
Աբովյանի, Եղվարդի և Չարենցավանի հիվանդանոցներում վարակակիրներ և մեկուսացվածներ չկան
Կոտայքի մարզում կորոնավիրուսի առաջին դեպքերը գրանցվեցին Չարենցավանի երկու բնակիչների մոտ, հետո դեպքեր արձանագրվեցին նաև Չարենցավանում գործող արտադրամասերից մեկում: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տվյալներով՝ Երևանից հետո ամենամեծ թվով վարակիրները Կոտայքի մարզում են՝ 57։
Մարտի 21-ին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարեց, որ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցն այլևս միակ տեղը չէ, որտեղ կորոնավիրուսով վարակված քաղաքացիներ են գտնվում: Նախարարն ասել էր, որ մարզային երկու հիվանդանոցներում կան քիչ թվով պացիենտներ:
Կոտայքի մարզպետարանի պաշտոնական կայքի տվյալներով՝ մարզում կա չորս բժշկական կենտրոն՝ Աբովյանում, Հրազդանում, Չարենցավանում և Եղվարդում: Չնայած մարզում գրանցված դեպքերին, Աբովյանի, Չարենցավանի և Եղվարդի բժշկական կենտրոններում մեկուսացված քաղաքացիներ չկան, ինֆեկցիոն բաժանմունքներում վարակակիրներ նույնպես չկան:
Ռուբիկ Հարությունյանի անվան Աբովյանի բժշկական կենտրոնի տնօրեն Վարդան Մանուկյանն ասաց, որ հիվանդանոցն ունի 100-ից ավել մահճակալ, իսկ ինֆեկցիոն բաժանմունքը կարող է ընդունել 20 հիվանդի: Տնօրենը չկարողացավ մտաբերել, թե ինֆեկցիոն բաժանմունքում հիմա քանի ազատ տեղ կա, սակայն ասաց, որ հանձնարարական է տվել ազատ տեղեր պահել: Հիվանդանոցը նաև մեկուսարան ունի:
«Եթե կարիք լինի, նախարարի հանձնարարականով, անհրաժեշտ վերափոխումները կանենք»,- շեշտեց հիվանդանոցի տնօրենը: Վարդան Մանուկյանի խոսքով՝ Աբովյանի բժշկական կենտրոնը իր կառուցվածքին համապատասխան ունի անհրաժեշտ բժշկական սարքավորումներ, իսկ բուժանձնակազմը համալրված է անհրաժեշտ հանդերձանքով:
«Հիմա Աբովյանի բժշկական կենտրոնը գտնվում է այն հիվանդանոցների ցանկում, որոնք ընդունում են տարբեր ինֆեկցիոն հիվանդություններով մարդկանց: Մենք նույնիսկ Երևանից ենք հիվանդներ ընդունում, քանի որ Երևանի ինֆեկցիոն հիվանդանոցը ծառայում է միայն կորոնավիրուսով հիվանդների համար: Հիմա այստեղ զինվորականներ էլ ունենք, որ նախկինում չէինք ընդունում, սակայն հիմա ըստ հրամաններիի, հանձնարարականների՝ ընդունել ենք»,- ասաց Վարդան Մանուկյանը:
Չարենցավանի բժշկական կենտրոնի համաճարակաբան Արուսյակ Վարդանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այս պահին հաստատված կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների իրենց մոտ պահելու իրավունք չունեն, նրանք բոլորը տեղափոխվում են Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց:
Հարցին, թե Չարենցավանի բժշկական կենտրոնը համապատասխան հանդերձանքով և սարքավորումներով ապահովվա՞ծ է, Արուսյակ Վարդանյանը պատասխանեց.
«Մենք հանդերձանք և սարքավորումներ ունենք, բայց եթե հրահանգը իջնի, արդեն հագեցվածության հիման վրա է լինելու: Նախարարությունը նախապես վերցնում է տվյալները, եթե կան բժշկական կենտրոններ, որոնք կհամապատասխանեն հրահանգի պահանջներին, էդ դեպքում ավելի կհամալրվենք, սակայն այս պահին այդպիսի հրահանգ չկա»,- ասաց Չարենցավանի բժշկական կենտրոնի համաճարակաբանը:
Բժշկական կենտրոնի տնօրեն Գառնիկ Սահակյանն էլ վստահեցրեց, որ իրենք պատրաստ են հիվանդներ ընդունել, ինչ վերաբերում է ինֆեկցիոն ծառայությանը, ապա այն նախատեսված է 4 հիվանդի համար:
Եղվարդի «Նաիրի» բժշկական կենտրոնը, որն ունի 40 մահճակալ, առայժմ չի ծավալվելու որպես ինֆեկցիոն հիվանդանոց և այնտեղ մեկուսացվածներ կամ վարակակիրներ չկան:
«Մարզային քննարկման որոշման համաձայն՝ «Նաիրի» բժշկական կենտրոնը միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում ծավալվելու է ամբողջական ծավալով, կամ՝ ոչ: Այսինքն՝ հաշվի առնելով, որ կա նորմայից մի փոքր շեղում, մասնավորապես բացակայում է առանձին մուտքը, միայն անհրաժեշտության դեպքում, մարզային և առողջապահության նախարարության որոշման դեպքում ծավալվելու է ամբողջապես կամ առհասարակ չի ծավալվելու»,- «Հետք»-ի հետ զրույցում ասաց Եղվարդի «Նաիրի» բժշկական կենտրոնի տնօրեն Կարեն Վարդանյանը:
Խոսելով անհրաժեշտ սարքավորումներով հագեցվածության մասին՝ Կարեն Վարդանյանը նշեց, որ գույքագրված սարքավորումները ծառայում են հիվանդանոցի բնականոն գործունեության համար:
«Քանի որ այս պահին անհրաժեշտություն չկա ինֆեկցիոն հիվանդ, մասնավորապես կորոնավիրուսային հիվանդությամբ մարդկանց ընդունել, մեր գույքագրած անհրաժեշտ սարքավորումները ծառայում են հիվանդանոցի բնականոն գործունեությունը իրականացնելու համար: Հիվանդանոցում պլանային բոլոր վիրահատական և թերապևտիկ միջամտությունները չեն իրականացվում, իրականացվում են միայն անհետաձգելիները»,- ասաց տնօրենը:
Ըստ Կարեն Վարդանյանի՝ հիվանդանոցն ապահովված է մեկանգամյա օգտագործման դիմակներով, հատուկ պաշտպանիչ հագուստներով, տարածքների և շտապօգնության մեքենաների ախտահանման նյութերով:
«Ապահովվածությունը եղել է նախնական գնումների գործընթացի համաձայն, եղել են որոշ բաներ, որոնց անհրաժեշտությունը խիստ է եղել, լրացուցիչ ենք ձեռք բերել, և նաև շնորահակալություն մեր բարերարներին, որոնք էլ տրամադրել են օգնության կարգով»,- նշեց Կարեն Վարդանյանը:
«Նաիրի» բժշկական կենտրոնի տնօրենն ասում է, որ շտապօգնության ծառայությունը սուր շնչառական վարակների վերաբերյալ ամեն օր էլ կանչեր ստանում է, և եթե լինում են վիճահարույց դեպքեր, առողջապահության նախարարության սահմանած կարգով կայացվում են անհատական որոշումներ:
«Մի դեպքում կարող է լինել ինքնամեկուսացման պահանջ, մի դեպքում ռենտգեն հետազոտություն, մի դեպքում էլ կարող է լինի, որ մարդուն որպես կասկածելի դեպք տեղափոխենք Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց: Մեր ցանկացած որոշում կայացվում է առոողջապահության նախարարության ուղեցույցերով»,- շեշտեց Կարեն Վարդանյանը:
Զանգահարել ենք նաև Հրազդանի բժշկական կենտրոն, որտեղից փոխանցեցին, թե տնօրենը տեղում չէ, և չի կարող հարցերի պատասխանել:
Մեկնաբանել