HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

Ստեփանավանի քաղաքապետը մեղադրվում է 274 միլիոն դրամ հափշտակելու մեջ

Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի՝ 274 միլիոն դրամ խարդախությամբ հափշտակելու և փաստաթղթեր կեղծելու մեջ։

2012 թվականից Լոռու մարզի Ստեփանավան համայնքը ղեկավարող Միքայել Ղարաքեշիշյանը մեղադրվում իր նախկին պաշտոնը զբաղեցնելու ժամանակ պետական միջոցները հափշտակելու համար։ Միքայել Ղարաքեշիշյանը, մինչև քաղաքապետ ընտրվելը, 14 տարի ղեկավարել է Ստեփանավանի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունը։ Ըստ «Հետք»-ին հասած տեղեկության՝ հենց այդ ժամանակ էլ իր ենթակաների և «Հայփոստ»-ի աշխատակիցների հետ ձևական անձանց ներառել են նպաստառուների ցանկում և ելքագրել են այդ անձանց անուններով ձևակերպված գումարները։

Ղարաքեշիշյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդված 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքները կատարելու մեջ։

Քննչական կոմիտեից հետաքրքրվեցինք՝ ճի՞շտ է վերը նշված տեղեկությունը։ ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արամ Ավետիսյանը հաստատեց, որ հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել Միքայել Ղարաքեշիշյանին։ Ավելին, դատարան միջնորդություն է ներկայացվել, որպեսզի քաղաքապետը կալանավորվի, սակայն դատարանը չի բավարարել քննիչի միջնորդությունը։ Միքայել Ղարաքեշիշյանի խափանման միջոցը ստորագրությունն է չհեռանալու մասին։ ՔԿ հանրային կապերի պատասխանատուն այլ մանրամասներ չհայտնեց։

Ավելի վաղ հայտնել էինք, որ նույն եղանակով, բայց արդեն 500 միլիոն դրամ հափշտակելու համար մեղադրյալի կարգավիճակում է հայտնվել Ստեփանավանի քաղաքապետի որդին՝ Ալբերտ Ղարաքեշիշյանը։ Նրա հետ նույն քրեական գործով անցած և համաներմամբ քրեական պատասխանատվությունից խուսափած Հրաչյա Սուքիասյանին Ստեփանավանի քաղաքապետը պաշտոն էր տվել։ «Հետքի» հրապարակումից հետո Սուքիասյանը պաշտոնանկ արվեց։

Բացի այդ, Միքայել Ղարաքեշիշյանն անցնում է նաև ՔԿ-ում քննվող քրեական մեկ այլ գործով։ Ոստիկանությունը նախորդ տարի հայտարարեց քաղաքապետի մի քանի դրվագով կատարած ապօրինությունների մասին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter