HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Արսեն Թորոսյանը՝ դիմակներ կրելու, կորոնավիրուսով կրկնակի վարակվելու, Իտալիայից հատուկ չվերթով Հայաստան եկած քաղաքացիների առողջական վիճակի մասին

Իտալիայից հատուկ չվերթով Հայաստան եկած քաղաքացիներից մեկը երեկ ջերմություն է ունեցել, տեղափոխվել է հիվանդանոց, կթեստավորվի, մյուսներն իրենց լավ են զգում։ Այս մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ տեղեկացնելով, որ Իտալիայից  ժամանած մյուս անձինք  իրենց լավ են զգում, կթեստավորվեն կարանտինային ժամկետը լրանալուց հետո։

Ըստ նախարարի՝ փորձը ցույց է տալիս, որ նույնիսկ եթե այդ անձանց մոտ վիրուս առկա լինի, 14-րդ օր անց, այսինքն՝ կարանտինային ժամկետի  ավարտից հետո,  երբ վիրուսն արդեն դուրս կգա նրանց օրգանիզմից, թեստը ցույց կտա բացասական պատասխան։

«Իմաստ չկա այս պահին նրանց թեստավորել, մենք դրանում համոզվեցինք, երբ  մյուս օջախի հետ կապված անձանց թեստավորեցինք՝ առանց որևէ նախանշանի, հայտնաբերվեց կորոնովիրուսի վարակման 18 դեպք, որոնք մեր վիճակագրական թվերում ներառված են»,- ասաց  Թորոսյանը՝  հավելելով, որ եթե ի սկզբանե այդ անձինք չթեստավորվեին,  ապա այսօր առկա  122 դեպքի փոխարեն արձանագրված կլիներ 104-ը։

«Հետևաբար իմաստ չկա մեկուսացված անձանց թեստավորելու, քանի դեռ նրանց մոտ գանգատ չկա և չի լրացել նրանց կարանտինի ժամկետը»,- ասաց Արսեն Թորոսյանը։

Լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք կորոնավիրուսով կրկնակի վարակման հավանականություն կա՞։ Այս հավանականությունը նախարարը չբացառեց։

«Կորոնավիրուսով կրկնակի վարակման հավանականությունը չի բացառվում,  հատկապես՝ այս շրջանում, երբ քանի որ վիրուսը շրջանառվում է և  բժշկական հանրության կողմից ուսումնասիրվում է ընդամենը երեք ամիս»,- ասաց Թորոսյանը՝ ընդգծելով նաև,  որ մարդիկ պետք է սովորեն ապրել այդ վիրուսի հետ, ինչպես շատ այլ  վիրուսների հետ։

«Գալու է մի պահ, երբ մենք այս թվերի հետևից այլևս չենք ընկնելու, ինչպես շատ այլ վիրուսների դեպքում»,- համոզմունք հայտնեց Արսեն Թորոսյանը։

Նախարարը նշեց, որ եթե վարակված հիվանդների մոտ թեստը տալիս է բացասական պատասխան, կրկնակի թեստ է արվում 24 ժամ անց: Եվ եթե կրկին բացասական է լինում պատասխանն, ուրեմն պացիենտն արդեն առողջացել է։

 «Մենք չենք ասում՝ վաղը չես կարող վարակվել այդ նույն վիրուսով: Սակայն հավանականությունը, որ նա  կվարակի այլոց, մոտ է զրոյի»,- ասաց  նախարարը։

Նա խոսեց նաև դիմակներ կրելու մասին։  

«Դիմակի նպատակը հազալիս և փռշտալիս բերանից և քթից դուրս եկող մանր կաթիլներից պաշտպանվել է, որոնք մեջ, հնարավոր է, լինի վիրուս»,- ասաց Թորոսյանը, և դիմելով լրագրողներին, որոնց մի մասը դիմակ էր կրում, ասաց, որ այս սովորական դիմակներն  իրականում չեն պաշտպանում վիրուսից, քանի որ վիրուսը շատ ավելի բարակ է, քան  դիմակի վրա առկա անցքերը։

«Դիմակները  պետք է փոխվեն 3-4 ժամը մեկ: Չփոխվող և ոչ պատշաճ նյութերից պատրաստված դիմակներն ավելի վտանգավոր են, քանի որ դրանց վրա կուտակվում են թե՛ վիրուսները, թե՛ միկրոօրգանիզմները, թե՛ փոշին»,- ասաց Թորոսյանն ու ամփոփելով խոսքն ասաց, որ փողոցում և նույնիսկ փակ տարածություններում  դիմակ կրելը, որը չի պաշտպանելու, իմաստ չունի։

«Վիրուսից պաշտպանում են ffp3  n95 հաստության դիմակները, որոնք պետք է կպած լինեն դեմքին, որպեսզի օդ չանցնի, ավելին, վարակակրի հետ շփվելիս պետք է նաև հերմետիկ փակված ակնոց կրե,լ, որովհետև  վարակը փոխանցվում է նաև աչքերի միջոցով»,- ասաց Արսեն Թորոսյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter