HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Պատկերը՝ Արմավիրի մարզի բժշկական կենտրոններում. Մեծամորում ինքնամեկուսացվել է 9 բուժաշխատող

Մեծամոր ԲԿ. Երեք արհեստական շնչառության սարքերից լիարժեք գործում է միայն մեկը

«Մեծամոր» բժշկական կենտրոնի 9 աշխատակից այս շաբաթվա ընթացքում ինքնամեկուսացված են տներում: Նրանք առնչվել են պայմանագրային զինծառայողներից մեկի հետ, ում մոտ, պաշտպանության նախարարության հաղորդմամբ, կորոնավիրուս էր հայտնաբերվել:  

«Մեծամոր» բժշկական կենտրոնի տնօրենի պոլիկլինիկայի գծով տեղակալ Ռենա Թորոսովան «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ երկուշաբթի՝ մարտի 23-ին, առանց իմանալու շփվել են կորոնավիրուսով վարակվածի հետ, ով եղել է զինվորական: Ըստ Թորոսովայի՝ հիվանդը դիմել է պոլիկլինիկա՝ ունենալով ոչ շատ բարձր ջերմություն, թուլություն: Թերապևտը զննել է հիվանդին: Վերջինս հանձնել է արյան անալիզ, կատարվել է թոքերի ռենտգեն հետազոտություն, որից հետո ուղարկվել է տուն:

«Կասկած չենք ունեցել, չենք էլ իմացել, որ նման դեպք է եղել զորամասում: Մի փոքր թուլություն, ջերմություն ու հազ ուներ, վիճակը վատ չէր:  Նշանակումներն արվել են, գնացել է տուն»,-ասաց Ռ. Թորոսովան՝ հավելելով, որ նույն զորամասից մի կին է դիմել իրենց նույն գանգատներով և նրանից են տեղեկացել, որ զորամասի աշխատակիցներին փոխադրող վարորդի մոտ թեստի պատասխանը դրական է եղել: Այդ ժամանակ են հասկացել, որ հնարավոր է՝ գործ են ունեցել վարակակիր հիվանդի հետ: Չորեքշաբթի օրն արդեն հիվանդին ստուգող բժիշկն ինքնամեկուսացվել է, հաջորդ օրը՝ ևս 8 աշխատակից, այդ թվում՝ ընդունարանի, լաբորատորիայի աշխատակիցները:

Հետագայում տեղեկացել են, որ կնոջ մոտ թեստի արդյունքը բացասական է եղել:

Նշենք, որ Արմավիրի մարզի երեք՝ Արմավիր, Վաղարշապատ և Մեծամոր քաղաքներում գործող բժշկական կենտրոններում կորոնավիրուսով վարակված հիվանդներ չկան: Չունեն նաև հրահանգ առանձնացնելու հիվանդասենյակներ, որպեսզի հարկ եղած դեպքում հիանդներին տեղում մեկուսացնեն և ապահովեն ընթացիկ բուժումը: Միայն արձանագրում են կասկածելի դեպքերը, ժամանակավոր մեկուսացնում են և կապ հաստատում Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հետ: Հաստատված ախտորոշմամբ հիվանդի հետագա բուժումն ապահովվում է Երևանում՝ անկախ նրանից, թե հիվանդությունն ինչ բարդության է:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի՝ այս պահին հրապարակած տեղեկատվության համաձայն, Արմավիրի մարզում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 52 դեպք: Թիվը ցանկացած պահի կարող է փոխվել:

«Մեծամոր» ԲԿ-ի բուժական գծով փոխտնօրեն Պավել Մկրտչյանն էլ ասաց, որ կորոնավիրոսուվ վարակված հիվանդներ թեև իրենց մոտ չեն բուժվում, սակայն, եթե դիմում են կասկածելի հիվանդներ, որպես առաջնային օղակ մեկուսացնում են նրանց և ցուցաբերում առաջնային բուժօգնություն:

«Այս պահին ունենք առանձին մեկուսացված երկու սենյակ՝ կորոնավիրուսով վարակված հիվանդի առաջնային բուժօգնության համար, բայց հետագա բուժման տակտիկան վարում են Երևանում»,-նշեց Պ. Մկրտչյանը:

Մեր այցելության պահին սարքավորումներով հագեցած մեկուսացված սենյակներից մեկում հիվանդ կար, սակայն ոչ թե կորոնավիրուսով վարակված էր, այլ գլխի հետ կապված հիվանդություն ուներ:

Անդրադառնալով սարքավորումներով հագեցվածությանը, նշենք, որ Մեծամորի ԲԿ-ն ունի արհեստական շնչառության 3 սարք, որից միայն մեկն է աշխատում: Սարքերից մեկն այնքան էլ հուսալի չէ և «նեղն ընկած» ժամանակ կարող են օգտագործել վիրահատությունների ժամանակ, իսկ մյուսն արդեն 8 ամիս է՝ չի աշխատում: Պավել Մկրտչյանն ասաց, որ գործող սարքը շատ հին է, «դարն ապրած է»:

«Եթե չեմ սխալվում, 70-ականների սարքավորում է: Այլ խոսք լինել չի կարող, որ կարիք ունենք նոր սարքավորման, բոլորս էլ կերազեինք ժամանակակից սարքավորումներով աշխատեինք: Կարծում եմ՝ այդ սարքը բժշկին առաջին օգնող սարքն է, գործը բավականին հեշտացնում է»,-ասում է Պավել Մկրտչյանը:

Հիշեցնենք, որ «Հետք»-ի հրապարակումից հետո Մեծամոր ԲԿ-ի շարժական ռենտգեն սարքն ուղարկվել է Վաղարշապատի պոլիկլինիկա: Այժմ Մեծամորում մեկ ռենտգեն սարք կա, որով և' թոքեր են նկարում և' վնասվածքաբանների համար է այն ծառայում: Պավել Մկրտչյանը փաստեց, որ հիվանդանոցում տեղակայված «անշարժ» ռենտգեն սարքը ևս շատ հին է՝ 1974 կամ 1976 թվականի արտադրության:

«Ժամանակակից տեխնոլոգիան հնարավորություն է տալիս տեղեկատվությունն արտաբերել մոնիտորի վրա, բժիշկը մոնիտորի վրա ակնառու տեսնում է պատկերը, նոր հարկ եղած դեպքում արտաբերվում է ստվարաթղթի վրա: Ռենտգեն սարքը, որը մենք ունենք, մոնիտորի հնարավորություն չունի, արտաբերվում է ստվարաթղթի վրա և դրանից հետո միայն տեսանելի է լինում բժիշկի համար: Հենց սա արդեն կարող է իր բացթողումներն ունենալ՝ պայմանավորված սարքի տարիքով, բժշկի համար էլ դժվար է լինում, որ ժամանակ է կորցնում, ծախսերն են շատ և այլն»,-ասում է Պ. Մկրտչյանը: Իսկ ֆլյուրոգրաֆ սարքն արդեն մեկ տարուց ավելի չի աշխատում, այնքան հին է, որ չեն կարողանում պահեստամաս գտնել վերանորոգելու համար:

Արմավիր ԲԿ. «Այս պահին մեկուսացված սենյակներ չունենք, մեզ նման ցուցում չի էլ եղել»

Արմավիր բժշկական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Բարեղամյանն ասաց, որ մինչ այսօր ոչ մի մեկուսացված, ինքնամեկուսացված բժիշկներ, աշխատակիցներ չունեն, քանի որ վերջիններս չեն առնչվել վարակակիր որևէ հիվանդի հետ:

Տնօրենի պաշտոնակատարը նշեց, որ ունեն համեմատաբար նոր ռենտգեն ապարատ, անհրաժեշտ սարքավորումներ և հարկ եղած դեպքում կարող են վարակակիր հիվանդներին, որպես առաջնային հաստատություն, սպասարկել:

 «Հիմնական խնդիրը թոքերի արհեստական շնչառության սարքերն են, որը մենք այս պահին 2 հատ ունենք, մեկն էլ ժամանակավոր օգտագործման համար տվել ենք  Առողջապահության նախարարությանը: Օգտագործվող սարքեր են, հիվանդանոցը ստացել է 2010թ-ին, երբ կապիտալ վերանորոգվել է: Սարքերի թիվը չեմ կարող հիշել, կարող է տարեթվով հին են, բայց որ ստացել ենք՝ չօգտագործված են եղել: Նախարարությանը տված սարքը 2018 կամ 2019թ-ի սարք էր»,-ասաց Ս. Բարեղամյանը:

Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը թեև չի կարծում, որ հիվանդների մեծ հոսք կունենան, սակայն եթե նման բան լինի, մտահոգություն ունի, որ չեն կարողանա մեկուսացումն ապահովել: Նա տեղեկացրեց, որ հիվանդանոցի տարածքում ինֆեկցիոն բաժանմունք չունեն, վարձավճարով օգտագործում են Մեծամոր ԲԿ-ի մասնաշենքերից մեկը, որտեղ էլ տեղակայված է ինֆեկցիոն բաժանմունքը:

«Տիպային շենք է, ընդամենն ընդունարանին կից ունենք մեկուսարան, եթե կասկածելի դեպք լինի, մեկուսացնենք: Այս պահին մեկուսացված սենյակներ չունենք, մեզ նման ցուցում չի էլ եղել: Մեր կառուցվածքն էլ թույլ չի տալիս»,-հավելեց Ս. Բարեղամյանը: Նրա տեղեկացմամբ, ոչ մի մարզային հիվանդանոց չունի մեկուսացման հնարավորություն, եթե չկա առանձին ինֆեկցիոն մասնաշենք:

Թեև մեկուսացված սենյակներ չկան, սակայն տնօրենն ասաց, որ սուր շնչառական հիվանդների համար ունեն առանձին հիվանդասենյակներ, հարկ եղած դեպքում հնարավոր է դրանք օգտագործել:

«Արմավիր» ԲԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը նշեց, որ մարդանց մոտ անտեղի տագնապ կա, և ապատեղեկատվությունը շատ վատ ազդեցություն է ունենում մարդկանց հոգեբանության վրա: Նա բերեց մեկ օրինակ, որ Արմավիր քաղաքում դեղատներից մեկը փակվել է արդեն մեկ շաբաթ, երեկ ամբողջ քաղաքում լուր է տարածվել, թե սեփականատերերը մասնակցել են Էջմիածնի հայտնի նշանադրության արարողությանը, վարակվել ու մահացել են:

«Հենց այդ տագնապով գալիս են 37 ու քանի ջերմությունուվ ու ասում են, թե վախենում եմ, կարո՞ղ ենք թեստավորվել, նշում են, թե Էջմիածնում են եղել և այլն: Բայց եթե հիվանդի հետ շփում չեն ունեցել, անհանգստանալու բան չկա, Էջմիածին գնալ չի նշանակում պարտադիր վարակվել: Ընդհանուր առմամբ, շատ հիվանդներ չկան, նախորդ տարիների համեմատ ավելի քիչ են դիմում, երևի արտակարգ դրության պատճառով տնից դուրս էլ չեն գալիս, քիչ են վարակվում շնչառական հիվանդություններով»,-ասաց Սամվել Բարեղամյանը:

Էջմիածնի հիվանդանոցի ցավոտ կողմը հին սարքավորումներն են

Այլ ինֆեկցիոն հիվանդների համար փակ է «Վաղարշապատի հիվանդանոց» ՓԲԸ-ի ինֆենկցիոն բաժանմունքը, որպեսզի կորոնավիրուսի կասկածի դեպքում հիվանդները մեկուսացվեն բաժանմունքում: Մեկուսացումից հետո կատարվում է նմուշառում: Հիվանդությունը հաստատվելուց հետո հիվանդին տեղափոխում են Երևան:

Ձևափոխվել է նաև հիվանդանոցի ընդունարանը: Մեկուսարանը վերջին սենյակից բերել են սկիզբ, որպեսզի, եթե կասկած լինի վիրուսով վարակման դեպքի, հիվանդն ամբողջ միջանցքով չքայլի, հենց մուտքի մոտ բժիշկը զննի և կատարի անհրաժեշտ գործողությունները:

«Վաղարշապատի հիվանդանոց» ՓԲԸ-ի տնօրենի բուժական գծով տեղակալ Մելիքսեթ Կոնդյանը ևս նշեց, որ իրենք կորոնավիրուսով վարակված հիվանդներին բուժելու լիազորություն չունեն: 

Մ. Կոնդյանն ասաց, որ ինֆենկցիոն բաժանմունքն ունի 10-ից ավելի մահճակալ, որոնք այս պահին ամբողջությամբ զբաղված չեն, հոսքը պակասել է, և հարկ եղած դեպքում կարող է ծառայել հիվանդներին մեկուսացնելու նպատակով:

Խոսելով սարքավորումների մասին՝ Մ. Կոնդյանը խորը շունչ քաշեց ու շարունակեց. «Դուք նկատեցիք սարքավորումները, ինչը մեր հիվանդանոցի ցավոտ կողմն է: Մեր հիվանդանոցը նախորդ տարի ներառվել է վերանորոգման և վերազինման ծրագրերում: Մենք ապահովված չենք սարքավորումներով: Դուք տեսել եք ռենտգեն սարքը, մնացածը»:

Հարցին, թե քանի՞ տարվա արտադրության է հիվանդանոցի ռենտգեն սարքը, փոխտնօրենը ժպտալով պատասխանեց. «Նախնադար»: Ապա հիշեց, որ 1980-ականների սաքավորում է:

«Այժմ ունենք արհեստական շնչառության երկու սարք: Չէի ասի՝ նորագույն են, բայց ընթացքի համար բավարար է: Իսկ առողջապահության նախարարությանը տրամադրել ենք մեկ սարք, որն անցյալ տարի Չինաստանից էինք ստացել, նոր ու ժամանակակից սարք էր: Ամոթ էլ կլիներ, որ այդ սարքը չտրամադրեինք նախարարությանը»,-հավելեց Մելիքսեթ Կոնդյանը:

Արհեստական շնչառության սարքերից մեկը տեղադրվել է առաջին հարկում, որպեսզի կարիքի դեպքում արագ օգտագործվի:

Հավելենք, որ այցելելով երեք բժշկական կենտրոններն էլ, նկատեցինք, որ մուտքերի մոտ տեղադրված էին ախտահանիչ նյութեր, իսկ ներսում կրում էին դիմակներ, ձեռնոցներ, պաշտպանիչ խալաթներ: Սահմանափակված էր այցելուների հոսքը: 

«Մեծամոր» ԲԿ-ի տնօրեն Միքայել Վանյանը հեռախոսով փոխանցեց, որ դիմակներով, ախտահանիչ նյութերով իրենց աջակցել է Արմավիրի մարզպետարանը: Գնման համար մրցույթ էին հայտարարել, ինչը ուշացել է, և օգնության է հասել մարզպետարանը:

Նկատեցինք, որ երեք հիվանդանոցներն էլ չունեին էլեկտրոնային ջերմաչափեր: «Արմավիր» ԲԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն ասաց, որ ցանկացել են գոնե նմանատիպ երկու ջերմաչափ գնել, սակայն չեն կարողացել գտնել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter