HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանքարդյունահանում՝ անտառային հողերում․ ովքեր են վարձակալում կամ չվարձակալած օգտագործում Երևանի անտառները

Երևանում` «Հայանտառ» ՊՈԱԿ-ի վարձակալության տված անտառային տարածքներում, հանքարդյունահանում է իրականացվել։ Հանքերը շահագործվել են առանց հողի կատեգորիայի փոփոխման, դրանցից մեկով էլ՝  հողօգտագործման վավեր իրավունք չունենալով։

Անտառների վարձակալության պատմությունների այս հրապարակումը Երևանի անտառների մասին է։ «Հայանտառ» ՊՈԱԿ-ը մեզ տրամադրել էր Երևանում 3 վարձակալի մասին տեղեկություն, թաքցրել էր չորրորդ վարձակալին։

Անտառային տարածքն օգտագործվել է ոչ նպատակային

2010-ին Երևանում 4 հա անտառային տարածք է վարձակալել «Ստոնման» ՍՊԸ-ն, երկու առանձին, բայց իրար կողքի տարածքներ՝ 3,5 և 0,5 հա չափերով։ Գյուղատնտեսական, բարեկարգման և կանաչապատման նպատակով վարձակալված անտառային տարածքի համար վճարել է ընդհանուր տարեկան 497.500 դրամ։ Վարձակալած տարածքը գտնվում է Երևան քաղաքի Էրեբունի համայնքում` հեռուստաաշտարակից մոտ 0.8 կմ հարավ-արևելք, Դավիթ Բեկ փողոցի հարևանությամբ։

Չնայած պայմանագրով ամրագրված գյուղատնտեսական, բարեկարգման և կանաչապատման նպատակին` «Ստոնման» ՍՊԸ-ն անտառային տարածքում հանքաքար է արդյունահանել՝ չփոփոխելով նույնիսկ անտառային հողի կատեգորիան։

«Ստոնման» ՍՊԸ-ն 2012-ին ընդերքօգտագործման իրավունք է ստացել Սարի թաղի գիպսատար կավերի և բազալտների Արևելյան տեղամասի համար և շահագործել այն։ Երևանի քաղաքապետարանից ստացած տեղեկատվության համաձայն` հանք շահագործած ընկերությունը Երևան քաղաքից հող չի վարձակալել։ Այսինքն՝ «Ստոնման»-ը հանքարդյունահանում է իրականացրել բացառապես անտառային հողում։

Ընկերությունը 2009 թ.-ին շրջակա միջավայրի վրա ազդեցության դրական եզրակացություն է ստացել։ Ըստ ՇՄԱԳ–ի` ընկերությունը հանք պետք է շահագործեր 4.43 հա տարածքի վրա, սակայն ինչպես արդեն նշեցինք, վարձակալել է 4 հա։ ՇՄԱԳ–ում նշվել է, որ տարածքում բուսականություն չկա, իսկ դրական եզրակացությունը տրվել է փորձաքննական հստակ պահանջով․ «Նախքան հանքավայրի շահագործման աշխատանքները սկսելը, անհրաժեշտ է ստանալ հողատարածքի նկատմամբ սեփականության իրավունքը հաստատող փաստաթուղթ»։ Փորձաքննություն իրականացնողը որևէ կերպ չի անդրադարձել հողի՝ անտառային կատեգորիա ունենալու հանգամանքին։

«Google earth» ծրագրի տվյալները համադրելիս պարզ է դառնում, որ 2009 թ․-ին` ՇՄԱԳ–ը ստանալու պահին, չունենալով անտառային հողի վարձակալության պայմանագիր, հողի կատեգորիայի փոփոխման որոշում` հանքի տարածքում հողային աշխատանքներ են կատարվել։ Մինչ 2018 թ․ տարածքում ակտիվ հանքարդյունահանում է իրականացվել։ Թավշյա հեղափոխությունից հետո տարածքից տեխնիկան հանվել է, հանք տանող ճանապարհին հող է լցվել` փակելով այդ ուղին։

«Հայանտառ» ՊՈԱԿ-ը փորձել է դատական կարգով անտառային հողի վարձակալության պայմանագիրը խզել, քանի որ վարձակալը պայմանագրով սահմանված նպատակին չի ծառայեցրել այն։ 2010թ․-ին կնքված պայմանագրի պարտավորությունների չկատարման վերաբերյալ «Հայանտառը» 10 տարի անց՝ այս տարվա հունվարի 29-ին է միայն դիմել դատարան` հողի նպատակային նշանակությունը չպահպանելու հիմքով անտառային հողերի վարձակալության պայմանագրերը վաղաժամկետ լուծելու պահանջով։ Սակայն, ինչպես վերջին մեկ տարվա ընթացքում «Հայանտառի» հայցերը, այնպես էլ այս մեկը, վերադարձվել է` թերի կազմված լինելու պատճառով: «Հայանտառը» փետրվարին նորից է դիմել դատարան։

2017թ․-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ստուգումներ է իրականացրել «Ստոնման» ՍՊԸ-ում, սակայն, չգիտես ինչպես, չի հայտնաբերել, որ ընկերությունը նպատակային չի օգտագործել տարածքը։

«Ստոնման» ՍՊԸ-ի ընդերքօգտագործման իրավունքն ավարտվում է այս տարվա նոյեմբերին։ Մեր այցելության ժամանակ հանքավայրը լքված էր, չկար որևէ տեխնիկա, հանքավայր տանող ճանապարհին էլ արհեստական խոչընդոտ էր ստեղծվել: «Ստոնման» ՍՊԸ-ն 1.3 միլիոն դրամի հարկային պարտավորություն ունի, որից 577 հազար դրամը բնապահպանական վճար է: «Ստոնման» ՍՊԸ-ի միակ բաժնետերը Հենրի Միքայելյանն է։ Նույն այն անձը, որը չնչին գնով, ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի մերձավորների հետ, Էրեբունիում համայնքային տարածք է սեփականաշնորհել: «Ստոնման» ընկերությունից կոնտակտ չգտանք։ Այցելեցինք ընկերության գրանցման հասցե՝ Երևանի Կռիլովի փողոցի տներից մեկը։ Տունը տարիներ շարունակ մի ընտանիք է վարձակալել։ Մեր այցելության ժամանակ տանը մարդ չկար։

Անտառային տարածքն օգտագործվել է առանց պայմանագրի և կատեգորիայի փոփոխության

«Ստոնման»-ի վարձակալած տարածքի հարևանությամբ հանք է շահագործում «Դելտա ֆրագմենտ» ՍՊԸ-ն։ Ընկերությունն ընդերքօգտագործման 2 իրավունք ունի, առաջինը՝ Աստղիկի գիպսատար կավերի և բազալտի համար, որի իրավունքն ավարտվում է 2020թ.-ի հունիսին, երկրորդը՝ նույն տեղի գիպսատար ապարի և բազալտի 1-ին տեղամասի պաշարի հավելաճի տեղամասի համար, որի գործունեության ժամկետը մինչև 2036 թվականն է։

Այս ընկերությունը հանրության ուշադրության կենտրոնում հայտնվեց 2010 թվականին։ Բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության նախկին պետ Տիգրան Գրիգորյանը և նրա տեղակալ Արսեն Պետրոսյանն այդ ժամանակ դատապարտվեցին ընկերությունում հայտնաբերած խախտումները չարձանագրելու համար կաշառք պահանջելու և ստանալու մեղադրանքով։

Ընկերությունում երկու անգամ կատարված ստուգումների արդյունքներում չի արտացոլվել այն փաստը, որ «Դելտա ֆրագմենտ» ՍՊԸ-ն տվյալ տարածքում գործունեություն ծավալելու համար չունի վավեր հողօգտագործման պայմանագիր ո´չ Երևանի քաղաքապետարանի, ո´չ էլ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի հետ։ Ավելին, անտառային տարածքում հանքարդյունահանման գործունեություն ծավալելիս պետք է փոխվեր հողի կատեգորիան, ինչը նույնպես չի արվել. սա ևս ստուգումներում տեղ չի գտել։

Թերևս դա էր պատճառը, որ Շրջակա միջավայի նախարարությունն ու «Հայանատառ» ՊՈԱԿ–ը թաքցրել կամ տեղեկություն չէին տրամադրել «Դելտա ֆրագմենտ» ՍՊԸ-ի հետ 2008-ին կնքած պայմանագրի մասին։ Երևանի քաղաքապետարանը, մեր հարցմանն ի պատասխան, տեղեկացրել է, որ «Դելտա ֆրագմենտ» ՍՊԸ-ն գործունեություն է ծավալում «Հայանտառին» պատկանող 3.32 հա հողակտորում և քաղաքապետարանի հետ կնքած հողօգտագործման պայմանագիր չունի։

Ընկերությունը շրջակա միջավայրի վրա ազդեցության դրական գնահատում է ստացել 2012 թ․-ին։ Սակայն եզրակացության մեջ հստակ պահանջ է դրվել՝ գործունեությունն իրականացնել միայն անտառային հողերի նպատակային նշանակությունը փոխելուց հետո։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանը պարզաբանեց, որ առանց հողի կատեգորիան փոխելու՝ հանքարդյունահանողն իրավունք չունի արդյունահանում իրականացնել։

«Դելտա ֆրագմենտ» ՍՊԸ-ի բաժնետերն ու տնօրենը 60-ամյա Նիկոլայ Վլադիմիրի Խաչատուրովն է։ Նա նաև ղեկավարում է «Վենի գրուպ» ներդրումային ընկերությունը, հիմնադրել է «Կոտդեազուր» ՍՊԸ-ն, որը զբաղվում է անշարժ գույքի վարձակալություններով, ինչպես նաև սեփական անշարժ գույքի առքուվաճառքով զբաղվող «Պրոմավտոռեալ» ՍՊԸ-ն և այլ ընկերություններ։

Նիկոլայ Խաչատուրովը համաձայնեց մեզ հետ զրուցել և պարզաբանել, թե ինչու չունի վավեր հողօգտագործման պայմանագիր և առանց հողի կատեգորիայի փոփոխության շարունակում է աշխատել։ Վերջինս պատմեց, որ Աստղիկի գիպսատար կավերի և բազալտի հանքավայրը նախկինում «Կվարց» ԱԿ-ին է պատկանել, ումից ինքը «ժառանգել» է անտառային հողերի վարձակալության պայմանագիրը։ Այն, սակայն, կնքված է եղել 1997թ․-ին՝ 10 տարի ժամկետով։ Դրանից հետո՝ 2008-ին, «Դելտա ֆրագմենտ» ՍՊԸ-ն «Հայանտառի» հետ կնքել է 2 հա անտառային հողերի օգտագործման պայմանագիր` 17 տարի ժամկետով։ Պայմանագիրը, սակայն, նոտարական վավերացում չի ունեցել, այդպիսով՝ վարձակալության իրավունքը պետական գրանցում չի ստացել։ 

Այնուամենայնիվ, կնքված պայմանագրի 3-րդ կետում հստակ սահմանվում է, որ վարձակալն իրավունք ունի և պարտավոր է անտառային հողն օգտագործել դրա նշանակության և պայմանագրի պայմաններին համապատասխան, ինչպես նաև չիրականացնել պայմանագրով չնախատեսված անտառօգտագործում և ապօրինի ծառահատում։

Նիկոլայ Խաչատուրովը վստահեցնում է, որ իրենք բազմիցս դիմել են նոր պայմանագիր կնքելու և հողերի կատեգորիայի փոփոխության համար, սակայն կոորդինատների ճշգրտման և ճշգրիտ քարտեզների բացակայության պատճառով այդ գործընթացը չի իրականացվել։

«Սա շատ ցավալի հարց է մեզ համար։ Ես հոգնել եմ այս հարցից։ Մենք այնքան ենք դիմել Կառավարությանը, նախարարությանը, մեզ ասել են, որ պետք է հանույթի քարտեզագրություն լինի, նոր հարցը լուծվի։ Էսօրվա Կառավարությունը, կարծես թե, հասկանում է խնդիրը և քաշքշուկներ չեն ստեղծում»,- ասում է Նիկոլայ Խաչատուրովը։

Վերջինս նաև ընդունում է, որ իրենց սխալը եղել է այն, որ նախորդ պայմանագրին նոտարական վավերացում չեն տվել։ «Մենք ուզել ենք և հիմա էլ ուզում ենք անտառի հետ պայմանագիր կնքել։ Նախապայմա՞ն են ուզում, անտա՞ռ է պետք, տնկենք։ Այսօր ըմբռնում կա, շտկենք, առաջ գնանք»,- ասում է «Դելտա ֆրագմենտ»-ի սեփականատերը։

Շրջակա միջավայրի նախարարությունը, նոր վարձակալների մասին մեր հարցմանն ավելի քան 1 ամիս չէր պատասխանում։ Ի վերջո, բազմաթիվ զանգերից և նախարարություն այցելությունից հետո տրամադրեց 2019թ․-ին անտառային տարածքների նոր վարձակալների մասին տեղեկություններ։ Այդպիսով, «Դելտա ֆրագմենտ» ՍՊԸ-ն 2019թ․-ին «Հայանտառի»-ից վարձակալությամբ 1 հա անտառային հող է վերցրել։ Սակայն, պարզվում է` դրանց կոորդինատները ևս սխալ են, և այդ պայմանագրերը պետք է լուծարվեն։

Լեռնահատկացման ակտով «Դելտա ֆրագմենտ» ՍՊԸ-ին տրամադրվել է ավելի 3,32 հա հանքարդյունահանման իրավունք։ Մինչդեռ այդչափ տարածք ընկերությունը երբևէ չի վարձարակել որևէ գերատեսչությունից։ ՇՄԱԳ-ում  նաև ընկերությունը նշել է, որ 2,5 հա-ն բաց հանքի տարածքն է։

2012թ․ ՇՄԱԳ-ի փորձաքննության ժամանակ Ընդերքի և հողերի պահպանության քաղաքականության վարչությունը (Վիգեն Ավետիսյանի գլխավորությամբ, որը ներկայում ղեկավարում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը) այս հանքավայրի վերաբերյալ բացասական կարծիք է տվել՝ նշելով մի շարք հանգամանքներ, որոնք օրենքի սահմաններում չեն եղել, և շեշտել են նախագծի սխալ կամ թերի կետերը։

Մեկնաբանություններ (1)

Սերոժ
Շատ լավ նյութ էր,շնորհակալություն ձեզ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter