HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի մոդուլային ընդունարանը կառուցած աշխատակիցները դեռ չեն վճարվել

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի մոդուլային ընդունարանի արտադրության պետ Հովհաննես Խաչատրյանն ասում է, որ մոդուլի կառուցման աշխատանքները կատարած «Արտկոն» ՓԲԸ-ի տնօրեն Դավիթ Ղազարյանը հրաժարվում է վճարել աշխատակիցների աշխատավարձերը:

Մարտի 18-ին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը իր ֆեյսբուքյան էջում լուսանկար հրապարակեց՝ տեղեկացնելով, որ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում «լայն թափով ընթանում են» մոդուլային ընդունարանի կառուցման աշխատանքները, և 3-4 օրում կառուցվելու է 40 նոր պալատ: Երկու շաբաթ անց՝ ապրիլի 2-ին, նախարարը տեսանյութ հրապարակեց և հայտնեց, որ 10 օրում կառուցված 42 սպասասենյակ ունեցող մոդուլը պատրաստ է իրենց ախտորոշմանը սպասող քաղաքացիներին ընդունել:

Սակայն պարզվում է, որ «Արտկոն» ՓԲԸ-ի 25 աշխատակիցները մարտ ամսվա աշխատավարձը դեռ չեն ստացել, և ըստ արտադրամասի պետ Հովհաննես Խաչատրյանի՝ ընկերության տնօրենը հրաժարվում է աշխատավարձերը տալուց:

Մեզ հետ զրույցում Հովհաննես Խաչատրյանը, որն «Արտկոն» ՓԲԸ-ում աշխատում էր այս տարվա փետրվարից, ասաց, որ ապրիլի 6-ին աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել: Ըստ նրա՝ ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանը ձգձգել է աշխատավարձերի վճարումը, իսկ այնուհետև կտրականապես հրաժարվել է:

«Ասել ա՝ գնացեք, ում ուզում եք՝ դիմեք, աշխատավարձ չկա տալու: Մեր բոլոր աշխատակիցների հետ խոսել եմ, բոլորն էլ դժգոհ են, բայց չեն ուզում դրա մասին բարձրաձայնել, չեն ուզում վատամարդ դուրս գալ: Երկու հատ փոքր երեխա ունեմ տունը, աշխատել ենք էն հույսով, որ գումար վաստակենք, հետո կարողանանք հանգիստ նստենք տանը, բայց կտրականապես ոչ մի բան»,- նշում է արտադրամասի պետը:

Հովհաննես Խաչատրյանը պատմում է, որ մոդուլի կառուցման համար օրուգիշեր գործ են արել, տաքսիներով են գնացել աշխատանքի, քանի որ հանրային տրանսպորտը չի գործել:

«Այսքան չարչարվես, աշխատես, որ հետո գան, ասեն՝ ում ուզում եք, բողոքեք: Նույն խնդիրը 20 օր առաջ էլ եղավ, ուզում էի դուրս գալ, բայց ընկերության հիմնադիրը զանգեց, ասաց, որ մնամ: Ճիշտն ասած, եթե այդ ժամանակ դուրս գայի, նրանց փաստի առաջ կկանգնացնեի, որովհետև մի հատ լազերային հաստոց էին բերել, ռուսները դասընթաց էին անում, միայն ես էի սովորում: Ռուսները արդեն գնում էին, ու եթե ես դուրս գայի, էդ հաստոցը անտեր էր մնալու: Մարդկային հանգամանքը հաշվի առնելով՝ հետ գնացի, սակայն արդեն երկրորդ անգամ կանգնեցի փաստի առաջ: Փետրվար ամսվա աշխատավարձը կռվով-դավով եմ ստացել»,- պատմեց Հովհաննես Խաչատրյանը:

Ըստ նրա` ապրիլի 6-ի դրությամբ ինքը պետք է ստանա 400 հազար դրամ գումար:

Հովհաննես Խաչատրյանի խոսքով՝ «Արտկոն» ՓԲԸ-ի տնօրեն Դավիթ Ղազարյանի հետ հարաբերությունները միշտ էլ լարված են եղել, և նա անհարգալից է վերաբերվել աշխատակիցներին:

«Արտկոն» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ փետրվար ամսվա աշխատավարձերը տրվել են, իսկ մարտ ամսվանը կտրվի մինչև ապրիլի 15-ը:

«Հովհաննեսի հետ հակասություն կա, թող խնդիրը ինքն իր մեջ ման գա: Մենք իրան ընդունել էինք որպես ցեխի վարիչ, չհամապատասխանեց պահանջներին: Ես փորձեցի իրեն օգնել: Մենք նոր սարք էինք ձեռք բերել՝ պլազմայով կտրող, ասեցի՝ փորձի ծրագրավորող դառնաս: Հետո սկսեց իրա պահանջները թելադրել, ու որոշեցինք հրաժարվել ծառայություններից: Ինքը փորձնական շրջանում ա եղել: Նա չի համապատասխանել իր ներկայացրածին, կոլեկտիվի հետ չկարողացավ լեզու գտնել, այդ պատճառով մենք նրանից հրաժարվեցինք»,- ասաց Դավիթ Ղազարյանը:

«Արտկոն» ՓԲԸ-ի տնօրենի խոսքով՝ աշխատավարձերը ժամանակին վճարվում են: Հարցին, թե այդ դեպքում ինչու է ընկերության աշխատակիցը դժգոհում, Դավիթ Ղազարյանն ասաց. «Մի մարդու վրա, որ ուզենաք կեղտ ման գալ, միշտ էլ կփորձեք ճարել: Ես իրան ասել եմ, որ օրենքի սահմաններում բոլոր հարցերը կլուծեմ, մինչև ամսի 15-ը կվճարեմ, իսկ ինքն ասում ա՝ հենց հիմա վճարի: Այսպես թե այնպես, գումարը վճարելու ենք»:

Հովհաննես Խաչատրյանն էլ պնդում է, որ Դավիթ Ղազարյանը չի ասել, թե մինչև ամսի 15-ը աշխատավարձերը տալու է, նշում է, որ երբ փետրվարի աշխատավարձի համար կրկին դիմել է, ստացել է այսպիսի պատասխան. «Ինչ եք արել, որ աշխատավարձ եք ուզում»:

Լրացում / 15:55

Հոդվածի հրապարակումից հետո առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրեց, որ նախարարությունը պայմանագրով նախատեսված և ընկերության կողմից պահանջված կանխավճարն ամբողջ չափով վճարել է։

«Աշխատանքներն ավարտվել են, և ներկայումս ընկերությունը պարտավորված է նախարարություն ներկայացնելու վերջնահաշվարկ՝ դրական կամ բացասական տարբերությամբ»,- նշել է Ալինա Նիկողոսյանը։

Լուսանկարները՝ Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter