HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Քոչարյանի պաշտպանները ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին դատախազության բողոքը քննող դատավոր Արմեն Դանիելյանին

Վերաքննիչ քրեական դատարանում՝ նախագահությամբ դատավոր Արմեն Դանիելյանի, այսօր սկսվեց դատախազության բողոքի քննությունը Մարտի 1-ի մայր գործի ամբողջական նյութերը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին տրամադրելու որոշման դեմ:

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արման Հովհաննիսյանի, 2019-ի տարեվերջին բավարարել է Քոչարյանի պաշտպանների բողոքը և ՀՔԾ-ին պարտավորեցրել Մարտի 1-ի մայր գործի ամբողջ նյութերը տրամադրել պաշտպաններին: Այս որոշման հետ դատախազությունը համաձայն չէ և բողոքարկել է:

Այսօրվա դատական նիստին Քոչարյանը ներկա չէր: Նրա պաշտպաններ Հովհաննես Խուդոյանը և Արամ Վարդևանյանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին դատավոր Արմեն Դանիելյանին:

Ըստ պաշտպանների՝ Արմեն Դանիելյանը կանխակալ վերաբերմունք ունի Ռոբերտ Քոչարյանի անձի, նրա վերաբերյալ գործի նկատմամբ: Նշենք, որ դատավոր Արմեն Դանիելյանն այն դատավորն է, ով բեկանել է առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշումները՝ Ռոբերտ Քոչարյանին 2019 թվականի մայիսի 18-ին ազատ արձակելու, ինչպես նաև մայիսի 20-ին Քոչարյանի և մյուսների գործի վարույթը կասեցնելու և սահմանադրական դատարան դիմելու որոշումները:

Հովհաննես Խուդոյանը նշեց, որ դատավոր Արմեն Դանիելյանը վերը նշված որոշումները կայացրել է առանց Ռոբերտ Քոչարյանի և նրա պաշտպանների դիրքորոշումը լսելու, որից հետո պաշտպանները կոշտ քննադատության են ենթարկել դատավորին: Օրինակ՝ ինքը՝ Խուդոյանն, այդ որոշումը որակել է խայտառակություն, Արամ Վարդևանյանը նշել է, որ այդ որոշումը քրեական դատավարությունից դուրս են, իսկ Քոչարյանի պաշտպաններից Ռուբեն Սահակյանը, խոսելով դատավոր Արմեն Դանիելյանի դատական ակտի մասին, ասել է, որ «կան մերթապաշտ դատավորներ, որոնցից իրենք ակնկալիք չեն կարող ունենալ»: Սահակյանն ընդհուպ հանցագործ է անվանել  Դանիելյանին:

Ըստ պաշտպանների՝ դատավոր Դանիելյանը մամուլի հրապարակումներից կամ առնվազն այսօրվա դատական նիստից պետք է տեղյակ լինի իր վերաբերյալ արված արտահայտություների մասին, որոնք  կարող են հանգեցնել բացասական վերաբերմունքի իչպես պաշտպանների, այնպես էլ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ:

Խուդոյանը նշեց նաև, որ Արմեն Դանիելյանը Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու դատակական ակտը բեկանելու մասին որոշումը կայացնելուց հետո շուրջ երկու ամիս գործի նյութերը չի վերադարձրել առաջին ատյանի դատարան՝ այսպիսով զրկելով նրան առաջին ատյանում Քոչարյանի խափանման միջոցի հարցը քննության առարկա դարձնելու հնարավորությունից:

Պաշտպանը նշեց, որ դատավոր Արմեն Դանիելյանի դատական ակտում եղել է մի արտահայտություն, որը հաճախ տեղ է գտել վերաքննիչ դատարանի մեկ այլ դատավորի՝ Ռուբիկ Մխիթարյանի դատական ակտերում, ով ավելի վաղ քննել է Քոչարյանի խափանմանբ միջոցի գործն ու նրան կալանավորելու որոշում կայացրել:

Խոսքը «հակառակ տեսակետի հետ չհամաձայնվելու իրավական հիմքեր առկա չեն»  արտահայտության մասին է: Հովհաննես Խուդոյանի խոսքով՝ ինքը «Դատալեքս»  դատական տեղեկատվական համակարգում փնտրել է վերը նշված արտահայտությունն ու նկատել, որ Ռուբիկ Մխիթարյանն այդ արտահայտությունն օգտագործել է ինը դատական ակտերում, իսկ Արմեն Դաիելյանը՝ միայն մեկում՝ Քոչարյանի գործով դատական ակտում:

Խուդոյանը հիշեցրեց, որ այն ժամանակ, երբ դատավոր Դավիթ Գրիգորյանը կայացրել էր Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու, ինչպես նաև Մարտի 1-ի գործի վարույթը կասեցնելու և ՍԴ դիմելու որոշումները, մամուլում հրապարակում եղավ այն մասին, որ որոշումը գրել են վերաքննիչ դատարանի դատավորներ Արշակ Վարդանյանը, Մխիթար Պապոյանը և Վազգեն Ռշտունին: Այս հրապարակումից հետո քրեական գործ է հարուցվել, որի քննությունը շարունակվում է: Խուդոյանը նշեց, որ դատախազությունը կարող  է Ռուբիկ Մխիթարյանի դատական ակտում տեղ գտած արտահայտությունը Արմեն Դանիելյանի դատական ակտում կրկնվելու վերաբերյալ իր խոսքը ընդունել որպես հանցագործության մասին հաղորդում, նշեց, որ նման պայմաններում Արմեն Դանիելյանը չի կարող լինել անաչառ դատավոր:

Նշենք, որ Քոչարյանի վերաբերյալ բողոքներից մեկի քննության ժամանակ դատախազությունը, հղում կատարելով մամուլի՝ վերը նշված հրապարկումից հետո քննվող քրեական գործին, ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել դատավոր Մխիթար Պապոյանին: Դատավոր Արմեն Դանիելյանի դատական ակտում Ռուբիկ Մխիթարյանի դատական ակտերին բնորոշ արտահայտություններ հայտնաբերելու Հովհաննես Խուդոյանի խոսքն, ըստ էության միտված էր երկու իրավիճակների միջև զուգահեռներ անցկացնելուն, ու ցույց տալուն, որ եթե Մխիթար Պապոյանն, ըստ դատախազության չի կարող քննել Քոչարյանի գործով բողոքը, ապա Արմեն Դանիելյանը նույնպես չի կարող:

Խուդոյանը մեջբերեց նաև ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի տված հարցազրույցներից մեկից մի հատված, որում, ըստ պաշտպանի, ԲԴԽ նախագահն ասել է, թե «իշխանությունը ցանկանում է, որ մեր բոլոր դատավորները լինեն Արմեն Դանիելյանի և Աննա Դանիբեկյանի նման, իսկ ընդդիմադիրներն ուզում են, որ դատական իշխանությունը լինի Ալեքսանդր Ազարյանի և Դավիթ Գրիգորյանի նման»:

Ըստ Խուդոյանի՝ ԲԴԽ նախագահը, փաստորեն, Արմեն Դանիելյանին իբրև իշխանություններին ցանկալի անձ է դիտարկում, և որևէ մեկի համար  գաղտնի չէ, որ խշխանությունը ցանկանում է Ռոբերտ Քոչարյանին տեսնել ազատազրկված:

Պաշտպաններից Արամ Վարդևանյանը խոսեց ինքնաբացարկի մեկ այլ հիմքի մասին: Դատավոր Արմեն Դանիելյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցով դիմել է Արդարադատության նախարարությանը, սակայն դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ չի հարուցվել և այս որոշումն այժմ վիճարկվում է վարչական դատարանում:

«Մենք այս պահին առնվազն գտնվում ենք կարգապահական վարույթ հարուցելու վեճի մեջ»,- ասաց Արամ Վարդևանյանը՝ այդ հանգամանքը դիտարկելով որպես ինքնաբացարկի հիմք:

Դատախազ Պետրոս Պետրոսյանն առարկեց միջնորդության դեմ: Անդրադառնալով պաշտպանների մատնանշած ինքնաբացարկի այն հիմքին, որ իրենց կողմից արված արտահայտությունները կարող են Արմեն Դանիելյանի մոտ բացասական վերաբերմունք առաջացրած լինել  իրենց՝ պաշտպանների և Քոչարյանի նկատմամբ՝ Պետրոսյանը նշեց, որ այս տրամաբանությամբ կարելի է դատական նիստի ընթացքում վիրավորել դատավորին, ապա ասել, որ «ձեզ վիրավորեցի, ուրեմն դուք կողմնակալ եք»:

«Բայց սա, պատկերավոր ասած, սադրանք  էր դատավորին, որ նա չքննի գործը»,- ասաց Պետրոս Պետրոսյանը:

Անդրադառնալով հանգամանքին, որ Քոչարյանի գործով բողոքի քննությունից հետո  դատավոր Արմեն Դանիելյանը գործը չի ուղարկվել առաջին ատյանի դատարան՝ Պետրոս Պետրոսյանը նշեց, որ գործն առաջին ատյանի չի ուղարկվել մինչև Արմեն Դանիելյանի  կողմից կայացված դատական ակտի բողոքարկման ժամկետների լրանալը, և այս հանգամանքը ևս չի կարող դրվել ինքնաբացարկի հիմքում:

Խոսելով այն փաստարկի մասին, որ Արմեն Դանիելյանի նկատմամբ կարգապահական վարույթ չհարուցելու հանգամանքը վիճարկվում է վարչական դատարանում՝ Պետրոսյանը նշեց, որ այդ գործի շրջանակներում քննության առարկա են Արդարադատության նախարարության, այլ ոչ թե դատավոր Արմեն Դանիելյանի գործողությունները, հետևաբար այս հանգամանքը ևս չի կարող դատավոր Դանիելյանին ինքնբացարկ ներկայացնելու հիմք  լինել:

Անդրադառնալով Արմեն Դանիելյանի դատական ակտում Ռուբիկ Մխիթարյանի դատական ակտերին բնորոշ արտահայտություն հայտնաբերելու հանգամանքին և կասկածին, որ Ռուբիկ Մխիթարյանը մասնակցություն է ունեցել Արմեն Դանիելյանի դատական ակտի կայացման հարցում, Պետրոսյանը նշեց, որ որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ դատավորները դատական ակտեր կայացնելիս օգտվում են, թե՛ Վճռաբեկ դատարանի, թե՛  Սահմանադրական դատարանի, թե՛ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, թե՛ գործընկեր դատավորների դատական ակտերում տեղ գտած ձևակերպումներ, որում քրեական հանցագործության հատկանիշներ չկան:

Ի դեպ, թեև դատարանում աշխանքային հանգիստ մթնոլորտ էր, դատավորը կողմերից յուրաքանչյուրի ելույթից առաջ հորդորում էր վեճի չվերածել դատական նիստը: Դատարանն այժմ հեռացել է խորհրդակցական սենյակ՝ իրեն ներկայացված ինքնաբացարկի վերաբերյալ որոշում կայացնելու, որը կհրապարակվի փետրվարի 3-ին:

Նշենք նաև, որ դատավոր Դանիելյանը շուրջ կես ժամ անց անդրադարձավ դատարանում գտնվող լրատվամիջոցների ներկայացուցիչներին տեսանկարահանում թույլատրելու հարցին: Լրատամիջոցները շուրջ 30 րոպե տեսանկարահում էին իրականացնում, երբ Դանիելյանը, ներողություն խնդրելով և ընդհատելով պաշտպան Արամ Վարդևանյանի խոսքը՝ ասաց, որ դահլիճում լրագրողների է տեսնում, և պետք է անդրադառնա նրանց տեսանկարահանման թուլտվություն տալու հարցին: Առարկություններ չեղավ, և դատավորը նշեց, որ լրագրողները կարող են շարունակել կատարել իրենց աշխատանքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter