HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հեռավար դասեր․նոր փորձ Հայաստանի դպրոցների համար

Ստեփանը սովորում է Լեւոն Շանթի անվան դպրոցի առաջին դասարանում, արդեն մի քանի օր է՝ դասերն անում են օնլայն՝ օգտագործելով տարբեր հարթակներ։ Ընթերցանության առարկայի դասը Ստեփանը կարդում է, մայրը՝ Քրիստինեն, ձայնագրում, ապա ձայնագրությունն ուղարկում ուսուցչուհուն։ 

Մաթեմատիկայի դասը ուսուցչուհին նախապես տեսանկարահանել է, ապա «viber» հավելվածի միջոցով ուղարկել աշակերտներին։ Տեսանյութը դիտելուց հետո աշակերտները լուծում են խնդիրներն ու վարժությունները, պատասխանները նկարում, ուղարկում ուսուցչին։ 

Ստեփանի մայրը՝ Քրիստինե Տեր-Մաթեւոսյանը, պատմում է՝ ծնողների «viber»-ի խմբում ուսուցիչներն են ներառվել, բոլոր առարկաներից հանձնարարություններ եւ ցուցումներ են տրվում, թե ինչպես պետք է լուծել առաջադրանքը։ «Օրինակ՝ նկարչության դասին ուսուցիչը նկարում է եւ ցույց տալիս, թե ինչպես պետք է սկսել, հետո՝ ավարտել նկարը, ինչպես ներկել, եւ տեսաձայնագրությունն ուղարկվում է ծնողներին»,- ասում է Քրիստինեն։

Առաջադրանքները ստանալուց հետո ուսուցիչները գնահատում և բացատրում են թերությունները։ 

Մարտի 18-ին հրավիրված ասուլիսին ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ կրթական հաստատություններն անցնում են հեռավար ուսուցման։  Ըստ նախարարի՝ կարեւոր է աշակերտին, ուսանողին ցանկացած եղանակով ինֆորմացիա փոխանցել եւ ստուգել նրա գիտելիքը։ 

«Հետքը» զրուցել է Հայաստանի տարբեր շրջաններում բնակվող ուսուցիչների, դպրոցների տնօրենների, աշակերտների հետ՝ պարզելու, թե ինչպես են անցնում հեռավար դասերը, ինչպես են կարողանում հաղթահարել առաջացած դժվարությունները։

Տաթեւ Սեփխանյանը սովորում է Տավուշի մարզի Կոթի գյուղի դպրոցի 12-րդ դասարանում։ Մինչեւ հեռավար ուսուցման մասին հայտարարությունը, դասարանում 14 աշակերտից 4-5 հոգով են դասի հաճախել, սակայն հեռավար ուսուցման դասեր դեռևս չեն արել։ Ի տարբերություն Տաթեւի` նրա փոքր քույրերն ու եղբայրը դասերը հեռավար են անում, սակայն, ինչպես վերջինս է նկատել, օնլայն հարթակում անցկացվող դասերին մասնակցում է աշակերտների կեսը․ պատճառը տեխնիկական միջոցների անհասանելիությունն է։

Հեռավար ուսուցման մեթոդը Հայաստանում նոր է․ սկսել է կիրառվել  արտակարգ դրության օրերին։ Համակարգիչ և ինտերնետ հասանելիություն չունեցող աշակերտների համար կրթության բացը փորձում են լրացնել Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող տարբեր առարկաների վիդեոդասերի միջոցով։ Նման ծրագիր իր ֆեյսբուքյան էջով անցկացնում է նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

այսօրվա 7-րդ դասարանի երկրաչափության դասը

Ներքին Կարմիրաղբյուր

Ուրբաթ կեսօրին, երբ զանգահարեցինք դպրոցի տնօրեն Նաիրա Պապյանին, նա «Skype»-ի միջոցով անգլերենի դաս էր անցկացնում դպրոցի 8-րդ դասարանի աշակերտների հետ:

Պապյանն ասաց, որ երեխաները սիրով են մասնակցում ինտերնետային դասերին, իսկ իրենք սա ընդունում են որպես նոր հնարավորություն. «Այնքան ոգևորված ենք: Մի քիչ բարդ է երեխաների համար, բայց նորություն է: Փորձում են հանգիստ նստել համակարգչի դիմաց կամ հեռախոսով դաս անել: Այս իրավիճակը մենք հնարավորություն ենք դիտարկում»։

Դպրոցի 82 աշակերտից 10-ը չունի համակարգիչ և ինտերնետ, այդ իսկ պատճառով չեն մասնակցում դասերին: Որպեսզի այս երեխաները դուրս չմնան կրթական գործընթացից, ուսուցիչները «Skype» դասերից հետո զանգահարում են նրանց և հեռախոսով հանձնարարություններ տալիս, ստուգում տնային աշխատանքները: Անգամ դպրոցի աշակերտներից մեկին ուսուցիչն իր լրացուցիչ հեռախոսն է տվել, որպեսզի կարողանա նրա հետ կապ հաստատել:

Ուսուցիչների համար հեռավար ուսուցումը ևս նորություն է: Դպրոցի տնօրենն ասում է, որ անգամ 63 տարեկանը լրացած ֆիզիկայի ուսուցիչն այնքան ոգևորված է հեռավար ուսուցման այս նորարար մեթոդով, որ համակարգչային դասերն անցկացնում է դստեր օգնությամբ: 

Ներքին Կարմիրաղբյուրի դպրոցի ուսուցիչներն ամեն երեկո «Skype»-ի միջոցով քննարկում են, թե ինչպես են անցել դասերը, ինչ խնդիրներ են ունեցել:

Չկալովկա

Գեղարքունիքի մարզի Չկալովկա գյուղի միջնակարգ դպրոցում դասապրոցեսը կազմակերպելու համար օգտագործում են Ինստագրամ, «Skype», dasaran.am կայքի հեռավար ուսուցման ծառայությունը: Սակայն, ուսուցիչների մեծամասնությունը դասերն անցկացնում է վիդեոդասի միջոցով՝ «Zoom» ծրագրով։

Չկալովկայի միջնակարգ դպրոցն ունի 56 աշակերտ։ Տնօրեն Նաիրա Միրաքյանը վստահեցնում է, որ երեխաները համակարգչի և ինտերնետի խնդիր չունեն։ Երբեմն այնպես է ստացվում, որ ընտանիքում լինում են մի քանի աշակերտներ, որոնց դասերը համընկնում են։ Այդ դեպքում աշակերտն այլ ժամի է միանում ուսուցչին և անհատական դաս անում։

«Արդյունավետության առումով, իհարկե, չեմ ասում՝ 100 տոկոսանոց է հեռավար ուսուցումը, բայց ամեն դեպքում 70 տոկոսով ապահովում է ուսուցիչ-աշակերտ կապը, նոր նյութի հաղորդումը։ Ամեն դեպքում, կրթության բաց չի լինում, կարևորը դա է»,- նշեց դպրոցի տնօրենը։

Ըստ տկն Միրաքյանի՝ յուրաքանչյուր ուսուցիչ գտել է դասապրոցեսն անցկացնելու իրեն հարմար տարբերակը և վստահեցնում, որ անում են հնարավորը՝ արտակարգ դրության պայմաններում տնային պայմաններում կրթություն ապահովելու համար։

Բաղանիս

Բաղանիս համայնքի դպրոցի պատմության, հասարակագիտության, հայոց եկեղեցու պատմության ուսուցչուհի Ալվարդ Վարդանյանը պնդում է, որ հեռավար ուսուցմանն ամբողջ դասարանը չի կարողանում մասնակցել՝ համակարգչի, ինտերնետի բացակայության պատճառով, նա հավելում է, որ գյուղում ինտերնետ կապը դանդաղ է, ինչը ևս դժվարացնում է հեռավար դասընթացները։ 

«Ես «dasaran.am»-ով հանձնարարություն եմ տվել, մի մասը տետրում գրել, նկարն ուղարկել է մեսինջեր հավելվածով։ Այսինքն՝ մի հավելվածով չենք անում, ով ինչպես կարողանում՝ կապ է հաստատում, ուսուցիչները եւս աշխատում են՝ ով ինչպես կարողանում է», - ասում է Ալվարդ Վարդանյանը։

Ըստ նրա՝ առավել հեշտ է դասվարական դասարանների դեպքում, քանի որ մի ուսուցիչ մի քանի առարկա է դասավանդում, իսկ բարձր դասարաններում դժվար է մի քանի դասարաններում դասավանդող ուսուցիչների համար։ «Մենք աշակերտներ ունենք, անգամ դասերի ժամանակ դասով չեն հետաքրքրվում, ուր մնաց էս իրավիճակում, բնականաբար, սա էլ կա», - եզրափակում է Ալվարդ Վարդանյանը։

Երեւան, 117 դպրոց

Երեւանի 117 դպրոցում եւս ոչ բոլոր աշակերտներն են կարողանում օգտվել օնլայն հարթակներից։ Դպրոցը համագործակցում է «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի հետ, եւ կենտրոնի երեխաների մեծ մասը չունի անձնական համակարգիչ կամ սմարթֆոն: Նրանցից 4-ը սովորում է 4-րդ դասարանում։

4-րդ դասարանի դասվար Մարիամ Դանիելյանի պնդմամբ՝ աշխատանքներ են տարվում կենտրոնի հետ, որպեսզի ծրագիրը ներբեռնվի, եւ աշակերտները կարողանան մասնակցել դասերին։

«Դպրոցի ուսուցիչները հիմնականում աշխատում են «zoom» ծրագրով, օրվա դասացուցակը կազմում եմ, աշակերտները դասից տասը րոպե առաջ ստանում են զանգ եւ միացնում համակարգիչը կամ սմարթֆոնը։ Մեկ դասաժամը տևում է 3 ժամ, օրական 2-3 առարկայի դասաժամ ենք ունենում»,- ասում է ուսուցիչը։ Ըստ Մարիամ Դանիելյանի՝ ծնողները դասերի ժամանակ երեխաների կողքին են լինում։ Տրված հանձնարարությունը կատարելուց հետո նկարներն ուղարկում են ուսուցչուհուն, նաեւ օրվա դասը բացատրելուց հետո օնլայն թեստեր են լրացնում։ Թեստը ստուգելուց հետո ուսուցիչն անհատական կապ է հաստատում աշակերտի հետ եւ բացատրում սխալները։

Մարիամ Դանիելյանն անցել է «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի» (ԿՏԱԿ) հեռավար ուսուցման դասընթացը։ Ասում է, որ իր համար հեռավար ուսուցման հարթակները դժվար չէ կիրառել, օգնում է կոլեգաներին՝ սովորել օգտվել օնլայն հարթակներից․ ուսուցիչները եւս վիդեոդասեր են ունենում, սովորում նոր հմտություններ։ Ավելի տարիքով ուսուցիչներին օգնում են նրանց երեխաները։

Հեռավար ուսուցման բացերը 

Սոնա Առուստամյանը գոհ չէ մեկ շաբաթ շարունակ անցկացվող հեռավար ուսուցման որակից։ Նա ունի դպրոցահասակ երկու երեխա (4-րդ և 8-րդ դասարան), որոնք սովորում են երևանյան դպրոցներից մեկում։ 

Թեև Սոնա Առուստամյանն ընդծգում է, որ երեխաները դեռևս հեռավար ուսուցմամբ ոչ բոլոր դասերն են արել, սակայն իրեն դուր չի գալիս դասերի անցկացման մեթոդը և հարթակը։ Երեխաները դասերն անցկանցում են «Ֆեյսբուքի» մեսինջերի վիդեոզանգի միջոցով։ 

Պատմում է, որ միևնույն ժամանակ առցանց դասին միանում է 15-20 աշակերտ, և եթե աշակերտներից մեկը ուսուցչին հարց է տալիս կամ դաս է պատմում, աղմուկ է առաջանում, բոլորը «խառնվում են իրար»: 

Սոնան այս դասերի անարդյունավետությունը պայմանավորում է այն հանգամանքով, որ հեռավար ուսուցման մեթոդը նոր է, ուսուցիչները հմուտ չեն։ Կարծում է՝ ժամանակ է անհրաժեշտ բոլորին, որպեսզի կարողանան առցանց դասերը ճիշտ կազմակերպել։

«Երկուշաբթի օրը պատկերն ավելի քան պարզ կլինի, սակայն առավել արդյունավետ կլիներ, եթե  ուսուցիչները տեսաձայնագրեն օրվա դասը, տեղադրեն հարթակում։ Երեխաները դիտեն այն ժամանակ, երբ կկարողանան։ Հետո ուսուցիչները տան հանձնարարություններ և սահմանված ժամկետում պահանջեն։ Երեխաներն էլ թող կատարված աշխատանքը նկարեն և ուղարկեն, իսկ պատմողական դասերը կարելի է թեստերի միջոցով ստուգել։ Երեխաներն ավելի հաճույքով կանեն և թեման կամրապնդվի»,- ասում է նա։

Սոնան վստահեցնում է՝ սրանք միայն իր դիտարկումները չեն և չեն վերաբերում միայն իրենց դպրոցին, սա ընդհանուր կարծիք է, որը ստացել է այս օրերին շատ դպրոցներում սովորող աշակերտների ծնողների հետ զրույցից։

Կառավարության որոշմամբ՝ հանրապետության դպրոցներում հեռավար ուսուցմամբ դասերը կանցկացվեն մինչ ապրիլի 14-ը՝ արտակարգ դրության ավարտը։ Եթե արտակարգ դրությունը նախատեսվածից շուտ ավարտվի, դպրոցներն էլ շուտ կվերաբացվեն։

Ընթերցեք նաև

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter