HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Էդմոն Մարուքյան. «Ամբողջ Կառավարությունը, իշխող խմբակցությունն ունեն Signal, Viber, WhatsApp և դրանցով են երկրի ներսում խոսում»

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դեմ է քաղաքացիների հեռախոսազանգերը վերահսկող Կառավարության առաջարկին:

Այս մասին իր ելույթում նշեց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Պատգամավորի խոսքով` այս փոփոխություններով սահմանափակվելու են ՀՀ միլիոնավոր քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները: Մարուքյանն ընթերցեց նախագծով առաջարկվող շահառուների շրջանակը, ըստ որի՝ ստուգված, թեստավորված, վարակակիր անձի, հիվանդության ախտանիշներ ունեցող անձի, հիվանդացած, բուժվող անձի, հիվանդի հետ շփում ունեցած բոլոր կոնտակտավոր անձանց հեռախոսազանգերը վերահսկվելու են:

«Ըստ էության, սա վերաբերում է մեր բոլոր քաղաքացիներին, թող ոչ ոք չմտածի, որ ինչ-որ մեկին է վերաբերվում, ում մոտ հիվանդությունն ախտորոշվել է և մեկուսացված է: Ընդ որում, եթե անձն ախտորոշված և մեկուսացված է, էդ օրվանից սկսած հսկողության առումով խնդիր չեմ տեսնում: Ես խնդիր եմ տեսնում այն դեպքերում, երբ մարդը չգիտի, որ կարող են հետ գնալ իր բոլոր կոնտակտներով` ում հետ է շփվել, ուր է եղել, ում հետ է խոսել, էդ բոլորը ստուգել»,-ասաց Մարուքյանը:

Ըստ պատգամավորի` նախաձեռնությունը միգուցե արդյունավետ լիներ այն պարագայում, երբ երկրում մեկ վարակակիր կար, սակայն այժմ, երբ վարակվածների թիվը 482 է, նման կարգավորումն անիմաստ է:

«Ու բերել քաղաքացիների իրավունքների սահմանափակող առաջարկ, նման իրավիճակում անընդունելի է... Դարերով պայքարի արդյունքում ընդունված մարդկանց ազատություններն ու իրավունքները չենք կարող զիջել»,- ասաց նա:

Մարուքյանի խոսքով` նաև ահռելի շատ գումար է անհրաժեշտ նման քանակի տվյալները հավաքագրելու, դրանք մի մարմնից մյուսը փոխանցելու համար: Ըստ նրա` նման նախագծերի փոխարեն ավելի լավ կլիներ Կառավարությունը սոցիալական վատ իրավիճակում հայտնված այն քաղաքացիների մասին մտածեր, որոնք Կառավարության ավելի վաղ ընդունած որևէ սոցիալական աջակցության փաթեթում չեն կարող ներառվել, ինչպես, օրինակ, վարձով բնակվողները, որոնք վարձը չվճարելու պատճառով անօթևան մնալու վտանգի առաջ են:

«Երբ հարց կհնչի, որ չեք վստահում, դա ի չարս չի օգտատործվի և այլն, վստահեք, ես կասեմ` ամբողջ Կառավարությունը, իշխող խմբակցությունն ունեն Signal, Viber, WhatsApp և դրանցով են երկրի ներսում խոսում, բա դուք չեք վստահում ձեր համակարգերին: Մենք էս նախագծին դեմ ենք, ինչպես ասաց առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահը, այն զրոյական ազդեցություն ունի վիրուսի տարածումը կանխելու համար»,- եզրափակեց Մարուքյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter