HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ուղևորները սկսել են լքել «Diamond Princess» զբոսանավը

«Diamond Princess» զբոսանավի շուրջ 500 ուղևորներ ափ են իջել Ճապոնիայի Յոկոհամա նավահանգստում՝ Covid-19 նոր կորոնավիրուսի պատճառով հայտարարված երկշաբաթյա կարանտինից հետո։ Ընդհանուր առմամբ, զբոսանավի վրա կորոնավիրուսով վարակված է 542 ուղևոր և անձնակազմի անդամ։ Վերջինս Covid-19 կորոնավիրուսով հիվանդների ամենամեծ թիվն է՝ Չինաստանի սահմաններից դուրս։ Չնայած հայտարարված կարանտինին, վարակն արագ տարածվել է ուղևորների շրջանում։ Մի քանի երկրներ, մինչ կարանտինի ավարտն, արդեն իսկ հայտարարել էին իրենց քաղաքացիների տարհանման մասին։ Գիտնականները պնդում են, որ վարակման տարածմանը նպաստել են նավախցերում մաքուր օդի պակասը, իզոլացված վիճակը և արտաքին աշխարհի հետ կապի բացակայությունը։

*«Diamond Princess» զբոսանավում մեծացել է կորոնավիրուսով վարակվածների թիվը

ТАСС գործակալությունը փոխանցում է, որ Ռուսաստանի երկու քաղաքացիների զբոսանավից տեղափոխել են ռուսական դեսպանատան դիվանագիտական մեքենայով։ Ռուսաստանի ևս երկու քաղաքացիներ հոսպիտալացվել են։ Հոսպիտալացված քաղաքացիներից մեկը տղամարդ է, որի մոտ վերջերս էր հայտնաբերվել կորոնավիրուս։ Նա տեղափոխվել է Յոկոհոմայի կենտրոնական հիվանդանոց։ Նրա կնոջ մոտ չի հաստատվել ախտորոշումը, սակայն վերջինս նույնպես հոսպիտալացվել է։ Զբոսանավի վրա շարունակում են մնալ Ռուսաստանի ևս 20 քաղաքացիներ, որոնք ափ կիջնեն փետրվարի 21-ին։ Մինչ այժմ զբոսանավը հիմնականում լքել են տարեցները։

Ի՞նչ է կատարվում նավը լքած մարդկանց հետ

Սկսած փետրվարի 19-ից ճապոնական իշխանությունները թույլատրել են ափ դուրս գալ այն ուղևորներին, որոնց մոտ չէր հայտնաբերվել կորոնավիրուս։ Տարհանման գործողությունները կտևեն մի քանի օր։ Չորեքշաբթի օրը զբոսանավը լքել է շուրջ 500 ուղևոր։ Ուղևորներին դիմավորել են ավտոբուսները և տաքսիները։ Ճապոնիայի առողջապահության նախարարը հայտնել է, որ վերջիններս կարող են վերադառնալ բնականոն կյանք, սակայն մի քանի օր շարունակ նրանց կայցելեն բուժծառայողները։

*Կորոնավիրուսը դարձել է ռասիզմի տարածման պատճառ

Նրանք, որոնց մոտ չեն հայտնաբերվել կորոնավիրուսի ախտանշաններ, սակայն գտնվել են վարակակիրների հետ միևնույն նավախցիկում, ստիպված են մնալ կարանտինի մեջ։ Զբոսանավի ուղևորները եղել են շուրջ 50 երկրների քաղաքացիներ, և փորձագետները մտավախություն ունեն, որ վերջինս կարող է հանգեցնել կորոնավիրուսի նոր համաճարակի տարածմանը։

Ինչո՞ւ չօգնեց կարանտինը

Ենթադրվում էր, որ «Diamond Princess» զբոսանավի վրա հայտարարված կարանտինը կկասեցնի կորոնավիրուսի տարածումը, սակայն կարանտինի հայտարարումից երկու շաբաթ անց 3711 ուղևորներից հիվանդ են 542-ը։ ԶԼՄ-ներում զբոսանավն անվանել են «լողացող բանտ»։ Չնայած Ճապոնիան պնդում է, որ կարանտինն անհրաժեշտություն էր, զբոսանավը դարձել է կորոնավիրուսի ինկուբատոր։ Վերջինս Չինաստանի սահմաններից դուրս կորոնավիրուսի տարածման ամենամեծ օջախն է։

Պատճառներից մեկը, հավանաբար, սանիտարահամաճարակաբանական կանոնների ոչ լիարժեք պահպանումն է։ Զբոսանավի բուժծառայության երեք աշխատակիցներ ևս վարակված են։ Ճապոնական իշխանությունները պնդում են, որ ամեն ինչ կատարվել է ճիշտ, իսկ ուղևորներն, ամենայն հավանականությամբ, վարակվել են կարանտինի հայտարարումից առաջ։ Երկու շաբաթվա ընթացքում ուղևորները չէին կարող լքել իրենց նավախցիկները և շփվել այլոց հետ։ Եթե նավախցում չի եղել պատուհան, նրանց թույլատրվել է մեկ ժամ զբոսնել նավամատույցի վրա։ Որոշ գիտնականներ պնդում են, որ ավելի իմաստալից կլիներ վիրուսակիրներին իզոլացնել ցամաքի վրա։

Վերջին տվյալներով Covid-19 կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 2014-ի, վարակվածներինը՝ 75309, իսկ բուժվածներինը՝ 15126։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter