել է անշարժ գույքի վարձակալությունը, սակայն 2007-ին ավելացել են նոր սեգմենտներ՝ մեծածախ եւ մանրածախ առեւտուր, առեւտրային միջնորդական գործունեություն, ոչ ալկոհոլային խմիչքների արտադրություն: Ընկերության կանոնադրական կապիտալը 200.000 չեխական կրոն է, ինչը ներկայում հավասար է 4,2 մլն դրամի:

Գործունեության ընդլայնման արդյունքում ՍՊԸ-ն Պրահայից տեղափոխվել է դրա հարեւան Կարանի (Káraný) գյուղ: Վերջինս հայտնի է նրանով, որ այստեղ է գտնվում Չեխիայի մայրաքաղաքի խմելաջրի մատակարարման համակարգի կարեւոր կառույցներից մեկը՝ Կարանիի ջրամաքրման կայանը:

Հենց այս կայանի հարեւանությամբ էլ (U Vodárny 193 - արտադրական տարածք է) «ZÁTKA» ՍՊԸ-ն անշարժ գույք է ձեռք բերել: Հողամասի ընդհանուր մակերեսը 5645 քմ է, որի վրա նաեւ շենք-շինություններ կան:

Աշոտ Ափոյանը, բացի Չեխիայում ընկերություն հիմնելուց, 2007-ի ապրիլին ««Աչեկ» հայ-չեխական տնտեսական խորհուրդ» ՀԿ է ստեղծել Երեւանում, որը, սակայն, հետագայում լուծարվել է:

2010-ի մարտին «ZÁTKA» ՍՊԸ-ի տնօրեն է դարձել նաեւ գործարար պատգամավորի որդին՝ Հայկը, ում միաժամանակ անցել է ընկերության 90 %-ը:

Ինչպես ասվեց, Ա. Ափոյանը պատգամավոր է եղել 2003-2012 թթ.: 2012-ի մայիսին պաշտոնի դադարեցումից հետո նա պետք է գույքի եւ եկամուտների հայտարարագիր ներկայացներ, սակայն դա արել է միայն 2 տարի անց՝ 2014-ի ապրիլին: Հայտարարագրում նախկին ՀՅԴ-ական պատգամավորը պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ (31.05.2012 թ.) որպես անշարժ գույք նշել է 1 բնակարան եւ 11 հողամաս, որոնց հասցեները չեն հրապարակվում, այսինքն՝ դժվար է ասել, թե արդյոք Ափոյանը հայտարարագրել է իր չեխական գույքը:

Բայց փաստն այն է, որ «ZÁTKA» ՍՊԸ-ում ունեցած 10 % բաժնեմասը (20.000 չեխական կրոն կամ 420 հազ. դրամ) նա չի հիշատակել, ինչն օրենքի խախտում է: Արժեթղթերի եւ ներդրումների բաժնում Աշոտ Ափոյանը նշել է միայն 838 մլն դրամի «այլ արժեթուղթ», ինչը, բնականաբար, չի կարող չեխական ՍՊԸ-ի բաժնեմասը լինել:

2017-ի դեկտեմբերին, երբ Ափոյանների գործերը Հայաստանում շատ վատ էին՝ «Աշտարակ-կաթ» ՓԲԸ-ն սնանկ էր ճանաչվել ու արդեն լուծարման գործընթացում էր գտնվում, հայր եւ որդի Ափոյանները չեխական «ZÁTKA» ընկերությունը փոխանցել են Հայկի աներոջը՝ Հայկ Սարոյանին, ով դարձել է թե՛ միակ փայատերը, թե՛ տնօրենը: Չեխական ռեգիստրում ընկերության ներկայացրած վերջին փաստաթուղթը հենց 2017-ի այս փոփոխությանն է վերաբերում: Դատելով համացանցում առկա վերջին լուսանկարներից (տես ստորեւ)՝ «ZÁTKA» ՍՊԸ-ի Կարանիի արտադրամասը ներկայում չի գործում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter