HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Տարածքային կառավարման նախարարությունը հնարավորություն ուներ «ապաքրեականացնելու» օգնություն տրամադրելու գործառույթը 

Արագածոտնի մարզային քննչական վարչությունը 2019 թ. մարտի 15-ից քննում էր «Արագածավանում «սոցիալական օգնություն» են տրամադրում հարկերը վճարելու համար» հրապարակման մեջ ներկայացված փաստերը: Ամանորի նախօրեին դատախազությունը տեղեկացրեց, որ քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է Արագածոտնի մարզի Արագածավան համայնքի ղեկավարի կողմից առերեւույթ կոռուպցիոն չարաշահումների կատարումը:

Արագածավան համայնքի ղեկավար Անդրանիկ Պապիկյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունների չարաշահում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ) եւ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Սույն հոդվածով նախատեսվում է պատիժ ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Դատախազության տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ համայնքի ղեկավարը, օրենքով սահմանված կարգով պատշաճ կազմակերպած չլինելով տեղական հարկերի գանձումը, հարկերի հավաքագրման ցուցանիշներ ապահովելու անձնական շահագրգռվածությունից ելնելով ... սոցիալական օգնության անվան տակ համայնքի թվով 86 բնակիչների, ավագանու որոշմամբ հատկացրել է 50.000-ական դրամներից ավելի գումարներ, որն ընդհանուր կազմել է առանձնապես խոշոր չափերի՝ 5.5 մլն ՀՀ դրամ: Այնուհետ տրամադրված գումարները գանձվել է համայնքային բյուջե որպես համայնքի բնակիչների կողմից հարկային պարտավորությունների կատարում՝ հարկերի հավաքագրման բարձր ցուցանիշներ ներկայացնելու նպատակով:

«Նկատի ունենալով, որ վեր հանված իրողությունները կարող են տարածական լինել՝ ընդգրկելով հանրապետության այլ համայնքներ եւս՝ Հանրապետության գլխավոր դատախազը դիմել է Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների (ՏԿԵ) նախարար Սուրեն Պապիկյանին՝ նախարարության լիազորությունների շրջանակներում նման դեպքերը կանխելու եւ բացառելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու համար:

Արագածավանում կատարվածը բավականին տարածված աշխատաոճ է համայնքներում, ուստի ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանին ուղղված հարցերով ցանկանում էինք պարզել՝ 

  1. Նախարարությունում քննարկվե՞լ է գլխավոր դատախազի գրությունը, եւ ի՞նչ որոշում է կայացվել հարցի վերաբերյալ:
  2. Նախարարությունը համայնքային բյուջեից դրամ բաշխելը, արդյոք, սոցիալական աջակցությո՞ւն է դիտարկում, թե՞ ունի ուղերձներ, որոնք կարող են համայնքներում սոցիալական քաղաքականություն մշակելու հիմք հանդիսանալ: 

ՏԿԵ նախարարությունից հայտնում են, որ դատախազի գրությունից հետո նախարարը գրություն է ուղարկել մարզպետներին: «Վերջիններիս հանձնարարվել է համայնքների ղեկավարների հետ քննարկել եւ միջոցներ ձեռնարկել գլխավոր դատախազի գրությամբ ներկայացված դեպքերի կրկնությունը կանխելու եւ բացառելու ուղղությամբ։ Արդյունքում, մարզպետների կողմից համապատասխան շրջաբերականներ են ուղարկվել համայնքների ղեկավարներին»,- հայտնում է ՏԿԵ նախարարությունը։

Համայնքներում ստացել են մարզպետների գրությունները, որով համայնքների ղեկավարներից տեղեկատվություն են պահանջել բնակիչներին դրամական օգնություններ հատկացնելու նպատակների վերաբերյալ:

Մեր երկրորդ հարցին՝ նախարարությունն ունի՞ ուղերձներ, որոնք կարող են համայնքներում սոցիալական քաղաքականություն մշակելու հիմք հանդիսանալ, անհասկանալի մեկնաբանություն են տվել՝ ՏԻՄ օրենքին հղումներ կատարելով: «ՏԻՄ օրենքի 10 հոդվածի 11 կետով սահմանված է, որ սոցիալական աջակցության վերաբերյալ կամավոր խնդիրները լուծվում են համայնքի ավագանու սահմանած չափորոշիչներով։ Այն գործողությունները, որոնք կատարվում են օրենքի վերոնշյալ կարգավորումներից դուրս, համարվում են խախտումներ»,- հայտնում են նախարարությունից։

Մեր հարցը ինքնանպատակ չէր, ենթադրում էինք, որ ՏԿԵ նախարարությունն առիթը կօգտագործեր սոցիալական օգնություն տրամադրելու գործառույթը «ապաքրեականացնելու» համար: Գրության մեջ եւս մեկ անգամ նախարարին հիշեցրել էինք այս թեմայով նախորդ տարիներին կատարած մեր հետազոտությունները՝ սոցիալական օգնության անվան տակ համայնքային բյուջեներից կատարվող գումարների վատնումների, սոցիալական աջակցությունը զուտ դրամական բաշխում պատկերացնելու եւ այլ նպատակների ծառայեցնելու վերաբերյալ:

Այդ հրապարակումները հստակ մեսիջ ունեին ոլորտի ղեկավարներին՝ դրամ բաժանելով աղքատությունը չեք վերացնում, եւ պետք է դադարեցնել գումարներ շռայլելու համար հիմքեր հորինելը:

Կառավարությունը սոցիալական նպաստների համակարգով դրամ բաշխելու գործառույթն ավելի քան 25 տարի լիիրավ իրականացնում է: Այսօր բոլորն էլ այն համոզմանն են, որ այն աղքատությունը մեղմելու միջանկյալ լուծում էր, իրեն սպառել է եւ վաղուց ժամանակն է անցում կատարել աղքատությունը հաղթահարելու նոր մեխանիզմների: Սակայն, ոչ ոք չի ցանկանում ծանրաբեռնել իրեն՝ նոր բան ստեղծելու համար:

Ավելին, դրամ բաժանելը գնալով գայթակղիչ է դառնում, համայնքների ղեկավարներից բացի, դրամ բաժանելու գործառույթ են իրականացնում նաեւ մարզպետները: Ընդ որում, մարզպետարանների բյուջեներում, եթե մինչեւ 2016 թ.-ը տարեկան 20 մլն դրամ էր հատկացված այդ նպատակի համար, դրանից հետո 30 մլն դրամ է հատկացվում: Տավուշի մարզպետարանին տարեկան մինչեւ 80 մլն դրամ բաժանելու հնարավորություն է տրված:

Իսկապես, փողը երբեք շատ չի լինում, բայց անարդար չէ՞, արդյոք, երբ աշխատունակ տարիքի մեկը ամբողջ ամիս աշխատելով 150 000 դրամ աշխատավարձ չի ստանում, իսկ մյուսն այդ գումարն ստանում է, որովհետեւ խնդրանքով դիմել է համայնքի ղեկավարին կամ մարզպետին:

Համայնքապետերն ասում են, որ բնակիչների ինքնասիրությունը վիրավորվում է, երբ առաջարկում են ներգրավվել համայնքում կատարվող բարեկարգման, ծառատնկման, հանրային տարածքները մաքրելու կամ այլ աշխատանքներում:  Մերժում են նվազագույն աշխատավարձով աշխատանքի անցնելու առաջարկները, բայց զարմանալիորեն, դա պատճառ չէ, որ համայնքապետը մերժի գումար տրամադրելու խնդրանքը: Գուցե այն պատճառով, որ դրամ բաժանելն ամենահեշտն է, բացի այդ, «սոցիալապես անապահովի» անվան տակ ամեն ինչ կարելի է անցկացնել, ինչպես, օրինակ, հարկերի հավաքագրման ցուցանիշ ապահովելը, վերընտրվելու համար կայուն ընտրազանգված ձեւավորելը եւ այլն: Եթե այդպես չէ, ինչո՞ւ համայնքների ղեկավարները, նաեւ մարզպետները, նույնքան նախանձախնդիր չեն իրենց պարտադիր լիազորություններն իրականացնելու հարցում, որքան սոցիալական աջակցությունը, որը կամավոր լիազորություն է:

ՏԻՄ օրենքը համայնքի ղեկավարին պարտավորեցնում է՝ միջոցներ ձեռնարկել սոցիալական աջակցության կարիք ունեցող անձանց եւ ընտանիքներին օգնելու հայտնաբերել եւ օգտագործել դժվարություններ հաղթահարելու իրենց կարողությունները: Ավելի պատկերավոր այդ գաղափարը ձեւակերպել է չինական հայտնի ասույթը. «Մարդուն ձուկ տուր, եւ նա մեկ օր կուշտ կլինի. սովորեցրու նրան ձուկ որսալ եւ նա կուշտ կլինի ամբողջ կյանքի ընթացքում»:

Մեր հրապարակումներից մեկում սոցիալական աջակցության ոլորտի մասնագետները մանրամասնում են «ձկնորսություն սովորեցնելու» կարեւորությունը: «Անհրաժեշտ է համայնքներում մշակել եւ իրականացնել գրագետ սոցիալական քաղաքականություն, որը պետք է ելնի տվյալ համայնքի սոցիալական խնդիրներից եւ առանձնահատկություններից: Սոցիալական աշխատողների միջոցով անհրաժեշտ է նաեւ պարբերաբար իրականացնել համայնքի սոցիալական կարիքների գնահատում եւ դրանց հիման վրա տեղական սոցիալական ծրագրեր մշակել եւ իրականացնել, որպեսզի համայնքային բյուջեի միջոցներն օգտագործվեն սոցիալական խնդիրների այնպիսի լուծումների վրա, որոնց միջոցով ընտանիքները կկարողանան դուրս գալ այդ իրավիճակներից»,- ասում է աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանը:

Հասկանալի է, համայնքները, նույնիսկ մարզպետարանները աղքատությունը, նաեւ նրանց կարիքները գնահատելու բավարար ներուժ չունեն: Սակայն տարեկան բաժանվող հարյուրավոր միլիոններից հնարավոր է առանձնացնել մի քանի միլիոն դրամ, որպեսզի մասնագիտացված կազմակերպությունները գոնե մեկ անգամ գնահատում իրականացնեն: Առնվազն կարող են առաջարկել, թե որտե՞ղ եւ ինչպե՞ս իրացնել կարիքավորների ներուժը, որպեսզի անաշխատ եկամուտով ապրելը սերունդների համար ընդունելի կեցության ձեւ չդառնա:

Ի վերջո, յուրաքանչյուր գործողություն նպատակ պետք է ունենա: Համայնքների ղեկավարներն ու մարզպետները ոչ մի նպատակ չեն սահմանում աղքատ ու անապահով խմբերի համար: Դրամ բաժանելուց իսպառ հրաժարվել հնարավոր չէ մեր իրականության մեջ, բայց այն նվազագույնի հասցնելը, միանգամայն հնարավոր է, եւ այդ առումով լավագույն օրինակ է Աբովյան համայնքի կիրառած մեթոդաբանությունը, որի շնորհիվ անցյալ տարի 4 մլն դրամով կրճատել էին սոցիալական օգնությունը:

Քանի որ շատ քիչ համայնքներ փաստաթղթեր մշակելու կարողություն ունեն, ՏԿԵ նախարարությունը, հանցավոր դեպքերի «կրկնությունը կանխելու եւ բացառելու» հորդորից բացի, որպես լավագույն գործելակերպի օրինակ, այն կարող էր առաջարկել բոլոր համայնքներին: Սա ընդունված գործելաոճ է զարգացած երկրներում: Այդ աշխատաոճը Եվրոպայի խորհուրդը փորձ արեց ներդնել նաեւ մեր երկրում, բայց չհաջողվեց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter