HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Հայաստանի առաջնությունն ու կորոնավիրուսը. ինչ քայլեր են ձեռնարկում ֆուտբոլային ակումբները

Մարտի 13-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան որոշում կայացրեց մինչև մարտի 23-ը դադարեցնել ՀՖՖ հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարարերը, այդ թվում՝ Բարձրագույն խմբի առաջնությունը: Այսօր՝ մարտի 17-ին, ՈՒԵՖԱ-ի ներկայացուցիչների և ՈՒԵՖԱ-ի անդամ ասոցիացիաների նախագահների մասնակցությամբ օնլայն քննարկում է տեղի ունենալու (արդեն մեկնարկել է), որից հետո պարզ կդառնան հետագա անելիքները:

«Հետք»-ը զրուցել է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում հանդես եկող թիմերի ներկայացուցիչների հետ՝ հասկանալու համար, թե ինչ քայլեր են ձեռնարկում ստեղծված իրավիճակում:

Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ի թիմ մենեջեր Նորայր Հարությունյանն ասաց, որ առաջնության հետաձգման մասին լուրն իմանալուց հետո ակումբը որոշել է մի քանի օր անցնել հանգստի՝ մինչև հայտնի դառնա, թե ինչ վերջնական որոշում կկայացնեն ՀՖՖ-ն և ՈՒԵՖԱ-ն: 

«Ակումբի ղեկավար կազմը՝ մարզիչների և բժշկի հետ անմիջապես ժողով անցկացրեց տվյալ իրավիճակում հետագա գործողությունների ընթացքը հասկանալու համար: Ֆուտբոլիստների հետ օնլայն չատ ունենք, որտեղ քննարկում ենք ստեղծված իրավիճակը, պաշտոնական հաղորդագրությունները, վարչապետի և առողջապահության նախարարի հայտարարությունները, որոնք եռալեզու տարբերակով հրապարակում ենք չատում: Ֆուտբոլիստներին հուզող ցանկացած հարցի շատ արագ պատասխանում ենք»,- ասաց Նորայր Հարությունյանը:

Հարցին, թե ինչպես են իրավիճակին արձագանքում թիմի արտասահմանցի խաղացողները, արդյոք իրենց հայրենիք վերադառնալու ցանկություն հայտնե՞լ են, Նորայր Հարությունյանը նշեց, որ ամենասկզբից իրենց առջև խնդիր են դրել ֆուտբոլիստներին իրավիճակը ներկայացնել այնպես, ինչպես որ կա՝ ավելորդ խուճապից խուսափելու համար:

«Գրեթե բոլորը, հասկանալով, որ Հայաստանում շատ ավելի ապահով է, քան իրենց երկրներում, որոշում են կայացրել ամբողջ ընթացքում մնալ Հայաստանում»,- ասաց «Արարատ-Արմենիա»-ի թիմ մենեջերը:

Ֆուտբոլիստների մարզավիճակի վերաբերյալ հարցին, Նորայր Հարությունյանը պատասխանեց, որ մարզչական շտաբը ամենօրյա ռեժիմով խաղացողներին ուղարկում է անհատական մարզման ծրագրեր, և ըստ դրանց՝ նրանք փորձում են հնարավորությունների չափով պահպանել մարզավիճակը: 

«Ակումբի բժշկական անձնակազմը ֆուտբոլիստներին պարբերաբար ցուցումներ է տալիս: Ֆուտբոլիստները տեղյակ են, թե ինչպես կարելի է նվազեցնել վարակվելու հավանականությունը: Նույնիսկ ամենափոքր ախտանշանի դեպքում ֆուտբոլիստները միանգամից կապ են հաստատում ակումբի բժշկի հետ, և կախված իրավիճակից՝ վերջինս որոշում է կայացնում: Ոչ մի ֆուտբոլիստ այս պահին որևէ գանգատ չունի, այս պահին բոլորն իրենց լավ են զգում»,- նշեց Նորայր Հարությունյանը:

Ի դեպ, «Արարատ-Արմենիա»-ի խաղացողները #մնացեքտանը կոչով են հանդես եկել, տեսանյութը հրապարակվել է ակումբի ֆեյսբուքյան էջում:

«Ինչ վերաբերում է առաջնության հնարավոր վերսկսմանը, ապա, կարծում եմ, շուտով կլինեն ՈՒԵՖԱ-ի և ՀՖՖ-ի համապատասխան որոշումները, որոնց հետ բոլորս պետք է հաշվի նստենք»,- եզրափակեց Նորայր Հարությունյանը:

«Ուրարտու»-ի մամուլի խոսնակ Դավիթ Մարտիրոսյանը հայտնեց, որ մարտի 14-ին ակումբի սեփականատեր Ջևան Չելոյանցը հանդիպում է ունեցել թիմի բոլոր աշխատակիցների հետ, որի ընթացքում որոշում է կայացվել մինչև մարտի 18-ը դադարեցնել բոլոր տեսակի մարզումներն ու աշխատանքները:

«Ակումբն էլ, այսպես ասած, կարնտինի մեջ է, և հետագա անելիքները կախված են լինելու ՈՒԵՖԱ-ի ներկայացուցիչների և ՈՒԵՖԱ-ի անդամ ասոցիացիաների նախագահների քննարկումից: Եթե որոշվի, որ մրցաշարը շարունակելու է, ապա պետք է հասկանանք, թե ինչ ժամկետներում, և ըստ դրա էլ «Ուրարտու»-ն կկողմնորոշվի հետագա ծրագրերում: Այս պահի դրությամբ ոչ մի մարզում չկա, մանկապատանեկան դպրոցում նույնպես մարզումներ չկան, ու ակումբի բազա մուտք գործելն ու դուրս գալը խիստ վերահսկողության տակ են»,- ասաց «Ուրարտու»-ի մամուլի խոսնակը:

5e6cb35c97fdc.jpg (203 KB)
Չելոյանցի հանդիպումը՝ «Ուրարտու»-ի խաղացողների և աշխատակիցների հետ / © fcurartu.am

Դավիթ Մարիտրոսյանը նշեց, որ չնայած մարզումների դադարեցմանը՝ մարզիչները բոլոր ֆուտբոլիստներին անհատական ծրագրեր են ուղարկել, և ֆուտբոլիստները աշխատում են՝ ըստ այդ ծրագրի: Բացի այդ, ֆուտբոլիստներին հորդորվել է պահպանել հակահամաճարակային կանոնները: Կորոնավիրուսից խուսափելու կանոնների վերաբերյալ խոսել է նաև «Ուրարտու»-ի բժշկական գծով փոխտնօրեն Միխաիլ Վարդապետովը: Թիմի ֆուտբոլիստներից ոչ ոք գանգատներ չունի:

#ՄնաՏանը նախաձեռնությամբ հանդես են եկել նաև «Ուրարտու»-ի խաղացողները:

Հայաստանի 14-ակի չեմպիոն «Փյունիկ»-ի մարզչական շտաբը ժողով է անցկացրել՝ որոշելով դադարեցնել բոլոր տեսակի մարզումները, «Փյունիկ»-ի ակադեմիայի ղեկավար կազմն էլ իր հերթին դադարեցրել է մանկապատանեկան թիմերի մարզումները: Այս մասին հայտնեց «Փյունիկ»-ի մամուլի խոսնակ Հայկազ Մկրտչյանը: Նոր դեպքերի ի հայտ գալուց հետո աշխատակազմի վերաբերյալ նույնպես համապատասխան որոշում կայացվեց: 

Հայկազ Մկրտչյանի խոսքով՝ «Փյունիկ»-ի լեգեոներները թիմի տրամադրության տակ են, մարզումները դադարեցված են մինչև ապրիլի 14-ը, և այն լեգեոներները, որոնց երկրներում վարակը լայն տարածում չի գտել, այդ ընթացքում կկարողանան վերադառնալ հայրենիք:

Խաղացողների մարզավիճակի վերաբերյալ հարցին, «Փյունիկ»-ի մամուլի խոսնակն ասաց, որ ֆուտբոլիստները անհատական ծրագրեր են ստացել: 

«Մարզչական շտաբը մշտապես կապի մեջ է ֆուտբոլիստների հետ։ Ֆուտբոլիստները պրոֆեսիոնալներն են, և նրանք հասկանում են, որ դադարից հետո մրցաշրջանը վերսկսվելու է, և պետք է համապատասխան մարզավիճակում լինել։ Ֆուտբոլիստներին տրվել են նաև հրահանգներ և խորհուրդներ, թե ինչ է պետք անել, նույն այն հրահանգները, ինչ մենք ստացել ենք առողջապահության նախարարությունից»,- ասաց Հայկազ Մկրտչյանը:

Երևանի «Արարատ»-ի քարտուղար Սուրեն Սուքիասյանն էլ ասաց, որ առաջնության հետաձգումից հետո ակումբը որոշել է մի քանի օր հանգիստ տրամադրել խաղացողներին, այնուհետև նորից վերսկսել մարզումները: Լեգեոներներին հնարավորություն է տրվել մեկնել իրենց հայրենիք, սակայն հիմա բոլոր խաղացողները Երևանում են:

«Մինչև վերջերս օրական երկու պարապմունք էինք անցկացնում, շատ լավ ֆիզիկական վիճակում էր թիմը: Այժմ մի քանի օր հանգիստ կլինի և պարապմունքները կվերսկսվեն: Մարզչական շտաբը այնպես կկազմակերպի հանգիստն ու մարզումները, որ խաղացողները մարզավիճակի խնդիր չեն ունենա»,-ասաց «Արարատ»-ի քարտուղարը:

Սուրեն Սուքիասյանն ասում է, որ ակումբը պատրաստ է իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարի: 

«ՀՖՖ-ի վերջնական որոշումից հետո հետագա քայլերում կկողմնորոշվենք: Հույս ունենք, որ առաջնությունը չի դադարեցվի: Կարող եմ ասել, որ ակումբի համար ամենաառաջնայինը թիմի խաղացողների, աշխատակիցների և երկրպագուների առողջությունն է»,- նշեց Սուրեն Սուքիասյանը: 

Նրա խոսքով՝ ֆուտբոլիստներին ինքնամեկուսանալու ցուցում է տրված, սակայն իրավիճակի բարելավման դեպքում կանցնեն ամենօրյա աշխատանքին: «Արարատ»-ի ֆուտբոլիստները նույնպես գանգատներ չունեն: 

Երևանի «Նոա»-ում նույնպես իրավիճակի փոփոխմանը զուգահեռ պարբերաբար քննարկումներ են տեղի ունենում: Ակումբի մամուլի խոսնակ Ռուբեն Մելոյանի խոսքով՝ անընդհատ հետևում են իրադարձությունների զարգացումներին: 

89843039_910491522740313_561280048661790720_n.jpg (84 KB)
«Նոա»-ի վերջին մարզումը / © FC Noah

Թիմի լեգեոներները Հայաստանում են, մեկնելու ցանկություն էլ չեն հայտնել, ամուսնացած լեգեոներները իրենց ընտանիքների հետ են այստեղ: 

«Սպասում ենք այսօր ուշ կայանլիք ՀՖՖ գործկոմի նիստին, որից հետո կրկին կքննարկենք իրավիճակը ու որոշում կկայացնենք հետագա անելիքների վերաբերյալ»,- նշեց Ռուբեն Մելոյանը: 

«Նոա»-ի մամուլի խոսնակն ասում է, որ մինչև երեկ թիմը մարզումներ է անցկացրել: Վիրուսային գանգատներ ունեցող ֆուտբոլիստներ չկան, սակայն որոշ խաղացողներ վնասվածքներ են ստացել հանդիպումների և մարզումների ժամանակ: Նրանք թիմի բժշկի ուշադրության ներքո են:

Գյումրիի «Շիրակ»-ի մամուլի խոսնակ Արման Մալոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ակումբի ղեկավարությունն ու մարզչական շտաբը մշտական կապի մեջ են և փորձում են այս իրավիճակի գրագետ լուծում գտնել: 

«Ակումբի բոլոր ֆուտբոլիստները, այդ թվում՝ լեգեոներները գտնվում են Գյումրիում, լեգեոներներից մի քանիսի ընտանիքները նույնպես Գյումրիում են, այնպես որ ամեն ինչ նորմալ է»,- նշեց Արման Մալոյանը՝ պատասխանելով լեգեոներների վերաբերյալ հարցին:

Նա ասաց, որ ոչ միայն թիմի խաղացողներին, այլ նաև ամբողջ հանրությանը հորդորել են ինքնամեկուսանալ և պահպանել հակահամաճարակային կանոնները: Սակայն դրա հետ մեկտեղ «Շիրակ»-ի խաղացողները նույնպես մարզվում են անհատական ծրագրերով:

«Արվում է ամեն հնարավոր բան, որպեսզի թիմը ֆիզիկապես լիովին պատրաստ լինի առաջնության վերսկսմանը»,- ասաց «Շիրակ»-ի մամուլի խոսնակը՝ հավելելով, որ խաղացողները գանգատ չունեն և մշտապես գտնվում են թիմի բժշկի հսկողության տակ:

Ի դեպ, «Շիրակ»-ի բժիշկ Գրիգոր Սարգսյանը այս օրերին գտնվում է Ծաղկաձորի Golden Palace հյուրանոցում և օգնություն է ցուցաբերում հյուրանոցում մեկուսացված անձանց:

«Գանձասար-Կապան»-ը, ելնելով կորոնավիրուսի տարածման փաստից, մարզադաշտերի փակ լինելու հանգամանքից, որոշել է դադարեցնել մարզումները: Ֆուտբոլիստներն այժմ մարզվում են անհատական ծրագրով՝ չմոռանալով անվտանգության մասին: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց «Գանձասար-Կապան»-ի մամուլի խոսնակ Արմեն Այվազյանը:

Լեգեոներները Հայաստանում են, բոլոր խաղացողներն ինքնամեկուսացվել են: Արմեն Այվազյանն ասում է, որ ամենակարևորը մարդկանց առողջությունն է, և եթե նույնիսկ որոշում կայացվի առաջնությունը դադարեցնել, ապա իրենք կհամակերպվեն դրա հետ:

Վանաձորի «Լոռի»-ի գլխավոր մենեջեր Սպարտակ Պետրոսյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ այս պահին ապահովել են ֆուտբոլիստների կարանտինային պայմանները՝ նախևառաջ կարևորելով նրանց առողջությունը: Առաջնության հետագա ճակատագրի վերաբերյալ լավատեսական են տրամադրված:

«Այս պահին բոլոր լեգեոներները Վանաձորում են, ոչ մեկը չի լքում քաղաքը: Բոլորը շատ լավ գիտակցում են ստեղծված իրավիճակի լրջությունը։ Անգամ հայ ֆուտբոլիստներ ունենք, որոնք նախընտրել են մեկուսանալ Վանաձորում եւ չեն վերադարձել Երեւան։ Ֆիզիկական պատրաստվածության գծով մարզիչը տվել է մարզումային ծրագիր, որին ֆուտբոլիստները հետեւում են»,- ասաց Սպարտակ Պետրոսյանը։

Հարցին, թե արդյոք ֆուտբոլիստներ վիրուսային գանգատներ չունեն, «Լոռի»-ի գլխավոր մենեջերը պատասխանեց. «Թու-թու-թու, բոլորն առողջ են»:

Հայաստանի գործող գավաթակիր Երևանի «Ալաշկերտ»-ի մամուլի խոսնակ Սամվել Սուքիասյանն էլ ասում է, որ թիմին ժամանակավոր արձակուրդ է տրամադրվել․

«Ալաշկերտի» WhatsApp-ի խմբում, որում ընդգրկված են բոլոր աշխատակիցները և ֆուտբոլիստները, բժշկական շտաբի կողմից անհրաժեշտ գործողությունների և անվտանգության կանոնների եռալեզու հայտարարություն է տարածվել: Հետագա անելիքները պարզ կդառնան մոտ ապագայում»,- ասաց Սամվել Սուքիասյանը։

Այս պահին թիմի բոլոր խաղացողները Երևանում են։ Նրանց ինքնամեկուսանալու ցուցում է տրվել։ Սամվել Սուքիասյանի խոսքով՝ ֆուտբոլիստներից ոչ ոք գանգատներ չունի։

«Ֆուտբոլիստներին մարզավիճակը պահպանելու համար անհատական ծրագրեր է տրվել, սակայն մոտ օրերս իրավիճակն ավելի հստակ կդառնա, ինչի հիման վրա էլ կկազմենք հետագա ծրագրերը»,- նշեց «Ալաշկերտ»-ի մամուլի խոսնակը։

Նշենք, որ Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 17 տուրերից հետո մրցաշարային աղյուսակը 33 միավորով միանձնյա գլխավորում է գործող չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ն: «Ալաշկերտ»-ը 31 միավորով երկրորդն է, իսկ «Լոռի»-ն 29 միավորով՝ երրորդը: Ամբողջական մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը:

Screenshot_5.jpg (106 KB)

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության ընթացիկ մրցաշրջանի ճակատագիրը հավանաբար հայտնի կդառնա ՀՖՖ՝ այսօր կայանլիք գործադիր կոմիտեի նիստից հետո: Առայժմ հայտնի չեն եվրոպական լիգաների ճակատագրերը: Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածման պատճառով հետաձգվել են եվրոպական բազմաթիվ երկրների ներքին առաջնությունները, այդ թվում՝ թոփ-5 լիգաները (Իսպանիա, Անգլիա, Գերմանիա, Իտալիա, Ֆրանսիա): Հետաձգվել են նաև Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի խաղարկությունները: Ինչպես արդեն նշեցինք, որոշիչ է լինելու նաև ՈՒԵՖԱ-ի այսօրվա քննարկման արդյունքները:

Հարկ է նշել նաև, որ Հայաստանի փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ մարտի 17-ի ժամը 12:00-ից սկսած՝ Հայաստանի տարածքում արգելվել են 20 և ավել անձանց մասնակցությամբ մի շարք հանրային միջոցառումներ, այդ թվում նաև սպորտայինները: 

Մարտի 17-ի 12:00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվել է 64 մարդ, որոնցից մեկն առողջացել է և դուրս գրվել հիվանդանոցից:

Գլխավոր լուսանկարը՝ «Արարատ-Արմենա»-ի - «Շիրակ» հանդիպումից / © FC Ararat-Armenia

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter