Կորոնավիրուսն ու Հայաստանի տնտեսությունը. ինչ «սպառնալիքներ» կան
Չինաստանում սկիզբ առած նոր կորոնավիրուսը թարմացրել է համաշխարհային տնտեսական ճգնաժամի մասին կանխատեսումները, սպասումները, քննարկումներն ու պնդումները։ Ստեղծված իրավիճակից տուժում է համաշխարհային տնտեսությունը և առաջին հերթին՝ Չինաստանը, որտեղ տնտեսությունը պարալիզացվել է՝ արդյունաբերությունից մինչև մանրածախ առևտուր։ Մի շարք հսկա ձեռնարկություններում դադարեցվել են աշխատանքներն ու առաքումները։ Նավթի ու գունավոր մետաղների գները անշեղորեն իջնում են, Չինաստանի ֆոնդային բորսայում բաժնետոմսերի կտրուկ արժեզրկում է։ Այլ խոսքով՝ Չինաստանում այսօր միայն բժշկական դիմակների արտադրությունն է «ծաղկում»։ Ամենուր բացասական սպասումներ են՝ որքան էլ Չինաստանի իշխանությունները փորձում են փարատել ներդրողներին, որ կորոնավիրուսի բռնկման բացասական հետևանքները կարճաժամկետ են լինելու:
Չինաստանում ստեղծված այս իրավիճակն ազդում է բոլոր այն երկրների տնտեսությունների վրա, որոնք համագործակցում են նրա հետ։ Խոսքը համաշխարհային տնտեսության մասին է, քանի որ Չինաստանը, միջազգային կազմակերպությունների գնահատմամբ, ներառվում է աշխարհի ամենամեծ ծավալի ՀՆԱ ունեցող երկրների առաջին եռյակում, խոշոր ներմուծող ու արտահանող է, որի հետ համագործակցում են աշխարհի ինչպես գերտերություններն, այնպես էլ՝ փոքր երկրները։
Չինաստանում ստեղծված տնտեսական այս իրավիճակից բացասական ազդակներ է ստանում նաև Հայաստանը։ Ընդ որում՝ բացասական ազդեցությունը կարող է ինչպես ուղղակի, այնպես էլ անուղղակի եղանակով տեղ հասնել։
Պղնձի գնանկումը, որի «մեղավորը» Չինաստանն է, կարող է բացասաբար ազդել Հայաստանի արտահանման վրա
Տնտեսագետ Բագրատ Ասատրյանի խոսքով՝ Հայաստանն առաջին հերթին կարող է կորուստներ ունենալ արտահանվող հանքահումքից ստացվող եկամուտների մասով՝ հաշվի առնելով, որ Հայաստանից արտահանվող պղնձի զգալի հատվածի գնորդը հենց Չինաստանն է։ Չինաստանը պղինձն օգտագործում է էլեկտրոնիկայի, տրանսպորտի, ճարտարագիտության, շինարարության և այլ ոլորտներում, որոնց աշխատանքներն այսօր կորոնավիրուսի հետևանքով դադարեցվել կամ նվազագույնի են հասցվել:
Մաքսային ծառայության տվյալները վկայում են, որ պղինձը ներկայում Հայաստանի արտահանման կազմում առաջին տեղում է՝ ըստ մաքսային արժեքի։ Հետևաբար, գնային տատանումներն իրենց զգալի ազդեցությունն են թողնում արտահանումից ստացվող եկամուտների և պետբյուջե վճարվող հարկերի վրա։ «Պղնձի միջազգային գնի վրա որոշիչ ազդեցություն ունի Չինաստանը։ Միջազգային կազմակերպությունների գնահատմամբ՝ այս երկիրը հանքահումքի խոշորագույն սպառողն է աշխարհում։ Վերջին մեկ ամսում պղնձի գները անկում են գրանցում միջազգային շուկայում՝ Չինաստանում դրա պահանջարկի կտրուկ անկման ֆոնին։ Սա, իհարկե, մեր տնտեսության, մասնավորապես՝ պղնձի արտահանման վրա, արդեն իսկ բացասական ազդեցություն է թողնում։ Մեզ մոտ նախորդ տարիներից վտանգավոր միտում կա՝ երբ միջազգային շուկայում պղնձի գները նվազում են, Հայաստանն ավելացնում է արտահանվող պղնձի ֆիզիկական ծավալները, որ գնանկման հետևանքով կորուստները քիչ լինեն։ Սա շատ վտանգավոր երևույթ է մեզ համար։ Պետք է հաշվի առնել, որ այս ընդերքը նաև մեր ապագա սերուդներին է»,- «Հետքի» հետ զրույցում նշեց տնտեսագետը։
Նրա խոսքով՝ դժվար է գնահատել, թե Չինաստանի տնտեսության ներկա վիճակը ինչ չափով կարող է ազդել Հայաստանի տնտեսության վրա. «Իհարկե, մենք փոքր տնտեսություն ենք, և Չինաստանի այսօրվա վիճակի ազդեցությունը մեր տնտեսության վրա կարող է ավելի փոքր լինել, քան մեծ տնտեսություն ունեցող երկրների վրա։ Սակայն, մենք էլ այս աշխարհի մի մասն ենք և ազդեցություններ, իհարկե, կլինեն։ Թե ինչ չափով՝ չենք կարող ասել»։
Տնտեսագետի խոսքով՝ նման իրավիճակներում հնարավորինս քիչ տուժելու համար Հայաստանի տնտեսությանը դիվերսիֆիկացիա է պետք։ Հարկավոր է նվազեցնել հանքահումքի տեսակարար կշիռը արտահանման կազմում և նոր շուկաներ «գրավել»՝ Չինաստանից և այլ երկրներից կախվածությունը թուլացնելու համար. «Իսկ ամենակարևորը տեղում պղնձի խտանյութի վերամշակումն ապահովելն է։ Մենք արտահանում ենք «հում» պղինձ, դրսում է այն վերամշակվում։ Եթե մենք կարողանայինք հումքն այստեղ վերամշակել, մենք ավելի ճկուն կլինեինք»։
Լոնդոնի մետաղների բորսայի տվյալները ցույց են տալիս, որ այսօրվա դրությամբ պղնձի մեկ տոննայի միջին գինը 5700 ԱՄՆ դոլարի սահմաններում է։ Համեմատության համար՝ մեկ ամիս առաջ այն 6100 դոլարի սահմաններում է եղել, հունվարի կեսերին հասել է 6300-ի։
Տարբեր գնահատականներով՝ նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ պղինձն աշխարհում էժանացել է 10-12 %-ով։ Ավելի վաղ Moody's վարկանիշային գործակալությունը, վերլուծելով արդյունաբերական մետաղների գների դինամիկան, չի բացառել, որ չինական կորոնավիրուսի համաճարակը կարող է ավելի լուրջ սպառնալիք լինել համաշխարհային տնտեսության համար, քան 2008-2009 ֆինանսական ճգնաժամն էր։
Հայաստան-Չիանաստան առևտրաշրջանառությունն աճել է 2019 թվականի
2019 թվականի տվյալներով՝ Չինաստանը Հայաստանի երկրորդ խոշոր առևտրային գործընկերն է։ Առաջին տեղում Ռուսաստանն է։
Ըստ Վիճակագրական կեմիտեի տվյալների (ՀՀ ՎԿ)՝ Հայաստան-Չինաստան առևտրաշրջանառությունը 2019 թվականին կազմել է մոտ 945 մլն դոլար՝ նախորդ տարվա համեմատ աճելով 22.5 %-ով։
Մասնավորապես, Հայաստանից Չինաստան արտահանումը կազմել է մոտ 194 մլն դոլար՝ աճելով 80.7 %-ով։
Իսկ Չինաստանից Հայաստան ներմուծումը 751 մլն դոլար է, աճը՝ 13.1%:
Վերջին առնվազն 10 տարիների կտրվածքով Հայաստան-Չինաստան առևտրաշրջանառության ամենամեծ ծավալը գրանցվել է 2019 թվականին։ Ընդ որում՝ և՛ արտահանման գծով է 2019-ի ցուցանիշն ամենաբարձրը, և՛ ներմուծման։
Թեև Հայաստանի մաքսային ծառայությունը դեռևս չի հրապարակել 2019 թվականի տարեկան տվյալները, սակայն կիսամյակային և նախորդ տարիների տվյալները վկայում են, որ Չինաստանը Հայաստանից գնում է հիմնականում հանքահումք, մասնավորապես՝ պղնձի խտանյութ։ 2019 թվականի հունվար-հունիսին, Հայաստանը Չինաստան է արտահանել 91 մլն դոլարի ապրանք, որի կազմում 94 %-ը պղինձն է։ Հայաստանից Չինաստան պղնձի արտահանումն առաջին կիսամյակում, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, գրեթե կրկնապատկվել է՝ կազմելով 85 մլն դոլար։ Ու քանի որ Հայաստանը նախորդ տարի էականորեն մեծացրել է պղնձի արդյունահանման ծավալները, կարելի է ենթադրել, որ աճը շարունակվել է նաև երկրորդ կիսամյակում։ Այսինքն՝ Հայաստանից Չինաստան արտահանման աճը պայմանավորված է պղնձի ծավալների ավելացմամբ։
Փոխարենը Չինաստանից Հայաստան են ներմուծվում տարատեսակ ապրանքներ՝ սննդից սկսած մինչև կենցաղային տեխնիկա ու հագուստ. խոսքն ընդհանուր առմամբ մոտ 900 տեսակի ապրանքի մասին է։
2019 թվականի առաջին կիսամյակում Չինաստանից Հայաստան ներմուծված 312 մլն դոլարի ապրանքների կազմում ամենամեծ տեսակարար կշիռն ունեն (10 %) բջջային հեռախոսները:
Նավթի գներն անուղղակի կարող են ազդել Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումների վրա
Բագրատ Ասատրյանը նկատում է, որ նավթի գնանկումը, որը ևս պայմանավորված է Չինաստանի գործոնով, նույնպես կարող է ազդել Հայաստանի տնտեսության վրա։ Ընդ որում՝ մի կողմից այն կարող է դրական ազդեցություն ունենալ բենզինի գնի վրա, մյուս կողմից էլ՝ բացասական ազդեցություն՝ Ռուսաստանից Հայաստան ուղարկվող գումարների վրա։
Ռուսաստանից Հայաստան կատարվող մասնավոր տրանսֆերտների և նավթի համաշխարհային գների միջև անուղղակի կապ կա։ Ռուսական տնտեսությունը մեծ կախում ունի նավթի համաշխարհային գներից, քանի որ մեծ ծավալի եկամուտներ է ստանում դրա արտահանումից։ Երբ համաշխարհային շուկայում նավթի գները նվազում են, թուլանում է այդ երկրի տնտեսությունը, պակասում դոլարի քանակն ու արժեզրկվում ռուբլին։ Սա պատճառ է դառնում, որ Ռուսաստանում արտագնա աշխատանքի մեկնած հայաստանցիների ուղարկած գումարները թե՛ քանակով նվազեն, թե՛ արժեզրկված լինեն։
«Նավթի միջազգային գները 15-16 %-ով նվազել են այս տարվա սկզբի համեմատ։ Սա կարող է դրական ազդեցություն ունենալ բենզինի գնի վրա։ Բայց կա նաև անուղղակի ազդեցության վտանգ։ Նավթի գներից կարող է տուժել Ռուսաստանը, որտեղից Հայաստանը զգալի դրամական փոխանցումներ է ստանում՝ տրանսֆերտներ։ Ռուսաստանի տնտեսության համար նավթն առաջնային գործոն է։ Այսինքն՝ նավթի գների անկման պարագայում Ռուսաստանի եկամուտները կնվազեն, դա կազդի նաև Ռուսաստանից այլ երկրներ տրանսֆերտների վրա»,- նշեց Բագրատ Ասատրյանը։
Ի դեպ, Ռուսաստանից Հայաստան կատարվող մասնավոր տրանսֆերտների և նավթի համաշխարհային գների միջև անուղղակի կապը լավագույնս երևաց 2015 թվականին, երբ Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումները նվազեցին շուրջ 500 մլն դոլարով։
Կորոնավիրուսի հետևանքները կարող են զգացվել նաև ներդրումների ու զբոսաշրջության ոլորտում
Կորոնավիրուսի բացասական հետևանքը կզգացվի նաև Հայաստանի զբասաշրջության վրա՝ կնվազի Հայաստան այցելող չինացի զբոսաշրջիկների թիվը։ Արդեն իսկ հայտարարվել է, որ 2020 թվականի փետրվարի 1-ից մինչ մարտի 31-ը ժամանակավորապես կասեցվել է Չինաստանի քաղաքացիների համար Հայաստանի մուտքի վիզայի գործող ազատ ռեժիմը։
Այս իրավիճակը բացասաբար է ազդում նաև համաշխարհային ներդրումային միջավայրի վրա, այդ թվում՝ Հայաստանի։ Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ներդրողները առայժմ ձեռնպահ են մնում խոշոր ծրագրերից։ Անորոշությունը ներդրումները «սառեցնելու» համար առաջին պատճառն է։
Բացի այս, Չինաստանի տնտեսության ներկա վիճակը կարող է ազդել նաև հայ-չինական համատեղ ծրագրերի ու այլ ոլորտների վրա։
Մեկնաբանել