HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Բավրայի անցակետի հերթափոխի պետին կալանքի էին տարել առանց մեղադրանք առաջադրելու. ԱԱԾ-ի առաջին միջնորդությունն այս հիմքով էր մերժվել

Բավրայի անցակետի հերթափոխի պետ Դավիթ Հակոբջանյանին կալանավորելու միջնորդությունն Ազգային անվտանգության ծառայությունը ներկայացրել էր առանց նրան մեղադրանք առաջադրելու: Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Հակոբջանյանի պաշտպան Գոռ Միքայելյանը:

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն փետրվարի 7-ին հաղորդագրություն էր տարածել, որ «Պետական եկամուտների կոմիտեի հյուսիսային մաքսատուն-վարչության իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող «Բավրա» մաքսակետի հերթափոխի պետը և մաքսային երկու տեսուչ, 2020 թ. հունվարի 25-ին ընդունելով բեռնափոխադրումներ իրականացնող կազմակերպության համասեփականատիրոջ առաջարկը, համաձայնության են եկել առանձնապես խոշոր չափի՝ 1 միլիոն 436 հազար 610 ՀՀ դրամին համարժեք 3000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու դիմաց, առանց պատշաճ մաքսային հսկողության և ձևակերպման մաքսային տարածքից բաց թողնել հիշյալ կազմակերպության կողմից Վրաստանից տեղափոխվող շուրջ 4.5 տոննա ընդհանուր քաշով բեռը, սակայն ՀՀ ԱԱԾ օպերատիվ ստորաբաժանումների աշխատակիցների հսկողության ներքո նրանք բռնվել և բերման են ենթարկվել վերջիններիս կողմից»։

Փետրվարի 8-ին դատարանը քննել և մերժել է Հակոբջանյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ-ի միջնորդությունը, սակայն ԱԱԾ-ն երկրորդ միջնորդությունն է ներկայացրել դատարան, որը բավարարվել է:

Գոռ Միքայելյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իր պաշտպանյալին կալանավորելու առաջին միջնորդությունը դատավոր Հարություն Մանուկյանը մերժել է այն հիմքով, որ նրան մեղադրանք առաջադրված չի եղել:

«Օրենքը նախատեսում է, որ կալանքի միջնորդություն ներկայացվում է միայն մեղադրյալի նկատմամբ, նախատեսում է նաև, որ մեղադրյալ է այն անձն, ում որպես մեղադրյալ ներգրավելու որոշում է առկա: Վճռաբեկ դատարանն ունի նախադեպային որոշում, համաձայն որի՝ անձը մեղադրյալի կարգավիճակ չի ստանում միայն որոշման առկայության պայմաններում: Այդ որոշումը պետք է ներկայացվի նրան, պարզաբանվեն նրա իրավունքներն ու պարտականությունները, մեղադրանքի էությունը: Իսկ առաջին միջնորդությունը ներկայացնելու ժամանակ ուղղակի որոշում էր կայացվել Դավիթ Հակոբջանյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Նրան մեղադրանքը չէր ներկայացվել, չէր առաջադրվել և չէր պարզաբանվել մեղադրանքի էությունն ու նրա իրավունքներն ու պարտականությունները»,- ասաց Գոռ Միքայելյանը:

Վերջինս նշեց, որ Դավիթ Հակոբջանյանը մեղադրանքի վերաբերյալ դիրքորոշում դեռևս չի հայտնել:

«Այս պահին իրավական ընթացակարգերի հարցով ենք բողոքներ ներկայացնում, թող որոշակի լինի նաև իմ պաշտպանյալի կարգավիճակը, որից հետո կորոշենք՝ մենք որպես կասկածյալ ենք ցուցմունք տալիս, թե մեղադրյալ»,- ասաց Գոռ Միքայելյանը:

Վերջինս պարզաբանեց, որ թեև Դավիթ Հակոբջանյանին կալանավորելու առաջին միջնորդությունից հետո նրան մեղադրանք առաջադրվել է՝ օրենքը նախատեսում է, որ «մեղադրանքը պետք է առաջադրվի տվյալ անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին քննիչի կողմից որոշումն ընդունելու պահից ոչ ուշ, քան 48 ժամվա ընթացքում, սակայն բոլոր դեպքերում ոչ ուշ, քան մեղադրյալի ներկայանալու կամ նրան բերման ենթարկելու օրը»:

«Այսինքն՝ այն ժամանակ, երբ անձը գտնվում է վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ, մեղադրանքը պետք է առաջադրվի: Քրեական դատավարության օրենսգրքի 174-րդ հոդվածը սահմանում է, որ ժամկետների խախտումով կատարված դատավարական գործողություններն անվավեր են»,- ասաց Միքայելյանը և պարզաբանեց, որ Հակոբջանյանին օրենքով սահմանված օրվա ընթացքում, փաստորեն, մեղադրանք չի առաջադրվել, հետևաբար դրա հաջորդ օրվանից սկսած՝ մեղադրանք առաջադրելու գործողությունն անվավեր է»,- ասաց Գոռ Միքայելյանը:

Պաշտպանը նշեց, որ Դավիթ Հակոբջանյանին կալանավորելու ԱԱԾ-ի երկրորդ միջնորդությունը քննվել և բավարարել է այս պայմաններում: Միքայելյանը պատրաստվում է բողոքարկել Հակոբջայանի կալանքի որոշումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter