
Լոռու մարզի ԲԿ-ներում մեկուսացվածներ չկան. ինքնամեկուսացվածների թիվը 100 է
Լոռու մարզի բժշկական հաստատություններում մեկուսացվածներ չկան: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը:
Լոռու մարզում, ըստ պաշտոնական տվյալների, կորոնավիրուսով վարակվածների թիվը երկուսն է, սակայն հայտնի չէ, թե նրանք որ համայնքներից են: Մարզպետը ևս չմանրամասնեց` ընդգծելով, որ նման տեղեկություն կարող է տրամադրել միայն պարերատունը: Պարետատան միասնական հարթակը, սակայն, անպատասպան թողեց մեր հարցը:
Մեր հարցին, թե իրավիճակի վատթարացման դեպքում մարզի ԲԿ-ները տեխնիկապես որքանով են պատրաստ, մարզպետը հիշեցրեց, որ Վանաձորի ԲԿ-ն վերջերս կառուցված շինություն է` հագեցած գերժամանակից սարքավորումներով: Նորակառույց ԲԿ-ն, սակայն այն չի նախատեսվում վիրուսակիր անձանց բուժման համար, քանի որ քաղաքում ինֆեկցիոն հիվանդանոց կա:
«Հենց հիմա էլ Ինֆեկցիոն հիվանդանոցում պացիենտները բուժում են ստանում, բայց եթե մի պահ անհրաժեշտություն լինի, բնականաբար Վանաձորի ԲԿ-ն պատրաստ է իր ծառայությունները մատուցել»,-ասաց մարզպետը:
Մարզում շուրջ 100 ինքնամեկուսացված անձ կա: Նրանք այն անձինք են, որոնք Հայաստան են ժամանել վիրուսի օջախ համարվող երկրներից, և տնային պայմաններում ինքնամեկուսացվել են: Մարզպետի խոսքով` վերջիններիս տվյալները սահմանին ֆիքսվել են, և ըստ տարածքների` ամբուլատորիաները և պոլիկլինիկաները 14 օր ամբուլատոր հսկողություն են իրականացնում. յուրաքանչյուր օր ջերմաչափում են, և որևէ ախտանշան լինելու դեպքում, ըստ ցուցումների կարող են հետազոտվել, թեստավորվել:
Մենք հետաքրքրվեցինք մարզի ենթակայության տակ գործող բժշկական կենտրոններից, թե ինչ իրավիճակ է և որքանով են պատրաստված այն դեպքերի, եթե վարակվածների թիվն ավելանա:
Նախ հիշեցնենք, որ կորոնավիրուսով վարակվածները բուժում են ստանում ոչ միայն Նորք ԲԿ-ում, այլ նաև Վանաձորի և Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցներում: Այս ԲԿ-ներն են ընտրվել, քանի որ Հանրապետությունում միայն երեք մասնագիտացված ինֆեկցիոն հիվանդանոց կա, սակայն թեստավորումն իրականացվում է միայն Նորք ԲԿ-ում:
Լոռու մարզի ենթակայության ներքո 5 բժշկական կենտրոն է գործում` Վանաձորի, Սպիտակի, Ստեփանավանի, Ալավերդիի և Տաշիրի: Մարզում գործում են նաև բժշկական 10 ամբուլատորիաներ, առաջնային առողջության 6 կենտրոն (ՊՈԱԿ), ինչպես նաև Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց պետական փակ բաժնետիրական ընկերությունը: Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանցում 30 մահճակալ կա, սակայն թե դրանցից քանիսն է այժմ օգտագործվում, տնօրեն Նունե Էվինյանը հրաժարվեց պատասխանել` կոչ անելով դիմել մարզի օպերատիվ շտաբին:
Մարզում գործող բոլոր ԲԿ-ներն անցել են պարետի որոշմամբ սահմանված ռեժիմի`պլանային դեպքեր, վիրահատություններ չեն իրականացնում, պացիենտներ են ընդունում միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Ստեփանավանի ԲԿ-ում` 50, Սպիտակի ԲԿ-ում` 60, Ալավերդիում ևս 60 մահճակալ կա:
Ալավերդու ԲԿ տնօրեն Ստեփան Մոսինյանը վստահեցրեց` տարածաշրջանում կորոնավիրուսով վարակվելու որևէ դեպք չի եղել` հավելելով, որ ԲԿ-ն 19 հազար 200 բնակչի է սպասարկում:
Լոռու մարզպետից հետաքրքրվեցինք` կան արդեն որոշված տեղանքներ, որոնք կարող են դառնալ մեկուսացման վայրեր, եթե մարզերում վարակակիրների թիվն ավելանա, Անդրեյ Ղուկասյանը պատասխանեց, որ ամենայն հավանականությամբ դրանք կլինեն հյուրանոցները:
«Եթե նման կարիք լինի, ապա առանց ախտանիշների վարակակիրներին կտեղափոխենք հյուրանոցներ: Գիտեք, որ արտակարգ դրության պայմաններում ունենք գործիքակազմ, ըստ որի հյուրանոցները կարող ենք օգտագործել այդ նպատակով, բայց նաև սեփականատերերն են պատրաստակամ կամովի տրամադրել հյուրանոցային համարներ, սակայն էս պահին դրա կարիքը չկա»,-ասաց նա:
- Արարատի մարզի 3 բժշկական կենտրոններից 2-ն ունեն առանձնացված սենյակներ կորոնավիրուսով վարակվածներին մեկուսացնելու համար
- Աբովյանի, Եղվարդի և Չարենցավանի հիվանդանոցներում վարակակիրներ և մեկուսացվածներ չկան
Մեկնաբանել