HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Նախարարը վստահեցնում է`արտակարգ դրության ավարտից հետո հավաքագրված տվյալները ոչնչացվելու են

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկում է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքների փաթեթում փոփոխություն կատարելու նախագիծը, որով առաջարկվում է հեռախոսային խոսակցությունները վերահսկվել լիազոր մարմնի կողմից` կորոնավիրուսի համաճարակը կանխելու համար:

Նախագծերի փաթեթը, ինչպես և առաջին ընթերցման ժամանակ ներկայացրեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Նախարարի խոսքով` երեկ հետևել է սոցիալական ցանցերում առաջարկի վերաբերյալ արված քննադատություններին, որոնք այնքան էլ հաճելի չեն եղել, սակայն նախարարին ուրախացրել է այն, որ քաղաքացիներն ամենայն լրջությամբ են վերաբերվում իրենց իրավունքներին ու պատրաստ չեն զիջել դրանք:

«Սա նշանակում է, որ բոլոր ջանքերը պետք է գործադրենք որպեսզի համոզենք մարդկանց` իրավունքների սահմանափակումը համաճարակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում է միայն լինելու: Արտակարգ դրության ավարտից հետո այն չի գործելու, և ուզում եմ շեշտել` որևէ նոր տվյալ չի մշակվելու, պարզապես օպերատորների մոտ առկա տվյալները հավաքագրվում են մեկտեղում: Արտակարգ դրության ավարտից հետո մեկտեղված տվյալները ենթակա են լինելու ոչնչացման, իսկ հեռախոսային խոսակցությունների բովանդակության բացահայտում չի լինելու»,- ասաց Ռուստամ Բադասյանը:

Նախարարի խոսքով` առաջարկվող նախագծով զանգի փաստն անհրաժեշտ է պոտենցիալ վարակակիրների շրջանակը պարզելու համար, իսկ տեղորոշումը, որպեսզի միմյանց հետ շատ շփվանց անձանց` պոտենցիալ վարակակիրների տեղանքը պարզելու համար: Եթե միմյանց հետ շփված անձինք նույն տեղանքում են եղել, ուրեմն հավանականությունը մեծ է, որ նրանք վարակվել են և միջոցներ է պետք ձեռնարկել նրանց մեկուսացնելու համար: Եթե միմյանց հետ շփված պոտենցիալ վարակակիրների տեղանքների միջև հեռավորությունը մեծ է, օրինակ` մի քաղաքից մեկ այլ քաղաք, ապա նրանց մեկուսացնելու կարիք չկա:

Բադասյանն անդրադարձավ ընդդիմադիրների այն քննադատություններին, որ առաջարկն ուշացված է: Ըստ նրա` ավելի վաղ չէին կարող նման փոփոխություն հեղինակել, քանի որ ըստ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) նախադեպի, նման իրավունքների սահմանափակումը պետք է լինի վերջին միջոցը, այսինքն կանխարգելիչ բոլոր միջոցները պետք է սպառված լինեն:

Բադասյանը պնդեց, եթե վստահ չլիներ, որ այս փոփոխությունը կարող է կյանքեր փրկել, ապա Կառավարությունը հետ կկանչեր նախագիծը:

Նախարարի խոսքով` առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ փոփոխություններ են եղել, որոնց համաձայն բացառվել է հեռախոսազանգի ավարտի մասին տվյալներ ստանալու հնարավորությունը, ինչպես նաև բացառվել է ապաանձնավորված տվյալները պահպանելու հնարավորությունը, իսկ հավաքագրված տվյալները արտակարգ դրության ավարտից հետո ոչ ուշ, քան մեկ ամիս անց պետք է ոչնչացվեն:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նազելի Բաղդասարյանը ներկայացրեց հանձնաժողովի եզրակացությունը:

Պատգամավորն անդրադարձավ դեռ նախօրեից աղմկուկ բարձրացրած նախագծին` հավելելով, որ տարակարծություններ կային նաև պատգամավորների մոտ, այդ թվում` քաղաքական մեծամասնության: Պատգամավորն ընդգծեց` մարդու իրավունքների սահմանափակումն անթույլատրելի է, սակայն պետք է հաշվի առնել, որ այս փոփոխության առաջարկն արվում է արտակարգ դրության ռեժիմի պայմաններում: Բաղդասարյանի խոսքով` մարդու իրավունքների սահմանափակումը կարող է տեղի ունենալ, երբ ֆիքսված է սահմանափակման ժամկետը: Փոփոխություններով հստակեցվել է` արտակարգ դրության ավարտից հետո ոչ ուշ, քան մեկ ամիս անց տվյալները ոչնչացվելու են: Հանձնաժողովը նախագծին տվել է դրական եզրակացություն:

Հիշեցնենք, որ նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է 57 կողմ, 24 դեմ և 1 ձեռնպահ ձայներով. կողմ է քվեարկել միայն քաղաքական մեծամասնությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter