
Դատախազությունը բողոքարկել է Ջոն Ֆարխոյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշումը
Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության նախկին պետ Ջոն Ֆարխոյանին գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկվել է: Այս մասին «Հետք»-ի հարցին ի պատասխան ասաց Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ Ֆարխոյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափով կաշառք տալու մեջ: Նա ձերբակալվել է փետրվարի 5-ի, լույս 6-ի գիշերը, ապա ԱԱԾ-ն նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան: Միջնորդությունը, թեև բավարարվել է՝ դատարանը որոշել է նրա նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց գրավ կիրառել՝ 5 մլն դրամի չափով:
Քրեական գործով, որով Ջոն Ֆարխոյանը մեղադրյալ է, անցնում է նաև Քաղաքաշինության կոմիտեի արդեն նախկին նախագահ Վահագն Վերմիշյանը: Վերջինս երեկ Կառավարության որոշմամբ ազատվել է պաշտոնից, մեղադրվում է առանձնապես խոշոր չափով կաշառք ստանալու մեջ։
Նշենք, որ Ջոն Ֆարխոյանը նույնպես այլևս պաշտոն չի զբաղեցնում: Նա Քննչական կոմիտեում աշխատանքից ազատվել է 2020-ի հունվարին՝ ձերբակալումից օրեր առաջ։
Ֆարխոյանը նախկինում եղել է նաև Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ։
Մեկնաբանել