HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փակված գրասենյակներ, չեղարկված թռիչքներ. ինչպես են աշխատում տուրիստական գործակալությունները

Հայաստանում կորոնավիրուսի տարածումից հետո չեն գործում նաև տուրիստական գործակալությունները: Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանն  օրեր առաջ հայտնեց, որ Հայաստանում զբոսաշրջային այցելությունների քանակը խիստ նվազել է։ «Հետքը» կապ է հաստատել 8 տուրիստական գործակալությունների տնօրենների հետ։ Վերջիններս հայտնել են, որ տուրիստական գործակալությունները դադարեցրել են աշխատանքը կամ աշխատում են տնից՝ հետաձգելով, չեղարկելով ամրագրված փաթեթները, թռիչքները։

«Ուան Վեյ տուր»

Ուան Վեյ տուր» տուրիստական գործակալության տնօրեն Մաթևոս Բարսեղյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ մարտի 16-ից՝ արտակարգ դրություն հայտարարելուց հետո, դադարել են աշխատել:

Մաթեւոս Բարսեղյանը ասաց, որ մարտ ամսվա համար վարձատրելու են աշխատակիցներին, իսկ ապրիլին կհետեւեն կառավարության աջակցման ծրագրերին։

«Մեր աշխատանքը սեզոնային է ու հիմնականում սկսվում է մարտ-ապրիլ ամիսներից, երբևէ չենք մտածել, որ կարող է ստիպված լինենք աշխատանքի սեզոնային ամիսներին էլ չաշխատել, դրա համար էլ նախօրոք տնտեսած գումարներ չունենք»,- ասում է ընկերության տնօրենը:

«Անի տուր»

Դեպի Արևմտյան Հայաստան, Կիլիկիա և Արցախ պատմական շրջագայություններ կազմակերպող «Անի տուր» ընկերությունը եւս դադարեցրել է աշխատանքը։

Ընկերության տնօրեն Դավիթ Արուշանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ  մարտի սկզբին, երբ երկրում գրանցվեցին կորոնավիրուսի վարակվածության առաջին դեպքերը, «Անի տուրը» գրեթե դադարել է աշխատել, քանի որ չկար պահանջարկ, իսկ նախօրոք կազմակերպված տուրերը ստիպված էին չեղարկել: «Դադարի շրջանում, մեր աշխատակիցները ինքնակրթությամբ են զբաղվում, նոր մտքեր ու գաղափարներ ենք փորձում ստեղծել։ Կսկսենք աշխատել արտակարգ դրության ավարտից հետո, բայց ոլորտը ավելի ուշ կվերականգնվի, քանի որ մարդիկ միանգամից չեն դիմի գործակալություններ շրջագայության մեկնելու համար։ Քննարկումների մեջ ենք տուրիզմի ֆեդերացիայի նախագահի հետ»,- ասաց Դավիթ Արուշանյանը: Ընկերությունը աշխատողներին կվարձատրի աշխատավարձի կեսի չափով։

 

«Սքայ տուր»

Այս գործակալությունը 13-րդ օրն է՝ փակել է գրասենյակի դռները, օրվա ընթացքում նախապես ամրագրումներն են չեղարկում։ «Մեծ մասամբ զբաղվում ենք ավիաընկերություններից տոմսերի գումարների պահանջով», - ասում է գործակալության կոմերցիոն տնօրեն Ալեքսանդր Միրաքյանը՝ հավելելով, որ պետությունից ակնկալում են առավել խիստ կարանտինային պայմանների իրականացում։

«Վստահ ենք, որ առաջնային քայլը այս ոչ հեշտ պայքարի մեջ, դա է։ Աշխարհն այլեւս հինը չի լինելու, եւ բոլորս պետք է համակերպվենք այս նոր աշխարհի հետ», - ասում է «Սքայ տուր» գործակալության կոմերցիոն տնօրեն Ալեքսանդր Միրաքյանը։

«Էկոնոմ տուր»

«Արտագնա տուրիզմը կանգնել է, զրոյական մակարդակում է, վաղ ամրագրումների հետ կապված խնդիրներ կան. մարդիկ գումարներ են վճարել մայիս, հունիս, հուլիս ամիսների համար։ Կանխավճարները մենք մեզ մոտ չենք պահում, ուղարկում ենք մեր գործընկերներին՝ հյուրանոցներին»,- ասում է «Էկոնոմ տուր» տուրիստական գործակալության տնօրեն Դավիթ Տաշչյանը։

Նա նշում է, որ այժմ դադարել է նաև ներգնա տուրիզմի պահանջարկը, կասեցվել է վիզաների տրամադրումը, դեսպանատներն ու սահմանները փակ են։ Այս գործակալությունը աշխատում է հիմնականում դեպի Չինաստան եւ Դոմինիկյան Հանրապետություն ուղղություններով։

«Էկոնոմ տուր» գործակալությունը երկու աշխատող ունի։ Տնօրենն ասում է աշխատողներին վճարելու է ⅔ -ի չափով։

«Պետությունից ակնկալիքն այն է, որ որոշակի աջակցություն ցույց տան, որպեսզի բիզնեսը վերջնականապես չմահանա։ Այս ոլորտը էն ոլորտն է, որ առաջինն է իր վրա վերցրել ամբողջ ծանր հարվածը եւ մենակ չի կարող տակից դուրս գալ», - ասում է Տաշչյանը։ 

«ՕԿ տուր»

«Օկ Տուրի» հիմնադիր Ոսկան Մինասյանը «Հետքի» հետ զրույցում նշում է, որ արդեն 10 օր է՝ գրասենյակը փակել են, գործակալության 3 աշխատակիցները տնից են աշխատում, չեղարկում են նախապես ամրագրված թռիչքները։ Մինչեւ արտակարգ դրություն հայտարարելը ավիատոմսեր են վաճառել թե’ եվրոպական, թե’ արաբական երկրներ ուղղություններով։

Այն հարցին՝ աշխատողները վճարվելու են, ընկերության հիմնադիրն ասաց, որ հնարավորություն գրեթե չկա. «Ենթադրենք մարտ ամսվա համար վճարեցի, լավ իսկ դրանից հետո...»։

«ՏՈՒԿ»

Դսեղում գտնվող «Տուրիզմի ուրույն կենտրոն» (ՏՈՒԿ) ճամբարային բազան եւս դադարեցրել է հանդիպումները եւ հյուրերի ընդունման պլանավորումները։

Ճամբարային բազան աշխատում է սեզոնային՝ մայիս-հոկտեմբեր ամիսներին, իսկ մյուս ամիսները համարվում են նախապատրաստական։ «Պլանավորված էր, որ այս շրջանում պետք է հանդիպումներ լինեին ենթադրյալ շահառուների հետ, ուսումնական հաստատություններում պետք է հյուրընկալվեինք և ներկայացնեինք մեր առաջարկները, և այս ժամանակահատվածի աշխատանքից է մեծապես կախված տարվա ընթացքում հյուրերի քանակը։ Պատվերների քանակը նախորդ տարվա համեմատությամբ նվազել է», - ասում է «ՏՈւԿ»-ի համակարգող Արտաշես Սերգոյանը։

«ՏՈւԿ»-ը սոցիալական ձեռնարկություն է, նպատակներից մեկը համայնքի զարգացումն է։

Ըստ Արտաշեսի՝ սկսնակ ծրագրերն էլ զգալու են առաջացած դժվարությունները։ «Շատ ցանկալի կլիներ պետության կողմից առանձնակի մոտեցումը։ Մտածում եմ, որ այս իրավիճակից հետո «ՏՈւԿ»-ի նման հանգստի գոտիների պահանջարկը կմեծանա», - խոսքը եզրափակում է Արտաշես Սերգոյանը։

«Արմենիա թրավել»

Հայաստանում գործող ամենահին եւ աշխատակիցների մեծ թիվ (49 աշխատող) ունեցող ընկերություններից «Արմենիա թրավելը» ևս փակել է գրասենյակների դռները։ Աշխատակիցների մի մասը արտակարգ դրություն հայտարարելուց հետո արձակուրդ է վերցրել, մի մասը աշխատել է կես դրույքով։  «Արմենիա թրավել» ՍՊԸ-ի տնօրեն Հայկ Գրիգորյանը վստահեցնում է՝ բոլոր աշխատողները ստանալու են աշխատավարձեր, կրճատումներ չեն արվել։

«Չգիտենք՝ ինչ պետք է անել, որովհետեւ դեռ պարզ չէ, թե ինչ է լինելու, եթե իմանանք, որ մեկ ամսից բնականոն կյանքին կանցնենք, կանենք, բայց ոչ մեկին պարզ չէ, թե ինչքան կտեւի, եւ երբ կսկսենք լիարժեք աշխատել», - ասում է ընկերության տնօրենը։ Գործակալությունը աշխատում  է 4 ուղղություններով՝ ներգնա, արտագնա տուրիզմ, բեռնափոխադրումներ, ավիատոմսերի վաճառք։

Ըստ տնօրենի՝ ներգնա տուրիզմն ընկերության աշխատանքի 70-80 % է կազմում, այս տարվա մարտ, ապրիլ եւ մայիս ամիսների համար բոլոր ամրագրումները չեղարկել են։ Զբոսաշրջիկների հիմնական մասը գալիս է Եվրոպայից։

«Մենք ունենք մինչեւ տարեվերջ վաճառված փաթեթներ։ Հիմա անորոշություն է, չենք կարող ասել՝ հունիսի, հուլիսի, թե օգոստոսի փաթեթները կչեղարկվեն», - ասում է գործակալության տնօրենը՝ հավելելով, որ արտագնա տուրիզմի համար ուղեւորափոխադրումները չեղարկել են։ Ըստ նրա ՝ավիատոմսերի վաճառք չնչին քանակով է իրականացվում։

Հայկ Գրիգորյանն ասում է՝ երկու ամիս կկարողանա սեփական ֆոնդից վճարել աշխատավարձը, գոյացված հարկերը, կոմունալները, տարածքի վարձակալության վճարները։ «Այնուհետեւ մեր կուտակված միջոցներն էլ կսպառվեն, եւ ես նույնիսկ չեմ պատկերացնում ինչ պետք է անել», - ասում է Հայկ Գրիգորյանը։ 

«Սաննի տուր»

Այս ընկերության տնօրեն Մերի Սապոնջյանն առաջարկում է, որ հաճախորդները հետաձգեն տուր փաթեթներն ամբողջությամբ չեղարկելու փոխարեն։ «Եթե բոլորը հետ վերցնեն իրենց գումարները, ավիաընկերությունները, գործակալությունները կսնանկանան, կկանգնենք փակուղու առաջ», - ասում է Մերին՝ հավելելով, որ հույս ունի՝ պետությունը կաջակցի գործակալություններին։

Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահը պնդում է՝ չպետք է որեւէ սուբյեկտի աչքաթող անել

Տուրիստական ընկերությունների կրած վնասների մասին «Հետքը» զրուցել է նաև Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանի հետ։ Նա «Հետքի» հետ զրույցում նշեց, որ տուրիզմի ոլորտն այս պայմաններում ամենախոցվածն է:

«Անգամ արտակարգ դրության ավարտից հետո ոլորտը վերականգնելու համար երկար ժամանակ պետք կլինի, կարևոր է, որ բանկերը իրական վարկային արձակուրդ տան, սուբսիդավորում լինի, տոկոսների նվազեցում, եթե որպես տնտեսության ճյուղ ցանկանում ենք պահել զբոսաշրջությունը, պետք է պետության կողմից որոշակի արտոնություններ տրվեն։ Պետք է այնպես անենք, որ զբոսաշրջության ոլորտը կարգավորող ոչ մի սուբյեկտ աչքաթող չլինի, տուրիստական գործակալությունների և կառավարության հետ մշտապես քննարկումների մեջ ենք»,- նշեց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահը:

Հիշեցնենք, որ Կառավարությունն օրեր առաջ քննարկել է զբոսաշրջային ոլորտի սուբյեկտներին աջակցություն ցուցաբերելու ծրագրեր:

Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter