
«Ադեկվադ»-ի անդամներ Արթուր Դանիելյանը, Ազատ Ադամյանը, Գրիգոր Մինասյանը նույնպես ոստիկանությունում են
Ոստիկանությունն այսօր բերման է ենթարկել ոչ միայն «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանին, «Ադեկվադ» միաբանության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանին, այլ նաև «Ադեկվադ»-ի այլ անդամների՝ Ազատ Ադամյանին, Գրիգոր Մինասյանին, Արթուր Դանիելյանին: Ոստիկանությունից հաստատում են Դանիելյանին բերման ենթարկելու մասին տեղեկությունը՝ այլ մանրամասներ չհայտնելով։
Կապվեցինք Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ՝ պարզելու համար, թե արդյոք ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը, որը ոստիկանություն էր այցելել Նարեկ Մալյանի փաստաբանի ահազանգով, հանդիպե՞լ է բերման ենթարկված մյուս անձանց։ ՄԻՊ գրասենյակից հայտնեցին, որ արձագանքման խումբը Ոստիկանության բաժնում բացի Նարեկ Մալյանից, առանձնազրույցներ է ունեցել նաև Արթուր Դանիելյանի, Ազատ Ադամյանի, Կոնստանտին Տեր-Նակալյանի հետ: Այս պահին տեղի է ունենում առանձնազրույց Գրիգոր Մինասյանի հետ:
Հիշեցնենք, որ բերման ենթարկվածներից Նարեկ Մալյանն այս պահին արդեն ազատ է արձակվել։ Ըստ ոստիկանության՝ նա բերման էր ենթարկվել զենք-զինամթերք պահելու կամ կրելու կասկածանքով։ Մալյանը լրագրողների հետ զրույցում քիչ առաջ հայտնեց, որ իր մոտ զենք չի հայտնաբերվել։
Լուսանկարում՝ Արթուր Դանիելյանը
Մեկնաբանել