HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Եվրոպան դարձել է կորոնավիրուսի պանդեմիայի էպիկենտրոն․ Առողջապահության համաշխարհային կազմակերպություն

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ Եվրոպան դարձել է կորոնավիրուսի պանդեմիայի էպիկենտրոն։ Օրեցօր բազմաթիվ երկրներ իրենց սահմանները փակում են օտարերկրացիների համար, իսկ երբեմն նաև սեփական քաղաքացիների նկատմամբ, որոնք վերադառնում են օտարերկրյա պետություններից։

Այսօր հայտնի դարձավ, որ օտարերկրացիների համար պետական սահմանը փակել է Ուկրաինան։ Արգելքն սահմանվել է երկու շաբաթով, որը կարող է երկարաձգվել։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտնել է, որ Վրաստանի վարչապետի հետ տեղի ունեցած հեռախոսազրույցից հետո, որոշվել է մարտի 14-ից 10 օրով ժամանակավորապես կասեցնել երկու երկրների միջև քաղաքացիների տեղաշարժը: Միաժամանակ, երկու երկրները կապահովեն հայրենիք վերադառնալու ցանկություն հայտնած քաղաքացիների անարգել մուտքը իրենց երկիր:

Արտասահմանցիների համար իրենց սահմանները փակել են նաև Չեխիան, Բուլղարիան և Սլովակիան։ Բացառություն են կազմում միայն այն օտարերկրացիները, որոնք ունեն կացության քարտ։ Ավստրիան էլ հայտարարել է, որ բժշկական ստուգումներ կիրականացնի Շվեյցարիայի և Լիխտենշտեյնի սահմաններին։ Այս գործելաոճն արդեն իսկ կիրառվում է իտալա-ավստրիական պետական սահմանին։

Մեծ Բրիտանիան որոշել է մեկ տարով հետաձգել տեղական ընտրությունները։ Դրանք տեղի կունենան 2021 թվականի մայիսին։ Մինչև ապրիլ ամիսը հետաձգվել են նաև ֆուտբոլի Պրեմիեր լիգայի խաղերը, ինչպես նաև Լոնդոնի մարաթոնը։ Իսկ Շոտլանդիայում շաբաթ օրը գրանցվել է կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը։

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է, որ շաբաթ օրվանից երկրում կհայտարարվի արտակարգ դրություն։ Նոր կորոնավիրուսից մահվան դեպքերը մեկ օրում ավելացել են 40 %-ով։ Ընդհանուր առմամբ, Իսպանիայում կորոնավիրուսից մահացել է 120 մարդ, իսկ վարակակիրների թիվը հասել է 4209-ի։ Արտակարգ դրության շրջանակներում կառավարությունը կարող է արգելել մարդկանց և տրանսպորտի տեղաշարժը, զբաղվել պարտադիր տարհանմամբ և արգելել մուտքը դեպի կոնկրետ շրջաններ և վայրեր։ Արտակարգ դրությունը կտևի 15 օր, սակայն կարող է երկարաձգվել, եթե խորհրդարանը տա իր համաձայնությունը։ Սանչեսի խոսքերով՝ Իսպանիայում կորոնավիրուսի վարակակիրների թիվը հաջորդ շաբաթ կարող է հասնել 10 000-ի։

UNESCO-ն էլ հայտնում է, որ Ասիայի, Եվրոպայի, Ամերիկայի, Մերձավոր Արևելքի շուրջ 61 երկրներ փակել կամ փակում են ուսումնական հաստատությունները։ Ուրբաթ օրվանից մինչև մարտի 23-ը փակ կլինեն Հայաստանի բոլոր ուսումնական հաստատությունները։ Շվեյցարիայում, առնվազն մինչև ապրիլի 4-ը, փակ կլինեն բոլոր դպրոցները։ Երկուշաբթի օրվանից սկսած կփակվեն նաև Գերմանիայի դպրոցների մեծ մասը։ Մալթա ժամանած բոլոր քաղաքացիներն էլ անխտիր կտեղափոխվեն 14-օրյա կարանտին։

Բրիտանական կառավարության խնդրանքով Ուելսի արքայազն Չարլզը և նրա կինը՝ Կամիլան հետաձգել են իրենց այցը Բոսնիա, Հորդանան և Կիպրոս։ «British Airways» ընկերության ղեկավար Ալեքս Քրուզն էլ հայտարարել է, որ չեղարկվում են բազմաթիվ թռիչքներ, իսկ աշխատակիցներին սպասվում են կրճատումներ։

Լուսանկարը՝ «Reuters» գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter