HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Երևան-Զովունի անցակետում ամառանոց մեկնող քաղաքացիներից սեփականության վկայական են պահանջում

Մայրաքաղաք Երևանի հյուսիսային հարևաններից մեկը Կոտայքի մարզի Եղվարդ համայնքն է, մասնավորապես համայնքի մեջ մտնող Զովունի գյուղը, որտեղ ևս, ինչպես Երևանի մյուս մուտք ու ելքերում, ապրիլի 1-ին անցակետ է տեղադրվել, և իրականացվում է ոստիկանական հսկողություն:

Անցակետերը տեղադրված են Զովունու նախկին խաղատների հարևանությամբ: Երբեմնի խաղատները հիմա վերածվել են կա՛մ սգո սրահների, կա՛մ գիշերային ակումբների և մոթելների: Լուսանկարում պատկերված տեսարանը ճանապարհի այս հատվածի համար նորություն չէ, քանի որ այստեղ հաճախակի են մեքենաների կուտակումներ լինում: Հոգեհանգստի արարողությունների ժամանակ, իսկ դրանք գրեթե ամեն օր լինում էին, ճանապարհը մի քանի րոպե շարունակ խցանվում էր: Դրան նպաստում է նաև ասֆալտի անբարվոք վիճակը. այստեղ մինչև կես մետր լայնությամբ և մեծ խորությամբ փոսեր կան:

Զովունիում տեղադրված անցակետում Երևան մեկնող ավտոմեքենաները քիչ էին, կուտակումներ չէին լինում, ինչը չի կարելի ասել Երևանից եկող մեքենաների դեպքում, որոնց շարքը հասնում էր մինչև Արտակարգ իրավիճակների նախարարություն տանող ճանապարհի խաչմերուկ:

Երևանից եկող քաղաքացիների մեջ շատերը գնում էին իրենց ամառանոցներ գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու, սակայն եթե նրանք չէին ունենում այդ ամառանոցի սեփականության վկայականը, ապա ոստիկանները չէին թույլատրում մուտքը: Անցակետում հսկողություն իրականացնող ոստիկանության մայորը մեզ ասաց, որ իրենք չեն կարող համոզված լինել, թե քաղաքացին իսկապես ամառանոց ունի՞ և գնու՞մ է այնտեղ, թե՝ ոչ, և հենց այդ պատճառով են պահանջում անշարժ գույքի սեփականության վկայականը:

Նրա խոսքով՝ այս երեք օրվա ընթացքում անցակետում միջադեպեր չեն գրանցվել: Այն քաղաքացիները, որոնց մուտքը կամ ելքը չի թույլատրվել, հոժարակամ ենթարկվել են ոստիկանության պահանջներին:

Զովունուց Երևան մուտքի անցակետում հսկողություն իրականացնող ոստիկանն էլ ասաց, որ մեքենաների մեջ շատ են տաքսի ծառայության ավտոմեքենաները, որոնց հոսքը ակտիվացել է՝ միջմարզային տրանսպորտի բացակայության արդյունքում: Երևան մտնել թույլ են տալիս նաև աշխատանքի գնացողներին և դեղատներից գնումներ կատարողներին, եթե քաղաքացիները ցույց են տալիս իրենց հիվանդության պատմության փաստաթուղթը:

Հիշեցնենք, որ մարտի 16-ին կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված Հայաստանում հայտարարվեց արտակարգ դրություն, իսկ ապրիլի 1-ին պարետի որոշմամբ՝ սահմանափակվեց միջմարզային տեղաշարժը: Ապրիլի 3-ի տվյալներով՝ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 736-ի, որոնցից 43-ն առողջացել են, իսկ 7-ը՝ մահացել: Փաստացի բուժվողների թիվն էլ 686 է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter