HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Գեորգի Կուտոյանի մահվան դեպքով քրգործ է հարուցվել ինքնասպանության հասցնելու հոդվածով․ սենյակում բազմաթիվ պարկուճներ, գնդակներ են հայտնաբերվել

Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի առթիվ  քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի  110-րդ հոդվածի 1-ին մասով, այն է` ինքնասպանության հասցնելը։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը։ Վերջինս հայտնեց, որ դեպքի վայրում հայտնաբերվել է GLOCK տեսակի ատրճանակ։

«Մենք հենց տեղում պարզել ենք, որ իր զենքն է, պարգևատրման կարգով ստացել է Վրաստանի անվտանգության ծառայության ղեկավարի կողմից»,- ասաց Արթուր Մելիքյանը։ Վերջինս նշեց, որ սենյակում, որտեղ հայտնաբերվել է Գեորգի Կուտոյանի դին, 3-4 տասնյակ պարկուճներ և գնդակներ են հայտնաբերվել, սենյակի պատերին եղել են բազմաթիվ  վնասվածքներ։

Մելիքյանն ասաց, որ թեև քրեական գործը հարուցվել է ինքնասպանության հասցնելու հոդվածով, մահվան դեպքով բազմաթիվ վարկածներ են առաջ քաշվում։

«Կարող է լինել նաև սպանություն՝ քողարկված ինքնասպանությամբ»,- ասաց Արթուր Մելիքյանը՝ նշելով, որ քննչական հետագա գործողությունների արդյունքում կպարզվի ճշմարտությունը։

ՔԿ նախագահի տեղակալի խոսքով՝  արտաքին զննությամբ Կուտոյանը վնասվածք ունի քունքի շրջանում, իսկ դատաբժշկական փորձաքննությամբ հնարավոր կլինի պարզել՝ այլ վնասվածք ունեցե՞լ է, թե՞ ոչ։

Լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք հարևանները լսե՞լ են կրակոցի ձայներ, ինչին ի պատասխան՝ Մելիքյանն ասաց, որ այս պահին որևէ անձ չի հայտնել կրակոցի ձայն լսելու մասին։

Նշենք, որ քննչական գործողությունները դեպքի վայրում դեռեւս շարունակվում են, Արթուր Մելիքյանն ասաց, որ գործի շրջանակներում անձինք են հարցաքննվում, թե ովքեր, լրագրողներին չհայտնեց։

Ի դեպ, այսօր դեպքի վայր էր եկել նաև Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը։ Արթուր Մելիքյանը նշեց, որ նա իրեն խնդրել է թույլատրել բարձրանալ դեպքի վայր, սակայն ինքը թույլ չի տվել։

Հիշեցնենք, որ այսօր հայտնի դարձավ, որ Երևանի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով:

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter