HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատարանը մերժեց Գագիկ Խաչատրյանին 7․5 մլրդ դրամ գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը․ նրա կալանքի ժամկետը երկարացվեց

ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարացվեց ևս երկու ամսով։ Այս մասին «Հետք»-ի հարցին ի պատասխան՝ ասաց Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։ Որոշումը հրապարակել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը:

Նշենք, որ Գագիկ Խաչատրյանը կալանքի տակ է արդեն 6 ամիս։ ԱԱԾ-ն նրա կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդությունը ներկայացրել էր օրեր առաջ։ Խափանման միջոցի հարցի քննության ժամանակ Խաչատրյանի պաշտպանները գրավի միջնորդություն են ներկայացրել դատարան, որը, սակայն, մերժվել է։ Դատախազությունից «Հետք»-ի հարցին ի պատասխան՝ հայտնեցին, որ որպես գրավի չափ պաշտպանական կողմն առաջարկել է 7.5 մլրդ դրամ։

Առանձնապես խոշոր չափի վատնում կատարելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու առթիվ քննվող գործով, որով Գագիկ Խաչատրյանն անցնում է, մեղադրյալ է նաև վերջինիս եղբորորդին՝ Կարեն Խաչատրյանը, որը հունվարի 23-ին առաջին ատյանի դատարանի որոշմամբ ազատ էր արձակվել։ Դատախազությունը, սակայն, այս որոշումը բողոքարկել էր դատարան, և այն բեկանվել է։ Այս պահին Կարեն Խաչատրյանը ևս կալանքի տակ է։

ԱԱԾ-ի փոխանցմամբ՝ վերը նշված քրեական գործով անցնում են նաև ՊԵԿ-ի և ֆինանսների նախարարության այլ նախկին պաշտոնատար անձինք։

Գագիկ Խաչատրյանն ու եղբորորդին վերը նշված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են 2019-ի  օգոստոսի 27-ին։ Պաշտպան Երեմ Սարգսյանը բազմիցս բարձրաձայնել է, որ Խաչատրյանն առողջական լուրջ խնդիրներ ունի, բուժման և վիրահատության կարիք ունի։ Պաշտպանը ավելի վաղ լրագրողների հետ զրույցում ասել է,որ Խաչատրյանին վերագրվում է շուրջ 7 մլրդ դրամ գումարի յուրացում և վատնում: 

Թեև նա մեղադրանքը չի ընդունում՝ այս գումարից որոշ մաս՝ շուրջ 230 մլն դրամ փոխանցվել է ԱԱԾ դեպոզիտ հաշվին: Երեմ Սարգսյանը վերջերս՝ Վերաքննիչ դատարանում Խաչատրյանի կալանքի հարցով նիստերից մեկի ժամանակ հայտարարել էր, որ Խաչատրյանի հարազատները պատրաստ են հանուն նրա առողջության դատարանի դեպոզիտ հաշվին փոխանցել նրան վերագրվող ամբողջ գումարը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter