HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Զորակոչից խուսափած ՀՀ քաղաքացիներն առայժմ Հայաստան վերադառնալ չեն կարող

«Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքն իր ուժը կորցրել է դեկտեմբերի 31-ին, և չկա այլ օրենք, որը կարգավորում է զորակոչից խուսափած և հայրենիք վերադառնալ ցանկացող ՀՀ քաղաքացիների վերաբերյալ իրավահարաբերությունները:

Սա նշանակում է, որ արտերկրում գտնվող զինվորական ծառայություն չանցած և հետախուզման մեջ գտնվող ՀՀ քաղաքացիները Հայաստան վերադառնալուց անմիջապես հետո ենթարկվելու են քրեական պատասխանատվության: Վերոնշյալ օրենքի համաձայն` այս քաղաքացիները կարողանում էին պետական տուրք վճարել և ազատվել քրեական պատասխանատվությունից:

Ամիսներ առաջ ԱԺ պատգամավորներ Մխիթար Հայրապետյանը, Անդրանիկ Քոչարյանը և Արման Բաբաջանյանը նոր կարգավորումներ էին առաջարկում զինծառայությունից խուսափելու պատճառով քրեական հետապնդման մեջ գտնվող անձանց վերաբերյալ, սակայն տարեվերջին նախագծի համահեղինակ Մխիթար Հայրապետյանը նախագիծը հանել է շրջանառությունից: Այս մասին զրուցեցինք պատգամավորի հետ:

«Դեկտեմբերի վերջին կառավարության մեր գործընկերների խնդրանքով այն հանել ենք շրջանառությունից` պայմանով, որ պետք համատեղ է աշխատենք պաշտպանության նախարարության հետ: Կա նման տարբերակ, որ բոլորովին նոր օրենք կարող է գրվել կամ մեր առաջարկած նախագծի վրա համատեղ աշխատելու ենք»,-ասաց Մխիթար Հայրապետյանը:

Հայրապետյանի խոսքով` առաջիկա օրերին նախատեսվում է քննարկումների շարք պաշտպանության նախարարության հետ:

«Չի բացառվում, որ բոլորովին նոր` կոնցեպտուալ մոտեցումներ կներկայացնի ՊՆ-ն, այս պահին որևէ հստակ բան ասել չեմ կարող: Կարծում եմ՝ հունվարի վերջին կառավարության դիրքորոշումը շատ ավելի հստակ կլինի: Եթե ՊՆ-ն գտնի, որ ամեն դեպքում բոլորովին նոր նախագծի անհրաժեշտություն կա, ապա, կարծում եմ, ես ու իմ գործընկերները կգնանք փոխզիջման ճանապարհով»,-ասաց Մխիթար Հայրապետյանը: Պատգամավորը նաև վստահեցրեց, որ «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքը փոփոխության չի ենթարկվելու. այն այլևս չի գործելու:

«Սա ասում եմ նաև արտերկրում գտնվող մեր քաղաքացիներին»,-ասաց նա:

Մեր հարցին, թե ինչ են անելու այն քաղաքացիները, որոնք ուզում են հայրենիք վերադառնալ, սակայն վերադառնալու դեպքում կարող են քրեական պատասխանատվության ենթարկվել, քաղաքական մեծամասնությունը ներկայացնող Մխիթար Հայրապետյանն ասաց. «Պիտի սպասեն մինչև կառավարությունն այս հարցում հստակեցնի իր դիրքորոշումը»:

Պատգամավորներն իրենց հեղինակած նախագծով առաջարկում էին զորակոչից խուսափած անձի մինչ 27 տարին (պահեստազորի դեպքում՝ մինչ 35) լրանալը վերջինիս ազատել քրեական պատասխանատվությունից, եթե նա ինքնակամ ներկայացել է զինվորական կոմիսարիատ և նրա նկատմամբ օրենքով սահմանված կարգով կայացվել է որոշում: Եթե լրացել է անձի 27 (պահեստազորի դեպքում՝ 35) տարին, ապա նրա նկատմամբ քրեական հետապնդումը կդադարեցվի, եթե նա Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով վճարել է պայմանագրային զինվորական ծառայողի երկու տարվա աշխատավարձի և հավելավճարների չափով գումար կամ անցել է պայմանագրային զինվորական ծառայության երկու տարի ժամկետով:

Հիշեցնենք նաև, որ «Լուսավոր Հայաստանն» առաջարկում էր ժամանակավոր լուծում` ևս մեկ տարով երկարաձգել «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքի գործողության ժամկետը, սակայն նախագիծը նույնիսկ օրակարգ ներառելու հարցը չստացավ դրական եզրակացություն:

Մեկնաբանություններ (1)

Gevorg
Кагда следуюший призив

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter