HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Նիկոլ Փաշինյանը՝ ապրանքների թանկացման, ֆինանսական համակարգի և տնտեսական քաղաքականության մասին

Սպիրտի գնի աճը կապված է հարկային օրենսդրության փոփոխության հետ, և կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի հետ կապ չունի: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ինձ զեկուցել են, որ ալկոգելերի գնային փոփոխություն կորոնավիրուսից առաջ և հետո տեղի չի ունեցել: Փոխվել է ձավարեղենի գինը, և դա կապված է այն փաստի հետ, որ մարդիկ խուճապային և ճգնաժամային գնումներ են իրականացնում: Կոչ եմ անում մեր քաղաքացիներին այդպիսի գնումներ չանել, քանի որ խանութները որևէ ապրանքի պակաս պահեստներում չունեն»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետն անդրադարձավ նաև այն փաստին, որ խոշոր սուպերմարկետների առևտուրը միջինում 30-40 տոկոսով աճել է, իսկ փոքր խանութներինը՝ նվազել: Կառավարության ղեկավարը կոչ արեց առևտուր անել նաև փոքր խանութներից: 

«Մեծ ծավալի բազմաթիվ ապրանքներ կուտակվել են փոքր և միջին կրպակներում: Ու այդ կրպակները զարմանալիորեն ապրանք սպառելու պրոբլեմ ունեն, մինչև դեռ մեծ սուպերմարկետներում առևտրի աճ է արձանագրվում»,- ասաց Կառավարության ղեկավարը:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև ֆինանսական շուկային՝ շեշտելով, որ համակարգը շատ ուժեղ և կայուն է:

«Անցած տարվա մեր ցուցանիշներից հետո, երբ որ մեր միջազգային պահուստները հասցրել ենք աննախադեպ բարձր մակարդակի, և Կենտրոնական բանկն էլ աննախադեպ մեծ ծավալի արտարժույթ է գնել և պահեստավորել: Այնպես որ այստեղ մենք խնդիր չենք ունենալու»,- նշեց վարչապետը:

Խոսելով տնտեսական քաղաքականությունից՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս հարցում չեն ցանկանում շտապողական քայլեր անել:

«Ես տնտեսական նպաստի տրամաբանությանը դեմ եմ: Մենք պետք է ոչ թե տնտեսական նպաստ տանք, տնտեսությանը սոցիալական նպաստ տանք, որը նրան կթուլացնի, այլ պետք է ամեն ծախսվող լումայի հիմքում դնենք զարգացման ծրագիր: Պետք է համոզվենք, որ այդ աջակցման արդյունքում բիզնեսը ավելի մրցունակ և ուժեղ է դառնալու»,- նշեց վարչապետը՝ շեշտելով, որ 2018-19 թվականների արդյունքներում Հայաստանը տնտեսական հեղափոխությունը զրոյից սկսելու մեծ պոտենցիալ է կուտակել, որն էլ կնպաստի, որ ստեղծված իրավիճակից Հայաստանը ավելի ուժեղացած տնտեսությամբ դուրս գա: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter