HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

ՀՔԾ-ն հրաժավել է Կոստանյանի պաշտպաններին նրա մեղադրանքի հիմքում դրված ապացույցները ծանոթացնելուց. դատարան բողոք է ներկայացվել

Նախին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի պաշտպանները դիմել են Հատուկ քննչական ծառայությանը (ՀՔԾ)՝ պահանջելով իրենց ծանոթացնել Կոստանյանի մեղադրանքի հիմքում դրված ապացույցներին, սակայն միջնորդությունը մերժվել է: Այս մասին տեղեկությունը «Հետք»-ի հետ զրույցում հաստատեց Կոստանյանի պաշպաններից Գևորգ Գևորգյանը: Վերջինս նշեց, որ նախաքննական մարմինը որևէ ապացույց չի ներկայացրել, որով կհիմնավորվեր Կոստանյանի մեղադրանքի որոշումը կամ հիմնավոր կասկածն առ այն, որ նա կատարել է իրեն վերագրվող արարքը:

«Մեղադրյալի արդար դատաքննության իրավունքն իր մեջ ներառում է նաև պաշտպանության իրավունքի իրականացումը: Բացի այդ, մրցակցային դատավարության ապահովումն անհնար է, եթե մեղադրյալը տեղյակ չէ, թե ինչ անօրինական արարքի կատարման մեջ է մեղադրվում և ինչ ապացույցների հիման վրա, իսկ քննարկվող դեպքում պաշտպանական կողմը տեղեկացված չէ Գևորգ Կոստանյանի մեղադրանքի հիմքի մասին, հետևաբար յուրաքանչյուր անձ, տեղեկացված չլինելով իրեն մեղսագրված արարքն ապացուցող տվյալների մասին, արդյունավետ չի կարող պաշտպանվել»,- ասաց Գևորգ Գևորգյանը:

Ըստ պաշտպանի՝ իրենց պահանջած տեղեկությունները նախաքննության գաղտնիք չեն կարող համարվել, քանի որ ՀՔԾ-ն արդեն իսկ միակողմանի հրապարակել է այս գործում առկա որոշ ապացույցներ:

«Ավելին, ՀՀ հատուկ քննչական ծառայությունն ըստ էության թաքցնում է Գևորգ Կոստանյանի օգտին տրված ցուցմունքները և նրա մեղավորությունը բացառող այլ ապացույցներ, այդ իսկ պատճառով ղեկավարվելով մի շարք միջազգային նորմերով և ՀՀ Սահմանադրության 67-րդ հոդվածի 1-ին կետով՝ Գ.Կոստանյանի մեղադրանքի հիմքում դրված ապացույցները ներկայացնելուց հրաժարվելու մասին վարույթն իրականացնող մարմնի անհիմն ու ապօրինի որոշումը բողոքարկել ենք դատական կարգով»,- ասաց Գևորգ Գևորգյանը:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում փետրվարի 10-ին ներկայացված բողոքի գործով նիստ էր նշանակված, որը, սակայն, հետաձգվել է:

Հիշեցնենք, որ Գևորգ Կոստանյանը մեղադրյալ է ներգրավվել «Մարտի 1-ի գործով»: Վերջինիս վերագրվում է Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով նախատեսված արարք: Խոսքը, մասնավորապես, Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի, 38-308-րդ հոդվածի 2-րդ մասի, 38-314-րդ հոդվածի 1-ին մասի, 38-334-րդ հոդվածի 1-ին մասի և 38-349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մասին է, այսինքն՝ պաշտոնեական կեղծիք կատարելը, պաշտոնեական դիրքի չարաշահումը, որն առաջացրել է ծանր հետևանքներ, պաշտոնեական կեղծիք կատարելուն դրդելը, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունը պարտակելուն դրդելը, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույց կեղծելուն դրդելը: Նա գտնվում է հետախուզման մեջ:

Լուսանկարը՝ «Ֆոտոլուրի»

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter