HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Նիկոլ Փաշինյան. «Մենք հիվանդանոցներում պահում ենք մարդկանց, որոնք բուժման կարիք չունեն»

Հայաստանում այս պահի դրությամբ հաստատվել է 52 դեպք, որոնցից 32-ը կապված են Էջմիածնի հայտնի դեպքի հետ: Վարակակիրներից երկուսի մոտ առկա է թոքաբորբ: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Առողջապահության նախարարությունը, ըստ էության, երաշխավորում է, որ այդ մարդիկ բուժվում են և բուժվելու են: Թոքաբորբ տանող մեր քաղաքացիներից մեկի ջերմաստիճանը այսօր առավոտյան եղել է 36,8, իսկ մյուսինը՝ 37»,- ասաց Կառավարության ղեկավարը և սկսեց թվարկել կորոնավիրուսով վարակված մյուս քաղաքացիների ջերմաստիճանները, որոնք հիմնականում կամ նորմայի սահմաններում էին կամ նորմայից մի փոքր բարձր:

Վարչապետն ասաց, որ շեշտը պետք է դնել մեզնից յուրաքանչյուրի անհատական սոցիալական պատասխանատվության վրա. «Հիմա պետք է հասկանանք, թե ինչ ռազմավարությամբ պետք է շարունակենք աշխատել: Մեր ռազմավարությունը հետևյալն է. քանի դեռ կա հնարավորություն՝ հետևել դեպքերին և մեկուսացնել վարակակիրների հետ շփում ունեցած անձանց: Հիմա փաստն այն է, որ մենք հիվանդանոցներում պահում ենք մարդկանց, որոնք բուժման կարիք չունեն: Մեր առաջին դեպքը ի՞նչ եղավ. 14 օր այդ մարդը ուղղակի հիվանդասենյակում նստեց ու որևէ տեղ որևէ բուժում չեղավ: 14-15-րդ օրը նրան ախտորոշեցինք, թեստը բացասական եղավ ու նա գնաց տուն: Մենք պետք է հասկանանք, թե որքան է նպատակահարմար բուժման կարիք չունեցող քաղաքացիներին պահել հիվանդանոցում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ եթե հարցին այս տեսանկյունից ենք նայում, պարզ է դառնում, որ կորոնավիրուսը իրականում այդքան էլ սարսափելի չէ, որքան դրա մասին խոսում են, եթե խոսքը վերաբերում է 70-ից ցածր տարիք ունեցող կամ խրոնիկական հիվանդություն չունեցող անձանց:

«Կարող է նաև այնպես լինել, որ վարակված մարդիկ ժամանակը տանը անցկացնեն: Դրա համար ուղղակի երաշխիք է պետք, որ այդ մարդիկ անզգուշությամբ կամ դիտավորությամբ ուրիշներին չեն վարակի: Եվ չնայած արտակարգ դրություն է հայտարարված, կարծում եմ, որ առավել արդյունավետ միջոց է՝ ոչ թե ոստիկանական ուժեր դնել տների դռների մոտ, այլ մենք քանի որ մի հանրություն ենք, մի ընտանիք ենք, պետք է տրամադրվենք ավելի մեծ պատասխանատվության, կանոնների նկատմամբ ավելի մեծ կարգապահության: Եվ եթե այսպես վերաբերվենք, մեր կորոնավիրուսային իրավիճակն ու լարվածությունը միանգամից կընկնի: Փառք Աստծո, մեզ համար կորոնավիրուսն ընթանում է որպես սովորական վիրուսային հիվանդություն»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter