HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Վարդան Արամյան. «Ամեն ինչ պետք է անել, որ հանրության մոտ ոչ ռացիոնալ սպասումներ չձևավորվեն»

Ըստ Ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանի՝ Հայաստանում հայտարարված արտակարգ դրության պայմաններում կառավարության կարևորագույն խնդիրներից մեկը տեղեկատվական հոսքերի ճիշտ կառավարումն է, որոնք ազդում են նաև բնակչության սպասումների և ամբողջ տնտեսության վրա։  

«Հետքը» Վարդամ Արամյանի հետ զրուցել է կորոնավիրուսի հետևանքով առաջացած իրավիճակի տնտեսական ազդեցությունների և հնարավոր փոփոխությունների մասին։

Պարոն Արամյան, արտակարգ դրության հայտարարումը սպասելի՞ քայլ էր։

Կառավարությունը պարզապես պարտադրված էր այս քայլին։ Մի բան պետք է փաատենք, որ այս ճգնաժամն իր բնույթով տնտեսական չէ, այլ` առողջապահական, որն ունենում է էական սոցիալ-տնտեսական հետևանքներ: Այն տարբերբվում է 2008-2009 թվականներին սկսված համաշխարհային տնտեսական ճգնաժամից։ Վերջինս ֆինանսական շուկաներից սկիզբ առած տնտեսական ճգնաժամ էր։ Ուստի առաջնային խնդիրը բոլոր երկրներում, այդ թվում` նաև մեզ մոտ, առողջապահական ռիսկերի արագ կանխարգելումն է: Իհարկե, ամբողջ աշխարհում սահմանների փակումը, մարդկանց ինքնամեկուսացումները ունենում և ունենալու են տնտեսական հետևանքներ, բայց գործողությունների ցուցակում առողջապահական ճգնաժամը հաղթահարելու միջոցառումները պետք է լինեն գերակա, բայց զուգորդված սոցիալական ռիսկերի մեղման և տնտեսությանն օժանդակման գործողություններով ու ծրագրերով։

Տեսեք, Չինաստանն այսօր ահռելի մեծ կշիռ ունի համաշախարհային տնտեսության և առևտրաշրջանառության մեջ: Բայց երկրները, որոնք մեծ ծավալով առևտուր են անում այս երկրի հետ, հաշվի առնելով առողջապահական խնդիրները՝ այնուամենայնիվ իրենց գործողություններով սահմանափակում են իրենց առևտուրն ու փակում սահմանները նրա հետ։  Հարց է առաջանում՝ ինչու՞ , չէ՞ որ կորոնավիրուսից վարակվածների մահածության գործակիցն էական ցածր է մնացած բոլոր այլ պանդեմիկ դեպքերի համեմատ: Պատասխանն այն է, որ վիրուսի տարածման տեմպերն աննախադեպ են և եթե այս առողջապահական ճգնաժամը կանգնեցնելու ուղղությամբ քայլեր այսօր չարվեն, դրա բացասական հետևանքները, այդ թվում՝ տնտեսական, ավելի խորը կլինեն ապագայում, քան հիմա։ Ուստի որպեսզի մեր կառավարությունը կարողանա այս բացասական դինամիկ զարգացումներին կտրուկ արձագանքի և առողջապահական ռիսկերի արագ կանխարգելման գործողություններ կատարի, այդ թվում՝ նաև անհրաժեշտության դեպքում սահմանափակի մարդկանց ազատ տեղաշարժը, կարծում եմ անհրաժեշտ էր այս որոշման կայացումը։

Հնարավո՞ր է այսօր գնահատել, թե մենք ինչ չափի տնտեսական կորուստներ կունենանք արտակարգ դրության հետևանքով։

Հայտնի չէ, թե այս առողջապահական ճգնաժամը որքան կտևի աշխարհում, երկրներն ինչ արագությամբ կկասեցնեն վարակի տարածումը և այլն։ Հետևաբար, որևէ մեկն այսօր չի կարող հստակ գնահատել դրա տնտեսական հետևանքների չափն ու տևողությունը։ Թերևս, գլոբալ հարթակներում քննարկվում է համաշխարհային տնտեսության զարգացման 3 սցենար՝ V-աձև, որը ենթադրում է արագ անկում, հետո նույն կերպ արագ վերականգնում, U-աձև՝ արագ անկում, հետո կարճ ստագնացիա և ապա վերականգնում, L-աձև՝ անկում և երկար ստագնացիա: Իհարկե, տեսակետներն ավելի շատ հավաքվում են առաջին և երկրորդ տարբերակների շուրջ այս պահին, բայց, ամեն դեպքում, հնարավոր փաստացի դրսևորումները կախված կլինեն համաշխարհաին մասշտաբով առողջապահական ռիսկերի նվազեցման արագությունից: Դրա համար էլ լինում են բանավեճեր, այդ թվում՝ նաև մեզ մոտ, կառավարության հարթակում՝ երկրի սահմանները տոտալ փակե՞լ, թե՞ մի փոքր ճկունություն թողնել։ Ես ավելի շատ հակված եմ ճկունություն թողնելուն։ Պետք չէ ամբողջովին ինքնամեկուսանալ աշխարհից։ Չափից շատ կոշտ քայլերն էլ կարող են վտանգավոր լինել, քանի որ բոլոր գործիքները և գործողություններն ունենում են տնտեսական ծախքեր, և եթե մենք կիրառում ենք այս կամ այն գործիքները, պետք է կարողանանք հետագայում էլ այդ ծախքերը փոխհատուցել։ 

Որտե՞ղ են երևալու այդ հետևանքները։

 Առաջինը թուլանալու է մարդկանց ակտիվությունը և՛ գլոբալ աշխարհում, և՛ մեզ մոտ, որն էլ հանգեցնելու է տնտեսական ակտիվության թուլացմանը։ Տնտեսությունը հանրության անդամների փոխշփումն է, նրանց գործարքները։ Եվ եթե այդ շփումը դադարեցվում կամ նվազագույնի է հասցվում, բնականաբար, դրանից անկում է ապրում տնտեսական ակտիվությունը։ Մարդկանց տեղաշարժերի կոշտ սահմանափակումներն առաջին հերթին տուրիզմին են վնասելու. այսինքն ՝ տուրիզմի գծով ստացվող եկամուտներն ու դրանց տնտեսական էֆեկտները մենք կորցնելու ենք։  Նաև պետք է հասկանանք, որ հետագայում էլ, երբ այս առողջապահական ճգնաժամը անցնի, դրա տնտեսական հետևանքները վերացնելն ու վերականգվելը երկար ժամանակ է պահանջելու. դա արագ տեղի չի ունենում։ Օրինակ՝ երբ բոլոր սահմաններն ու ավիաթռիչքները բացվեն, զբոսաշրջիկների հոսքը միանգամից չի ավելանալու, դա աստիճանաբար է տեղի ունենալու։ Եվ սա կոչվում է անցումային ժամանակահատվածի ծախքեր։ 

Գնաճի տեսանկյունից մտահագություններ կա՞ն։

Գնաճի տեսնակյունից ես շատ մեծ մտավախություններ չունեմ։ Շատ բարձր գներ չեմ ակնկալում, որովհետև այսօրվա դրությամբ ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում առկա է ցածր գնաճային ֆոն։ Հակառակը՝ շատ ավելի վտանգավոր է այն հավանականությունը, որ պահանջարկի նվազման ֆոնին գները նվազեն, ընկնենք դեֆլացիոն՝ գնանկման ծուղակի մեջ, որը տնտեսության համար լավ չէ։ Դրա համար այս իրավիճակին պետք է արձագանքի դրամավարկային քաղաքականությունը, բայց նպատակը լինի գների կայունությունը և ֆինանսական կայունությունը, այլ ոչ թե տնտեսական աճի վերականգնումը: Վերջինի մասով սովորաբար ընդլայնող հարկաբյուջետային քաղաքականությունն է ճիշտ գործիքը, որպեսզի այն գումարները, որոնք այլևս տնտեսություն չեն մտնում, դրսից հայտնվեն տնտեսությունում` նպատակային ծախսերի միջոցով։ Բայց այստեղ էլ կա երկրորդ խնդիրը։ Եթե սա միայն տնտեսական ճգնաժամ լիներ, որոշ նպատակային ծախսերի միջոցով մարդկանց կարող էինք փող տալ ու վերականգնել սպառումը։ Բայց սա առողջապահական ճգնաժամ է, և եթե անգամ մարդկանց գումարներ տրվեն, նրանք կարող է դրանք սպառմանը չուղղեն, քանի որ նրանց շփումն ու գործարքները նվազագույնի են հասցված։ Եթե մարդիկ տանից դուրս չեն գալու, ինչպե՞ս է այդ գումարը ծախսվելու։ Դրա համար էլ այլ լուծումներ է պետք մտածել։

Ըստ Ձեզ՝ ո՞րն է այս իրավիճակում մեր կառավարության գերխնդիրը։

Եթե մի կողմ դնենք առողջապահական հարցը, որը չի քննարկվում, նմանատիպ իրավիճակներում ամենամեծ խնդիրը տեղեկատվական հոսքերի ճիշտ կառավարումն է։ Այստեղ կառավարությունը պետք է հստակ դերակատարություն տա յուրաքանչյուր գերատեսչության՝ ով ինչի համար է պատասխանատու և ինչ տեսակի հաղորդումներ պետք է մատուցի հանրությանը։

Երբ խուճապին նմանվող իրավիճակներ են առաջանում, սովորաբար հանրության անդամների մոտ գլուխ է բարձրացնում, այսպես ասած, ռիսկերի ցանկը, օրինակ՝ իր խնայողությունների ճակատագիրը, եկամուտները, իր համար կարևոր սպառողական ապրանքների գների հնարավոր վարքագիծը, ապրանքների առաջարկը և այլն: Այդ պարագայում յուրաքանչյուր անհատ սկսում է մտածել իր համար կարևոր այս ռիսկերի նվազեցման հնարավոր տարբերակների մասին, բայց իր վարքագիծը և որոշումը կախված է լինում այն տեղեկատվությունից, որը մատուցվում է իրեն տարբեր աղբյուրներից, այդ թվում՝ սոցցանցերից: Հիմա, եթե այս խաղում կառավարությունը նախահարձակ չեղավ և հանրությանը չմատակարարեց այն անհրաժեշտ տեղեկատվությունը, որին նա սպասում է, հնարավոր է այս բացը անհատը լրացնի այլ աղբյուրներից:

Արդյունքում՝ կարող է գլուխ բարձրացնեն ասիմետրիկ ինֆորմացիաները և հանրության վարքագիծը դարձնեն իռացիոնալ և խիստ վտանգավոր: Այս առումով, կարծում եմ, կարևոր քայլ էր արտակարգ դրություն հայտարարելու կառավարության որոշման այն հատվածը, որը վերաբերում է տեղեկատվության կառավարմանն ու արգելքներին: Բայց այս դեպքում պետք է համապատասխան գերատեսչությունն իր հայտարարություններով ոչ թե ասի՝ տեղյակ եմ այդ խնդրին, այլ ներկայացնի իր գործողությունները և ուղղություն տա քաղաքացուն, թե ինչ անել։

Օրինակ՝ երբ դոլարի արժևորման չարդարացված սպասումներ են լինում, ինչի արդյուքնում տեղի է ունենում դրամի արժեզրկում, ԿԲ-ն պետք է հայատարերի, որ ունի բավարար պահուստներ և տիրապետում է իրավիճակին իր ողջ գործիքակազմով, անհրաժեշտության դեպքում էլ կարող է միջամտել իր գործիքներով և պատժել անհարկի տատանումեր մտցնող վարքագիծը։ Իսկ տնտեսագետներն ու անհատները պետք է գիտակցեն, որ չի կարելի ասիմետրիկ ինֆորմացիաներին օգնող և իրավիճակն ավելի սրացնող հայտարարություններ անել։

Գիտեք, բոլորս մի նավակի մեջ ենք, և եթե իրավիճակը վերահսկողությունից դուրս գա տեղեկատվական ասիմետրիաների արդյունքում, բոլորս ենք տուժելու։ Ամեն ինչ պետք է անել, որ հանրության մոտ ոչ ռացիոնալ սպասումներ չձևավորվեն։ Օրինակ՝ բոլորը պահի տակ երբ դառնում են կորոնավիրուսի մասնագետ և սկսում են առողջապահության նախարարությանը դասեր տալ, սա ճիշտ չէ։

Այս իրավիճակում փողն առավելապես ո՞ր հատված պետք է ուղղել՝ առողջապահակա՞ն, թե՞ տնտեսական։

Սա առողջապահական ճգնաժամ է, և առաջնային ֆինանսավորումները պետք է գնան  առողջապահության ոլորտ, որպեսզի հրդեհի օջախներն արագ հանգցնենք։ Բժիշկներին, թերևս, պետք է բոնուսային միջոցներ հատկացվեն։ Բայց նաև սա չի նշանակում, որ մնացած ոլորտները պետք է աչքաթող անել։ 

Իսկ տնտեսական ի՞նչ գործիքներ կարելի է կիրառել բացասական հետևանքները մեղմելու համար։ Չմոռանանք, որ դրսից եկող բացասական ազդակներ ունենք՝ պղնձի ու նավթի գնանկումը։

Յուրաքանչյուր տնտեսական գործիքի մշակում պետք է բխի նպատակից, այսինքն՝ ում ենք ցանկանում օգնել, ինչպես և որքան: Այստեղ, թերևս, դեռ տնային աշխատանք ունի անելու կառավարությունը տնտեսության ոլորտային ազդեցության գնահատականների մասով, և այդ ուղղությամբ Էկոնոմիկայի նախարարությունը ներկայում աշխատում է: Ընդ որում՝ կարևոր է նաև, թե այս իրավիճակը գնահատվում է ժամանակավո՞ր՝ մի քանի ամիսներ, թե՞ ավելի երկարատև:

Որպես ընդհանուր կանոն, եթե առաջին դեպքն է, սովորաբար տնտեսվարող սուբյետները նման իրավիճակներում լիկվիդայնության խնդիր են ունենում և հետո՝ վճարունակության: Հետևապես, կարճաժամկետի համար գործիքները պետք է լինեն ոչ թե կառուցվածքային, այլ ժամանակավոր՝ ուղղված տնտեսվարողի իրացվելիության կառավարման դյուրինացմանը։

Գործիքները կարող են լինել ուղղակի միջոցների տրամադրմամբ, օրինակ՝ տնտեսվարողներին իր աշխատակիցների հարկադիր պարապուրդում գտնվելու ժամանակ աշխատավարձի որոշ մասի փոխհատուցում: Կարելի է քննարկել նաև հարկային արձակուրդների տրամադրման հարցը, բայց սա պետք է լինի ոլորտային և խիստ ժամանակավոր, այսինքն՝ հստակ նշվի գործողության ժամանակահատվածը, որպեսզի հարկային կարգապահությանը չվնասենք:

Մեկ այլ մոտեցում է տնտեսության համակարգաստեղծ ձեռնարկություններին ժամանակավոր օժանդակության տրամադրումը, և այդպիսին կարող է համարվել հանքագրծությունը, որտեղ մի քանի ձեռնարկություններ հազարավոր աշխատատեղեր են ապահովում՝ չհաշված սպասարկող ճյուղերում զբաղվածները:

Չպետք է մոռանալ նաև կապիտալ շինարարության մասին՝ որպես տնտեսական անկումների ընթացքում հարկաբյուջետային հակազդման լավ գործիքի։ Եթե այսօր կան խնդիրներ կապիտալ ծախսերի թերակատարման, դա չի նշանակում, որ կապիտալ ծախսերի մասին պետք է մոռանալ և մի կողմ դնել։ Ընդ որում՝ կապիտալ ծախսերի կատարման տեմպերի արագացմամբ օգնելու ենք նաև հետճգնաժամային վերականգնմանը, ուստի հենց այսօր պետք է գործողություններ անել։

Թույլ է կապիտալ ծախսերի կատարողականի մակարդակը։ Չմոռանանք, որ ավելի քան 280 մլրդ դրամի կապիտալ ծախս է նախատեսված ամբողջ տարվա համար։ Միևնույն ժամանակ, եթե ծախսերի վերանայման կարիք առաջանա, պետք է հասկանալ, թե որոնք են առաջնային ծախսերը, և որոնք կարող են հետաձգել, բայց դրա համար էլ պետք է պատրաստ լինենք և այսօր աշխատանքները կատարենք։ 

Դրամավարկային գործիքների կիրառումը ԿԲ-ի կողմից կարո՞ղ է արդյունավետ լինել։ Որոշ տնտեսագետներ առաջարկում են, որ ԿԲ-ն իջեցնի վերաֆինանսավորման տոկոսադրույքը և դրանով իսկ նպաստի բնակչությանը տրվող վարկերի տոկոսների նվազմանը։

Անթույլատրելի է, որ դրամավարկային քաղաքականությանը տրվի տնտեսական աճի անկմանը հակազդելու կամ աճը վերկանագնելուն ուղղորդված դերակատարություն։ Դրամավարկային քաղաքականությունը պետք է ունենա երկու կարևորագույն թիրախ՝ գների կայունության պահպանումն ու ֆինանսական կայունությունը։

Եթե ԿԲ-ն գնա տոկոսադրույքների նվազեցման, որի հավանականությունը մեծ է, քանի որ այսպիսի իրավիճակներում կարող են առաջանալ նաև դեֆլիացիոն վտանգներ կամ իրացվելիության խնդիր ֆինանսական համակարգում, դա պետք է կատարի իր վերոնշյալ նպատակներից ելնելով:

Օրինակ՝ պատկերացնենք մի պահ, որ արժութային շուկաներում՝ ֆինանսական շուկայի մասնակիցների մոտ կան արժեզրկման սպեկուլյատիվ սպասումներ մի կողմից և մյուս կողմից՝ տնտեսական անկման գործընթաց: Հիմա ԿԲ-ն այս իրավիճակում, եթե փող ներարկի համակարգ՝ նպատակ ունենալով օգնել տնտեսությանը, կարող է է'լ ավելի խթանել լարվածությունը արժութային շուկաներում, որովհետև այդ միջոցները, հնարավոր է, անմիջապես հայտնվեն արտարժույթի շուկայում՝ էլ ավելի խորացնելով արհեստական պահանջարկը դոլարի նկատմամբ։

Դրա համար այստեղ կարևոր է դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունների կոորդինացումը. դրամավարկային քաղաքականությունը պետք է ապահովի ֆինանսական համակարգի և գների կայունությունը, իսկ հարկաբյուջետայինը՝ նպաստի տնտեսական ակտիվության վերականգնմանը:

 Եվ որպես ամփոփում …

Եթե մենք առողջապահական այս ճգնաժամն աչքաթող անենք ու վազենք տնտեսվարողներին փրկելու, դրանով խնդիրը չի լուծվելու։ Սկզբում վառվող օջախը պետք է հանգցնել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter